The Washington Times. Հայաստանը ո՛չ ագրեսոր է, ո՛չ էլ օկուպանտ երկիր

«Իրականում, Չիրագովի դատավճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կատարել է իր առաքելությունը, այն է՝ չի թողել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ երկրում, թե դրանից դուրս, իրավական վակուումի մեջ»,-ըստ Panorama.am-ի՝ գրում է քաղաքագետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Հովհաննես Նիկողոսյանը ամերիկյան The Washington Times թերթում հրապարակված ակնարկում՝ պատասխանելով հոկտեմբերի 4-ին նույն պարբերականում Ադրբեջանի շահերի պաշտպան Ալեքսանդր Մուրինսոնի «Վերաքննելով իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում» վերնագրված հոդվածին:

Հեղինակը, մասնավորապես, գրում է.

«Մինչև որևէ մեկը Կապիտոլիոմից կպատասխանի այդ անկոչ դասախոսությանը, իմաստ ունի հստակեցնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից 1993թ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունված չորս բանաձեւերի, ինչպես նաեւ Չիրագովը եւ մյուսները ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ Մեծ պալատի վճռի վրա հղումները:

Որպեսզի ավելի քիչ ձանձրալի լինի ոչ իրավագետների համար, ՄԻԵԴ նախադեպային իրավունքը միանշանակորեն փաստում է, որ «իրավազորության գոյության հաստատման թեստը Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի շրջանակներում երբեք չի հավասարեցվել միջազգային իրավունքի տեսանկյունից միջազգայնորեն անիրավաչափ գործողության համար պետության պատասխանատվությանն առնչվող թեստին», ինչը ավելի պարզ լեզվով հերքում է այս վճռին հղումներով կատարվող այն պնդումները, որով Հայաստանին մեղադրում են ագրեսիայի կամ թշնամական օկուպացիայի մեջ: Իրականում, Չիրագովի դատավճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կատարել է իր առաքելությունը, այն է՝ չի թողել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ երկրում, թե դրանից դուրս, իրավական վակուումի մեջ:

Ինչ վերաբերում է ՄԱԿ ԱԽ չորս բանաձեւերին, ապա դրանցով Հայաստանի Հանրապետությանը միայն կոչ էր արվել «Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ ազդեցություն կիրառելու» մասով, մինչդեռ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կողմից ուղարկված փաստահավաք առաքելությունը չէր կարողացել որեւէ ապացույց գտնել՝ ռազմական գործողություններում Հայաստանի կանոնավոր զինված ուժերի մասնակցության վերաբերյալ (UN Doc. S/25600): Հայաստանը շարունակաբար հարգում է ՄԱԿ ԱԽ բանաձեւերից բխող այս միակ միջազգային պարտավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապեության «ընտրված ներկայացուցիչների» վրա խաղաղ գործընթացի առաջմղման նպատակով ազդեցություն գործադրելու միջոցով:

Ինչքան էլ դր. Ալեքսանդր Մուրինսոնը, թերևս արտաքին ազդեցության տակ, փորձում է մեզ համոզել հակառակը, այդուհանդերձ Ադրբեջանը անում է ամեն ինչ, բացի «բոլոր կանոններով խաղալուց»՝ առնվազն քաղաքակիրթ երկրներին հարիր կանոններով:

Scroll Up