Սաիթ Չեթինօղլու. 1915 թվականին կին լինել Պոնտոսում

Արևմտահայաստանի և արևմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոնը (akunq.net) ներկայացրել է թուրք հետազոտող, իրավապաշտպան Սաիթ Չեթինօղլուի ծավալուն հոդվածը՝ Հայոց ցեղասպանության ընթացքում Պոնտոսում հայերի ու մասնավորապես՝ հայ կանանց ողբերգական ճակատագրի վերաբերյալ: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

 

Օսմանյան կայսրության նվաճումից հետո Պոնտոսն արմատական փոփոխության ենթարկվեց: Սուլթանական պալատը, որ չկարողացավ թուրք քոչվորներին տարածաշրջանում տեղավորել, ձեռնամուխ եղավ ափամերձ՝ Բաթումից մինչև Սյուրմենե, Ռիզե և Օֆ տարածքներում բնակվող ուղղափառ ժողովուրդների բռնի իսլամացման քաղաքականության իրականացմանը: Բռնի իսլամացումն ամենամեծ գործոններից մեկն է, որ այլ քրիստոնյա ժողովուրդների նման` հայերը ևս այլ ազգաբնակչության հետ են միախառնվել:

 

1915 թ. Պոնտոսում հայ կնոջ մասին խոսելը համարժեք է պատմական գործընթացում վերջակետ դնելուն: Պոնտոսում հայերի գոյության վերացմամբ վերջ դրվեց նաև կանանց գոյությանը: Կանանց մեծ մասը ոչնչացվել է մահվան ճամփորդության ժամանակ, իսկ մյուս մասն էլ` գերեվարվել և տեղ գտել մուսուլմանական հարեմներում:

 

Պոնտոսի Լազիստանի գավառում 1915 թ. նախաշեմին, այսինքն՝ մինչև հայերը մահվան ճամփորդության կհանվեին, ուսումնասիրողներ Ռ. Գևորգյանն ու Պ. Փափուջյանը նշում են, որ միայն 35 հայ էր մնացել [1]: 1880-ական թթ. վերջերին տարածաշրջան այցելած Վիտալ Քուինեթն արձանագրել է, որ այստեղ 100 կաթոլիկ, 5000 ուղղափառ, ընդհանուր առմամբ` 5100 հայ է բնակվել:

 

Հանրապետական ժամանակաշրջանում 1927 թ. կատարված մանրամասն մարդահամարով հաստատվում է, որ Լազիստանի գավառում որևէ հայ չի մնացել:

 

Երբ նայում ենք 1927 թ. ամբողջ Պոնտոսի հայ կանանց պատկերին, հստակ տեսնում ենք զարգացումը: Ափամերձ հատվածում, Տրապիզոնում կրոնական պատկանելությունն անհայտ 58 հայ կին է մնացել, որոնցից 53-ի մայրենի լեզուն հայերենն է եղել, Օրդուում 59 հայ կին է եղել և 163 կանայք, որոնց մայրենին հայերենն է եղել, Գիրեսունում 1 հայ կին է մնացել, իսկ կին, որի մայրենի լեզուն հայերենն է, չկար, Սամսունում մնացել է 111 հայ կին, սակայն 121-ի մայրենի լեզուն հայերենն է եղել: Արդվինում և Գյումուշհանեում հայ կին չի մնացել, չկար նաև կին, որի մայրենի լեզուն հայերենը լիներ: Պոնտոսի ափամերձ շրջաններում որպես հայ մնացած կանանց թիվը 229 է, իսկ 337 կանանց մայրենի լեզուն հայերենն է: Հետևաբար՝ կարելի է հետևյալ եզրահանգմանը գալ. մահվան ճամփորդությունից սպրդած Պոնտոսի հայերի մոտ մեկ երրորդն իսլամացվել է: Մինչդեռ Պոնտոսի ներքին շրջաններում այս ցուցանիշն ավելի բարձր է. Ամասիայում 138 հայ կին է մնացել, և ապշեցուցիչ է, որ 596 կանանց մայրենի լեզուն հայերենն է եղել:

 

Այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ որևէ թվաքանակ կամ վիճակագրություն չի կարող ներկայացնել այս մարդկանց ողբերգությունը:

 

Նախքան պատերազմի մեջ ներքաշվելը, Եվրոպայում պատերազմի սկսվելուն պես Միություն և առաջադիմություն կուսակցության քարտուղարները Տրապիզոն են գալիս և ձեռնամուխ լինում Հատուկ կազմակերպության (Թեշքիլաթ-ը Մահսուսա) ձևավորմանը: Նախ «մահակով գավառապետ» անունը ստացած և այդ ժամանակահատվածում Ռիզեի գավառապետ Ջեմալ Ազմի բեյը Տրապիզոնի նահանգապետ է նշանակվում: «Ջեմալ Ազմի բեյի բազմաթիվ գործողությունները Հատուկ կազմակերպության հետ էին առնչվում: Եվ կասկած չկար, որ առաջիկայում էլ իրենից մեծ օգուտ էր լինելու: Այս պատճառով Ջեմալ Ազմիին Հատուկ կազմակերպության մեջ ներգրավելու որոշումից հետո նա ևս սկսում է մասնակցել Տրապիզոնի պատվիրակների ժողովներին»[2]:

 

Ռիզեի գավառապետ Սուլեյման Սամի Քեփենեքը, Գյումուշհանեի գավառապետ, Հատուկ կազմակերպության սուսերամարտիկ Աբդուլքադիր բեյը [3], բանակից հետո Գիրեսունի գավառապետ Ալի Ֆաիք Քունթը, Սամսունի գավառապետ Սուլեյման Նեջաթի Սելանը, Ամասիայի գավառապետ Սուլեյման Սըրրը Թավաթը և Սվասի նահանգապետ Մուամմեր Ջանքարդեշը, որպես հայերի մահվան ճամփորդության կազմակերպման գլխավոր դերակատարներ, համալրեցին անձնակազմը: Այս բոլոր կառավարիչները պատերազմից հետո տեղահանության փաստի կապակցությամբ բանտարկության ենթարկվեցին: Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Մալթա կղզին (Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրության ռազմական ատյանները սկսեցին հայերի կոտորածների պատասխանատուների դատաքննությունը: Մեղադրյալների մի մասը, հետագայում դատվելու նկատառմամբ, Մեծ Բրիտանիայի կողմից աքսորվեց Մալթա կղզի, սակայն Անգլիան Հայոց ցեղասպանության պատասխանատուներին ի վերջո փոխանակեց անգլիացի ռազմագերիների հետ- Ակունքի խմբ.) Նյուրնբերգի չվերածվեց:

 

Հատուկ կազմակերպության ընդունած առաջին որոշումներից մեկն է. «Օգտվել Տրապիզոնի բանտում գտնվող կալանավորներից, նրանց դուրս բերել բանտից, սպաների հրամանատարության ներքո ավազակախմբեր ձևավորել և պարագլուխ դարձնել բոլոր նրանց, ովքեր հռչակ են ձեռք բերել հատկապես ավազակությամբ զբաղվելու շնորհիվ» [4]:

 

Այսպիսով Հատուկ կազմակերպության ավազակախմբերի, այսինքն՝ իրագործող ջոկատների ձևավորումն ավարտվում է: Այս ավազակախմբերի առաջնային պարտականությունն այդ թվականներին Ռուսաստանի հովանու ներքո գտնվող Արդվինի, Արդանուչի, Կարսի և Արդահանի հայկական գյուղերը թալանելն էր: Այստեղ պարտության մատնվելով՝ Հատուկ կազմակերպության ավազակախմբերը պետության հսկողության տակ սկսում են ներքին շրջանների՝ Պոնտոսի հայերի թալանն ու կոտորածները: Սրանցից ամենաճանաչվածը Թոփալ Օսմանն է, որի պաշտոնը հասել է մինչև Չանքայայի պահակային զորագունդ:

 

1901 թ. Տրապիզոնում ծնված Շուշանիկ Հովհաննեսի Փաչաջյանը, որը 1915 թ. զուտ պատահականությամբ էր կարողացել ողջ մնալ, նկարագրում է այն ողբերգական ճամփորդությունը, որ 1915 թ. կատարվել է Մերզիֆոնից դեպի անհայտություն. «Հայրս՝ Հովհաննեսը, երեք եղբայր ուներ: Օնիկ Մախոխյանը նկարիչ Վարդան Մախոխյանի [6] ավագ եղբայրն էր: Նրանց ծնողները հարուստ մարդիկ էին և երեխաներին լավ կրթության էին տվել: Երբ հորաքույրս նշանվել է, մինչև ամուսնանալը ֆրանսերեն սովորելու համար հատուկ ուսուցիչ են վարձել, դաշնամուր են բերել տուն, որպեսզի նա նվագել սովորի: Միայն դրանից հետո է հորաքույս հարս գնացել»: Այս խոսքերը Պոնտոսի մշակութային մակարդակն են ցույց տալիս: 1905 թ. Տրապիզոնում ծնված գրող Լեոն Զավեն Սուրմելյանի «Ձե’զ եմ հարցնում, տիկնայք և պարոնայք» վերնագրով ինքնակենսագրական պատմվածքում «Ցանկանում էին, որ մենք՝ երեխաներս, մեր ընդունակությունները ցույց տայինք: Նվարդը դաշնամուր էր նվագում, Օնիկը՝ ջութակ…»[7]: Այստեղ նկարագրվածը այդ ժամանակաշրջանի առօրյան է: Դաշնամուրը Պոնտոսի միջին դասին պատկանող ընտանիքների կողմից ընդունված երևույթ է: «Թայմս» թերթի Բուխարեստի թղթակիցը, ականատեսներին վկայակոչելով, Լոնդոն փոխանցած տեղեկատվության մեջ գրում է, որ Տրապիզոնում հայերից առգրավված մի դաշնամուրը վաճառվում էր 10-15 ղուրուշով [8]: Մինչդեռ այդ թվականներին շուկայում մեկ ափսեի գինը 5 ղուրուշ էր:

 

Մերզիֆոնում (Մարզվան) սկզբնական շրջանում հայերին իսլամ ընդունելու կոչ էին անում. «Մեր քոլեջի ուսուցիչ Գյուլյանի երկու աղջիկները՝ Արմինեն ու Հրանուշն, Անատոլիա քոլեջն ավարտեցին: Աղջիկներից մեծը՝ Արմինեն, ինձ երրորդ դասարանում մաթեմատիկա է դասավանդել: Տեղահանությունից առաջ նրան պարտադրել են կրոնափոխ լինել և Մերզիֆոնի թուրքական դպրոցում աշխատել: Նա հայերենի, թուրքերենի և ֆրանսերենի լավ մասնագետ էր: Սրա շնորհիվ նրան չեն աքսորել և դա էլ, բացի աղջկա ընտանիքից, նրա աներերդու և կնոջ, եղբոր կնոջ ու Հասմիկ և Լյուդվիկ անուններով երկու հայ աշակերտների կյանքն է փրկել [9]: Մեր քոլեջում դասավանդող Սվազլյանը տիֆով վարակվեց և չկարողացավ փրկվել: Նրան մուսուլմանական գերեզմանոցում, հուղարկավորության մուսուլմանական ծիսակարգով թաղեցին»: Շուշանիկից տեղեկանում ենք, որ մնացած բոլոր ուսուցիչները աքսորվել ու սպանվել են:

 

Շուշանիկի ճամփորդությունը սկսվել է օգոստոսի 12-ին Մերզիֆոնից. «Ես չորս տարեկանից ի վեր ամերիկյան որբանոց եմ գնացել, այնուհետև սովորել Մերզիֆոնի Անադոլու քոլեջում, որի տնօրենը միսս Շարլոթ Ուիլլարդն էր: 1915 թ., երբ սկսվեց տեղահանությունը, մեր քոլեջի մարդիկ ևս աքսորվեցին: Մենք մեր ուսուցիչների հետ միասին էինք: Բոլորիս տասնհինգ սայլի մեջ աքսորեցին. ոչ ոք չգիտեր, թե ուր ենք գնում: Շուկաներով, իջևանատներով անցնելով՝ հասանք Ամասիա: Որպեսզի քնենք, այնտեղ մեզ մի շենքի երկրորդ հարկում գտնվող երկու փոքրիկ սենյակներում տեղավորեցին»: Աքսորների, ամբողջ գիշեր մարդու սիրտը կտոր-կտոր անող հառաչանքների ու գոռում-գոչյունների պատճառով չեն կարողանում քնել: «Առավոտյան իմացանք, որ այդ շենքի առաջին հարկում՝ ճիշտ մեր սենյակների տակ գտնվող սենյակներում, իրար վրա շարված, գլուխները կտրած հայերի դիակներ կային. այս հայերը հոգեվարքի մեջ են եղել, և մենք էլ սարսափի մեջ նրանց ճիչերն ենք լսել»:

 

Տիկին Ուիլլարդը, մինչև Ամասիա, իր աշակերտների հետ էր: Ամասիայից հետ է վերադարձվում: Մինչդեռ տիկին Ուիլլարդն ու իր օգնականը՝ տիկին Քեյգը, Օսմանյան կայսրությունում Ամերիկայի արտակարգ և լիազոր դեսպան Մորգենթաուին նամակ էին ուղարկել և թույլտվություն ստացել, որպեսզի քոլեջի աշակերտները չտեղահանվեն: Թուրհալի գավառապետին հնարավոր չէր այս թույլտվությունը բացատրել, և աշակերտները ծանր ճամփորդությամբ Սվաս են հասնում:

 

«Թուրհալի գավառապետն առաջ քաշեց այն փաստարկը, որ բոլոր հայերին առանց բացառության աքսորելու հրամանն իրեն Մերզիֆոնի նահանգապետն է տվել: Այնտեղ՝ իջևանատան մի անկյունում շարժվող մի ուրվապատկեր կար: Երբ աղջիկների հետ նրան մոտեցանք, տեսանք, որ այդ մարդը հայ էր. ժանդարմները նրա վրա ջրաղացի քար էին նետել և ողնաշարը կոտրել. սակայն ինքը դեռ չէր մահացել: Թեև գիտեինք, որ այդ վիճակով երկար չէր ապրի, մեր ուտելիքի մի մասը նրան տվեցինք՝ մտածելով՝ թող գոնե կուշտ մահանա: Հետո սայլապանները մեզ Շարքըշլա տարան: Սայլապանի կողքին նստած ժանդարմը իջավ սայլից: Սայլապանն էլ իջավ, և միասին մեզնից փող ուզեցին: Մինչդեռ մենք աշակերտներ էինք և փող չունեինք: Հատկապես մեր տնօրենին զգուշացրեցին, որ ճամփորդության ծախսերը լրիվ պետք է վճարվեն: Սայլապանն ու ժանդարմը տեսնելով, որ որևէ մեկն իրենց փող չի վճարելու, սպառնացին, թե մեզ հաջորդ կանգառում են թողնելու և իրենց ճանապարհը մենակ շարունակելու: Այս կերպ Յենիհան հասանք և սայլերից իջանք: Մեզ մի դատարկ սրահ տվեցին, սակայն դռնապանը բնական կարիքները հոգալու համար անգամ առանց փողի ոչ մեկին դուրս չէր թողնում: Այդ երեկո այդ զինված դռնապանը մի լավ գումար վաստակեց»:

 

Աղջիկների շարասյունը հսկողները տիրանում են այն աղջիկներին, որոնց հավանել են. «Շյուքրու բեյը Ամասիայից սկսած մեզ է հետևում, քանի որ մեր ուսուցիչներից մեկին է հավանել և նրա հետևից է գալիս: Մեզ հետևեց այնքան, մինչև վերջում նրան տիրանալով՝ կնության վերցրեց»: Ճանապարհին տիրանում են աղջիկներից 21-ին:

 

Շարասյունը թերի է շարունակում ճանապարհը. «Հասանք Սվաս: Այնտեղ էլ աղջիկների ամերիկյան քոլեջ կար, սակայն բոլորն աքսորվել էին: Նրանց մահճակալներն ու անկողինը տեղում էր մնացել: Մեզ այնտեղ տեղավորեցին: Սվասում երեք շաբաթ մնացինք: Նահանգապետը Սվասում չէր, և մինչև նրա վերադարձն այնտեղ սպասեցինք… Հետո մեր ղեկավար տիկնայք նահանգապետի հետ բանակցություններ սկսեցին: Այս բանակցությունները երկար տևեցին: Մեր ղեկավարները Մերզիֆոնի Անատոլիա քոլեջի 41 հայ աղջիկներին չաքսորելու առնչությամբ Թալեաթ փաշայի ստորագրությամբ թույլտվությունը նահանգապետին ներկայացրեցին և Մերզիֆոն վերադառնալու հնարավորություն ստացան»:

 

1915 թ. դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում՝ Ֆիլադելֆիայի երաժշտության ակադեմիայում, դպրոցի ուսուցիչ, պրոֆեսոր Թեոդոր Էլմերի ելույթը Մերզիֆոնի Անատոլիա քոլեջի աքսորի վերաբերյալ է. «Օգոստոսի 12-ին ոստիկանապետը տեղական ոստիկանական ուժերի և մի քանի ժանդարմների հետ իրենց առաքելությունը կատարելու եկան և օրիորդաց դպրոցի երիտասարդ կանանց ուզեցին: Մինչև կեսօր միսիոներները ջանացին արգելել, որ ոստիկանները տանեն երիտասարդ կանանց: Դպրոցի տնօրենը մի պահ անգամ մտածում էր, որ ավելի լավ է բոլորին դպրոցի բակում գնդակահարեն, քան նրանց այդ վայրենիների ձեռքը հանձնեն: Տեսնելով, որ համառումն այլևս արդյունք չի կարող տալ, աղջիկները, ուտելիք, հագուստ և փող վերցնելով, ճամփորդության պատրաստվեցին: Ամերիկացի տնօրենն աշխատեց նրանց հետ գնալու թույլտվություն ստանալ: Սկզբում դա չընդունվեց: Ավելի ուշ ճամփորդության առաջին օրը տնօրենին թույլատրեցին մինչև Ամասիա գնալ: Օգոստոսի 12-ին` կեսօրից հետո, երկու դպրոցի 62 երիտասարդ կանանցով լցված 14 սայլերը ճանապարհ ընկան: Ոճրագործի դաժանությամբ մի քանի ժանդարմ նրանց էին ուղեկցում: Քաղաքից դուրս գալիս շարասյունը կանգնեցրեցին: Նահանգապետը քոլեջի տնօրենին կանչեց և ցանկացավ, որ վերջինս վկայություն տա առ այն, որ այս երիտասարդ կանայք կրոնափոխ լինելու համար որևէ անհարիր ճնշման չեն ենթարկվել: Այնուհետև ոստիկանությունը յուրաքանչյուր երիտասարդ կնոջ հարցրեց, թե սարսափելի ճամփորդությունից փրկվելու համար համաձայն են կրոնափոխ լինել և մուսուլման դառնալ: 62-ն էլ մերժեցին: Մի քանի կիլոմետր հետո նույնը կրկնվեց: Ու կրկին բոլորը հրաժարվեցին: Առաջին գիշերը Ամասիա հասան և գիշերը քաղաքի մոտակայքում գտնվող անտառում անցկացրին: Հաջորդ առավոտ ամերիկացի տնօրենը նրանց մոտ ուտելիք ու գումար թողեց: Հետո աղջիկներին թողնելով` Ամասիայի նահանգապետից տուն վերադառնալու հրաման ստացավ: Օգոստոսի 13-ի երեկոյան Մերզիֆոն վերադառնալիս շատ տխուր էր, մտածում էր, որ աղջիկներին այլևս չի տեսնելու: Չորս օր անց, երբ նրան թույլատրվեց տեսնել Սվասի նահանգապետին, հույս տածեց՝ մտածելով, որ իրեն հաջողվել է վերջինիս համոզել հրամայել աղջիկներին հետ վերադարձնել: Շարասյանը հանդիպեց Սվասի այն հատվածում, որն ուղիղ մեզ էր նայում: Տեսավ, որ 62 աղջիկներից 21-ը առևանգվել է: Մնում էին 41-ը: Նրանց Սվասի ամերիկյան դպրոց տանելու թույտվություն ձեռք բերեց: Քանի դեռ այնտեղ սպասում էին, նրան հաջողվեց նահանգապետին համոզել, որպեսզի թույլ տա 41 աղջիկներին Մերզիֆոն վերադարձնել: Մոտ մեկ ամիս ճանապարհներին անցկացնելուց հետո սեպտեմբերի 6-ին շարասյունը վերադարձավ Մերզիֆոն: Այսպիսով վայրենիները տարել էին այն զոհերին, որոնց ամենաշատն էին հավանել: Քաղաքի 12 հազար հայ բնակիչներից, որոնք աքսորվեցին, սպանվեցին կամ բռնի իսլամացվեցին, մնացին միայն այս 41 աղջիկները: Այն, ինչ պատահեց Մերզիֆոնում, Փոքր Ասիայի մյուս բոլոր քաղաքներում տեղի ունեցածների միայն մի օրինակն է»[11]:

 

«Սեպտեմբերի 1-ին դուրս եկանք Սվասից և Մերզիֆոն ուղևորվեցինք… Հինգերորդ օրը Մերզիֆոն հասանք: Հիշում եմ, թե ինչ մեծ ուրախություն ապրեցինք: Մեր քոլեջում սովորող հույն տղաներն ու աղջիկները մեզ սիրով դիմավորեցին: Մեր նախկին տեղերում տեղավորվեցինք և դպրոցի առօրյա կյանքին վերադարձանք»:

 

Քոլեջում ուսումը շարունակվում է մինչև 1916 թ. ապրիլ ամիսը: Մայիսի 16-ին տիկին Ուիլլարդն աշակերտներին հավաքում և հայտարարում է, որ օսմանյան կառավարությունն իրեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ է ուղարկում, իսկ դպրոցը փակվում է:

 

Տիկին Ուիլլարդն այս պատմական զարգացումները մանրամասն նկարագրում է իր գրքում [12]: Նա ամեն աղջկա համար 40 ոսկի էր ծախսել:

 

Քանի որ դպրոցը փակվել էր, Շուշանիկը մի հույնի տանն է բնակություն հաստատում: «Երբ մեր քոլեջի հացթուխի տղան՝ Արշամը, եկավ ու ասաց, որ ես ու Զարուհին մի հույնի տուն ենք գնալու, մեր քոլեջն արդեն շրջապատված էր զինվորների կողմից: Մենք տիկին Դեսփինայի տանը սկսեցինք ապրել: Օգնում էինք տնային գործերում: Նրանք տանը թուրքերեն էին խոսում»: Նմանօրինակ փոխօգնությունները, որքան էլ դժվար լինեն, քրիստոնեական համերաշխություն են [13]: Տարածաշրջանում տեղի ունեցած բազմաթիվ այլ օրինակներ էլ կան: Բժիշկ Մետաքսասն էլ Տրապիզոնում Լևոնի ընտանիքին է օգնել. «Հույն բարեկամները, ովքեր կարողանալու էին մեզ օգնել, ցրված էին տարբեր գյուղերով: Սակայն բժիշկ Անդրեաս Մետաքսասը քաղաքում էր և երկնային հրեշտակի նման` մեզ տեսնելու էր եկել: Նա մեր միակ հույսն էր, արտաքին աշխարհի հետ կապվելու միակ միջոցը: Թուրքական մի փողոցում մեզ այցելելն իսկապես խիզակություն էր պահանջում… Տղամարդիկ նոր հանդիպման համար բժիշկ Մետաքսասի հետ ննջարան էին գնացել: Այստեղ որոշում ընդունվեց տղաներից մեկին անմիջապես հունական մենաստան ուղարկել, որտեղ նաև բժշկի ընտանիքն էր գտնվում: Պոնտոսի վայրի լեռներում, ամեն ինչից հեռու այս մենաստանը կատարյալ վայր էր մի հայի թաքցնելու համար: Մենաստանի անունը Սյումելա էր… Օնիկը, հույն գյուղացի երեխաների նման հագնվելով, մի հույն ջորեպանի հետ մենաստան գնաց: Փառք Աստծու, մեզնից մեկը փրկված էր: Եթե բոլորս մահանայինք, Օնիկն էր շարունակելու ընտանիքի անունը» [14]:

 

 

Երբ հայերը մահվան ճամփաներով առաջ էին գնում, այն տանը, որտեղ մնում էր Շուշանիկը, մուսուլման կանայք զվարճանում էին. «Բարձրաստիճան օսմանյան պաշտոնյաների ոսկե զարդերով պճնված կանայք այցի էին գալիս, երգում, ուդ նվագում… Ես քոլեջում դաշնամուր նվագել էի սովորել և բավականին լավ էի նվագում, ուստի երբեմն-երբեմն նվագակցում էի նրանց երգերին, սակայն ինձ վատ էի զգում, քանզի այն դեպքում, երբ իմ ժողովուրդը հոգեվարքի մեջ էր, ես ստիպված էի մասնակցել այս անտարբեր կանանց զվարճանքներին: Երբ քաղաքական դրությունը փոխվեց, 1918 թ. մեզ նորից հետ վերցրեցին հունական ընտանիքներից, և գիշերօթիկ դպրոցը նորից բացվեց: Սակայն դա ևս կարճ տևեց»: Այս անգամ կենտրոնական բանակի հրամանատար կաղ Նուրեդդին փաշան քոլեջը փակում է` այլևս չբացելու հեռանկարով:

 

Մինչդեռ բոլորը Շուշանիկի նման հաջողակ չեն: Տրապիզոնում 8-10 տարեկան աղջիկ երեխաներին բռնաբարելը և հետո սպանելը [15] տեղահանությունն ու կոտորածներն իրականացնող բազմաթիվ բարձրաստիճան ղեկավարների՝ իրենց համար հարեմ ստեղծելն ու օրգիաներ կազմակերպելը գրեթե սովորական իրողություններ են [16]: Օրինակ` Տրապիզոնում Կարմիր մահիկին պատկանող հիվանդանոցը նահանգապետ Ջեմալ Ազմիի և այլ պաշտոնյաների կողմից օգտագործվում էր որպես երիտասարդ աղջիկների հետ սեռական հարաբերություններ ունենալու խրախճանքի կենտրոն [17]: Տրապիզոնի տեղահանության և կոտորածների դատական գործի` մարտի 26-ի նիստում հարցը օրակարգ է բերվել, և դատավորը փորձել է պարզել, թե այդ դեպքերի մասին մեղադրյալներն ու վկաներն ինչ գիտեն [18]: Այսպես երիտասարդ աղջիկներին միմյանց նվեր տալը բավականին տարածված պրակտիկա է: Տրապիզոնում Ամերիկայի հյուպատոսը գրում է. «Այն, որ ամենագեղեցիկ աղջիկներին… ավազակախմբի անդամներին իրենց տներում էին պահում [սեռական] խրախճանքների համար, այստեղ օրենք է դարձել… Միություն և առաջադիմություն կուսակցության մի ներկայացուցիչ իր և ընկերների կողմից շահագործվող ամենագեղեցիկ տասը աղջիկներին քաղաքի կենտրոնում գտնվող իր տանն է պահում» [19]:

 

«Վերջին փաստը, որ անհրաժեշտ է հավելել, կանանց և երեխաների նկատմամբ իրականացվող սեռական ոտնձգությունները հնարավոր չէ բացատրել միայն որոշ անձանց հաճույքների բավարարումով: Ինչպես հայ կին գրող Զաբել Եսայանն է իրավացիորեն նշում, այս հանցագործություններն իրականացվում էին` ըստ որոշակի օրենքների ու կարգավորվածության, ինչպես նաև հայ ժողովրդին ստորացնելու նպատակ էին հետապնդում [20]: Հայ կանանց ու աղջիկների մարմինների վրա հարձակումը որպես այդ ազգի պատվի հետ խաղալ էր ընկալվում, իսկ հանցագործների համար «թշնամի ազգին» պատկանող տարածքի շրջափակումն էր ապահովում»[21]:

 

ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Հենրի Մորգենթաուի՝ 1915 թ. հուլիսի 29-ին Արտաքին գործերի նախարարություն ուղարկված և Տրապիզոնում ԱՄՆ-ի հյուպատոս Օսկար Ս. Հեիզերի 1915 թ. հուլիսի 28-ի զեկույցներում տեղ են գտել կանանց ու երեխաների նկատմամբ կիրառված անմարդկային իրողությունները. «Թոթց գյուղում, որ Տրապիզոնից 2 ժամվա հեռավորության վրա էր, առաքելական և կաթոլիկ հայեր ու թուրքեր էին բնակվում: Վստահելի մի ականատեսի վկայությամբ` հարուստ և հարգարժան հայ Պողոս Մարիմյանին ու երկու տղաներին իրար հետևից շարելով` գնդակահարել են: Թվով 45 կանանց ու տղամարդկանց գյուղի մերձակայքում գտնվող մի հովիտ են տարել: Ժանդարմների սպաները նախ բռնաբարել են Արտես անունով մի հայի կնոջն ու աղջիկներին, այնուհետև` նրանց հանձնել ժանդարմներին` սպանելու համար: Մի երեխայի սպանել են՝ գլուխը ապառաժին խփելով և ուղեղը ցաքուցրիվ անելով: Բոլոր տղամարդիկ սպանվել են, 45 անձից բաղկացած խմբից և ոչ մեկը կենդանի չի մնացել» [22]:

 

ԱՄՆ-ի հյուպատոսը միևնույն ժամանակ նաև որբանոցների հայ երեխաներին մուսուլմաններին, ավազակախմբի անդամներին հանձնելու մասին է վկայում. «Երեխաներին դպոցներում կամ որբանոցներում տեղավորելով՝ չեղյալ հայտարարվեց այն ծրագիրը, որը կազմել և հովանավորում էր հույն արքեպիսկոպոսը, ըստ որի՝ երեք մուսուլման և երեք քրիստոնյա անդամներից բաղկացած կոմիտեն, որի նախագահը նահանգապետն էր, իսկ փոխնախագահը՝ արքեպիսկոպոսը, իր հսկողության տակ էր վերցնելու երեխաներին և փրկելու նրանց: Աղջիկ երեխաները մուսուլման ընտանիքների խնամակալությանն են հանձնվում և այս կերպ ցիրուցան լինում: Այն, որ որբանոցները փակվեցին ու երեխաներն այս կերպ այս ու այն կողմ նետվեցին, մեզ և հույն արքեպիսկոպոսի համար երազանքների խորտակում էր: Հույն արքեպիսկոպոսն այս ուղղությամբ շատ էր աշխատել, անգամ նահանգապետի աջակցությունն էր ձեռք բերել: Սակայն Միություն և առաջադիմություն կուսակցության տեղական ղեկավար Նայիլ բեյը դեմ դուրս եկավ այս ծրագրին և կարճ ժամանակում կարողացավ խոչընդոտել դրա իրականացումը: Բազմաթիվ փոքրահասակ տղա երեխաներ հողագործներին հանձնելու համար [Փալաթանա Փուլաթհանե Աքչաաբաթ] ուղարկվեցին: Որբանոցներում որպես դայակ մնացած չափահաս ամենագեղեցիկ աղջիկներին տարան ամենաազդեցիկ ավազակապետերի տները՝ նրանց հաճույքները բավարարելու համար: Հավաստի աղբյուրներից մեկի համաձայն՝ Միություն և առաջադիմություն կուսակցության անդամներից մեկը համար քաղաքի կենտրոնում գտնվող սեփական տանն է փակել տասը աղջկա` իր և իր ընկերների հաճույքները բավարարելու: Ավելի երիտասարդ որոշ աղջիկներին հարգարժան մուսուլման ընտանիքների տներն են տարել: Ամերիկացի միսիոներների նախկին աշակերտներից շատերը այժմ միսիոներների հետ մտերիմ մուսուլմանների տներում են գտնվում և Նայիլ բեյի կողմից այցելությունների չեն արժանանում, սակայն ոչ բոլոր աղջիկներն են այսչափ հաջողակ» [23]:

 

Ընտանիքներին, որոնց մոտ են բաշխվել այս երեխաները, ամսավճար է հատկացվել [24]: Նրանց նաև հնարավորություն է տրվել յուրացնել մուսուլմանացված և հարեմ վերցված հայ աղջիկների ու կանանց, ինչպես նաև` որբ մնացած երեխաների ընտանիքներին պատկանող ունեցվածքը [25]: Կրթության նախարար Շյուքրուի կողմից 1915 թ. հունիսի 26-ին Տրապիզոնի նահանգ ուղարկված հեռագիրը հայ երեխաներին որբանոցներում թուրքացնելու մասին է [26]:

 

Բռնի ձուլման քաղաքականության ամենակարևոր քայլը տղա և աղջիկ երեխաների դեմ էր ուղղված: Թաներ Աքչամն այս քաղաքականությունը մեկնաբանելիս որոշակի առումով նաև Պոնտոսում 1915 թ. տեղի ունեցած գործընթացներն է ներկայացնում:

 

Նպատակը` եղած հնարավորությունների չափով երիտասարդ աղջիկներին ու տղաներին կամ որբանոցներում տեղավորելով, կամ մուսուլման ընտանիքներին հանձնելու միջոցով իսլամական-թուրքական մշակույթի ոգով դաստիարակելն էր: Երիտասարդ աղջիկներին բռնի մուսուլմանների հետ ամուսնացնելը ևս այս ծրագրի մի մասն է: Այստեղ կարևոր է այն, որ այս ձուլման քաղաքականության հիմնական սկզբունքները դեռ նախքան մեծ գաղթի իրականացումն էին ծրագրվել: Ձուլման ու ֆիզիկական ոչնչացման քաղաքականությունները զուգահեռ են տարվել, և մանկահասակ աղջիկներին ու տղաներին, հայ ազգաբնակչությանը տարբեր մեթոդներով սպանելը կամ սովից ու հիվանդություններից մահվան մատնելը ամբողջ գաղթի ընթացքում նկատելի իրողություններ են եղել [27]: Մանկահասակ տղա երեխաներին նավ նստեցնելով` ծովում խեղդելն օրինակներից միայն մեկն է, որ կարելի է նշել այս իրավիճակի համար: Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1919-1921 թթ. Ստամբուլում ընթացող դատական ամենակարևոր գործերից մեկի՝ Տրապիզոնի հայցի ժամանակ այս հարցում իրենց կենսափորձն ունեցող վկաները մանրամասն տեղեկություններ են հաղորդել [28]:

 

Օրինակ՝ 1919 թ. ապրիլի 3-ի նիստում մի կին վկայություն է տալիս առ այն, որ Ջեմալ Ազմի բեյը «տղաներին հավաքելով լաստանավերով Քումքալե ուղարկելիս՝ զինվորներին հրամայել է իրենց ցանկությամբ տղաների մի մասին գնդակահարել, մյուս մասին էլ ծովը նետելով բոլորին սպանել: Վկան հավելել է նաև, որ նահանգապետը երեխաների «մի մասին դեպի Դեղիրմենդերե է ուղարկել, իսկ մյուս մասին Նիյազի էֆենդիի ղեկավարության տակ գտնվող լաստանավերով ծովն է նետել»» [29]: Ապրիլի 8-ի նիստում վկայություն տվող Տրապիզոնի կաթոլիկ միսիոներների ղեկավար իտալացի Լորան Միլքը պատմում է. «Որոշ հայ կանայք ու երեխաներ, քանի որ այնպիսի վայրում էին բնակվում, որ ծովին էր նայում, լաստանավերը նստեցվեցին ու տեղափոխվեցին, սակայն տեսա, որ այդ լաստանավերը դափ-դատարկ վերադարձան» [30]:

 

Ծովերում ու գետերում խեղդված հայ կանանց ու երեխաների այն դիակները, որոնք հետագայում ափ էին դուրս եկել, հույն կանայք ավազի մեջ են թաղել [31]:

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[1] Համշենի և Սևքեդի Քալքանդերե լեռնային շրջանում բռնի իսլամացման քաղաքականության առաջին բեկումը եղել է 1680, իսկ երկրորդը՝ 1708-1710-ական թթ.: Այս ժամանակաշրջանը կարևոր է եղել, որպեսզի տարածաշրջանի իսլամացումը զանգվածային բնույթ ստանա: Սարերը բարձրացած բազմաթիվ ապստամբների դիմադրությունը կոտրելու համար Օֆլուի և Ռիզեի մոլլաների կողմից կազմակերպված կոտորածները պատճառ դարձան, որ հազարավոր ընտանիքներ Տրապիզոն, Օրդու, Չարշամբա և Գիրեսուն փախչեն, իսկ 30 հազար հայ էլ` իսլամ ընդունի: Համշենում հայկական համայնքի նման մասնատումը հիմնական գործոնը դարձավ, որպեսզի նահանգի արևմուտքում և մինչև Բութանիա ձգվող շրջաններում որպես «լազ հայեր» բնորոշված գաղութը ձևավորվի: 1680-1710 թթ. ընթացքում Համշենում և Սևքեդում [Քալքանդերե] մոտ 100 հազար հայ բռնի իսլամացվել է կամ կոտորվել, իսկ հազարավոր հայեր էլ «իսլամացում կամ մահ» պարտադրանքից խուսափելու համար արևմուտք են գաղթել: Raymond Kevorkian, Paul Papoudjian, 1915 թ.-ից առաջ Օսմանյան կայսրությունում բնակվող հայերը, թարգմ.՝ Mayda Saris, Aras, 2012, s206.

[2] Arif Cemil, Teşkilat-ı Mahsusa, Ed.: Metin Martı, Arma, 2. Baskı, s 26.
[3Մ. Քեմալի դեմ Իզմիրի մահափորձի պատճառով 1926 թ.-ին Անկախության դատարանի կողմից հեռակա մահապատժի է դատապարտվում: Փախուստի ժամանակ Թրակիայի սահմանին ձերբակալվում է և մահապատժի ենթարկվում Անկարայում:
[4Arif Cemil, Teşkilat-ı Mahsusa… s 21.
[5Verjine Svazlian, Ermeni Soykırımı, Hayatta Kalan Görgü Tanıklarının Anlattıkları, Թարգմ.՝ T. Ter Voğormiyaciyan – P. Çevikyan, Belge, 2013, s 294-297.
[6Հայերը Սամսունում և՛ առանձին, և՛ հիմնականում գերմանական, ավստրիական և անգլիական կազմակերպությունների հետ համագործակցությամբ ծովագնացության և ապահովագրության ոլորտներում ակտիվ գործունեություն են ծավալել: Հայտնի ծովանկարիչ Մախոխյանի ընտանիքն այս ոլորտում առաջատար անուններից էր:
[7Leon Z. Surmelian, Soruyorum Size Hanımlar Beyler, Թարգմ.՝ Z. Kılıç, Aras, 2013, s.35.
[8James Bryce – Arnold Toynbee, Osmanlı İmparatorluğu’nda Ermenilere Yapılan Muamele 1915-1916, Թարգմ.՝ A. Günaysu, Gomidas Enstitüsü, 2009, s. 296.
[9Մերզիֆոնից ամերիկացի մի ուսուցիչ գրում է. «Թույլատրվում էր մնալ նրանց, ովքեր մուսուլմանություն էին ընդունել: Դիմորդներին ընդունող փաստաբանական գրասենյակները լի էին իսլամ ընդունելու դիմում ներկայացրած մարդկանցով: Մեծ մասը իր երեխաների ու կանանց անվտանգությունն ապահովելու համար էր դա անում»: NA/RG59/867. 4016/106, Արտակարգ և լիազոր դեսպան Մորգենթաուից 1915 թ. հուլիսի 26-ին Արտաքին գործերի նախարարություն ուղարկված զեկույց. Մեջբերումը՝ Ara Sarafian (ed.), United States Official Record on the Armenian Genocide, մեջբերումը՝ Taner Akçam, Ermenilerin Zorla Müslümanlaştırılması, İletişim. 2014, s. 143.
[10Ամասիայում Գաբաշ Ալիին է հանձնարարված եղել կազմակերպել հայերի կոտորածը: Գաբաշն այնպիսի հաջողություն է ունեցել, որ Սելիմ Ահեղի հրապարակում է տեղ գտել: Ahmet Demirel, Amasya’daki Atatürk Anıtı’nda Baltalı Katil, http://arsiv.taraf.com.tr/haber-ataturk-anitinda-baltali-katil-145519/ (7.1.2015)
[11James Bryce – Arnold Toynbee, s. 336-337.
[12Charlotte R. Willard of Merzifon (Missionary, American Board of Commissioners for Foreign Missions; Formerly President of the School of Religion, Athens, Greece…). Her Life and Times. New York, 1933.
[13Ծովերում և գետերում խողդված հայ կանանց ու երեխաների այն դիակները, որոնք հետագայում ափ են դուրս եկել, հույն կանայքեն ավազների մեջ թաղել: (James Bryce – Arnold Toynbee… s. 289) Սա մեկ այլ համերաշխության նշան է:
[14Leon Z. Surmelian, s. 102-103.
[15Zabel Yeseyan, La Liberation des Femmes et Enfants Nomusulmans en Turkey, s. 5.
[16H. Arendt, Essays in Understanding – 1930-1954, New York, 1994, s. 304.Մեջբերումը՝ Matthias Bjornlund, “A fate worse than dying’: sexual violence during the Armenian genocide”, էջ 24:
[17Կանանց դեմ դեռական բռնությունները և սրանց համար նախատեսված տները տարածված պրակտիկա էին: Որպես օրինակ կարելի է նշել օսմանյան բանակում ծառայող գերմանակա նբանակի ներկայացուցիչների սեռական ցանկությունները բավարելու համար անձամբ գերմանացի սպաների գլխավորությամբ Դեր Զորում բացված տունը: (Yervant Odian, Accursed Years: My Erile and Retumfrom Der Zor, էջ 196-197; 209-211.) Փարիզի խաղաղության վեհաժողովի ժամանակ` կենդանի մնացածների վկայությունների հիման վրա կազմված զեկույցում կանոնավոր կերպով կիրառվող մի մեթոդի մասին է խոսվում, ըստ որի՝ շարասյուները ուղեկցող ժանդարմները մեկ-երկու օր քայլելուց հետո շարասյունը ջրի որևէ աղբյուրի մոտ էին կանգնեցնում, սակայն ծարավից մեռնող այս խեղճերին թույլ չէին տալիս ջուր խմել: «Ծարավից մեռնող մարդկանց համար ջուր խմելու գինը միայն այն էր, որ չգիտեմ քանի կույս կամ երիտասարդ աղջիկ իրենց պետք է տրվեին»: (Զեկույցը հայտնի հայ ֆեմինիստ գրող և գրականագետ Զաբել Եսայանը Փարիզի խաղաղության բանակցությունների համար էր պատրաստել: Zabel Yeseyan, La liberation des Femmes et Enfants Nonmusulmans en Turquie, Նուբարյան գրադարանի Հայկական ազգային պատվիրակության արխիվ, 1919թ. մարտի 18-ին Պողոս Նուբար Փաշային ներկայացված 11 էջանոց զեկույց, էջ 2-3): Բազմաթիվ հուշերում է տեղ գտել այն, որ շարասյուներին հետևող զինվորական հրամանատարները զինվորներին ասել են. «Նրանց հետ արեք այն, ինչ ուզում եք» և այդ կերպ նրանց «հայ կանանց օգտագործելու իրավունք» են տվել: Ազատությունը, որ երիտասարդ աղջիկների և երեխաների հետ կարող են վարվել ինչպես ցանկանան, ամբողջ գաղթի ընթացքը Հաննա Արենդթի բնորոշմամբ «բացարձակ վերահսկողության լաբորատորիայի» էր վերածել:
[18Yeni Gazete, 27 Mart 1919.
[19Taner Akçam, Ermenilerin Zorla Müslümanlaştırılması… s 193.
[20Zabel Yeseyan, La Liberation des Femmes et Enfants Nomusulmans en Turkey, s 5.
[21Taner Akçam, Ermenilerin Zorla Müslümanlaştırılması… s 194.
[22James Bryce – Arnold Toynbee, Osmanlı İmparatorluğu’nda Ermenilere Yapılan Muamele…, s. 287.
[23James Bryce – Arnold Toynbee…, s. 287-288.
[24BOA/DH ŞFR 63/142
[25BOA/DH ŞFR 54-A/382
[26BOA/DH ŞFR 54/150
[27Wolfgang Gust, Alman Belgeleri, Ermeni Soykırımı 1915-16, Alman Dışişleri Bakanlığı Siyasi Arşiv Belgeleri, Թարգմ.՝ Z. Hasançebi – A. Takcan, Belge, 2012, s. 54-61.
[28Դատական գործերի մասին առավել մանրամասնտեղեկությունների համար տե՛ս Taner Akçam ve Vahakn N. Dadrian (ed.), Tehcir ve Taktil: Divan-ı Harb-i Örfi Zabıtları: İttihad ve Terakki’nin Yargılanması 1919-1922, İstanbul Bilgi Üniversitesi Yayınları, İstanbul, 2008.
[29Alemdar, 4 Nisan 1919.
[30Yeni Gazete, 9 Nisan 1919.
[31James Bryce – Arnold Toynbee… s. 289.
Նյութը Լեյլա Չելիքի և Էլիդ Յըլդըրըմի խմբագրությամբ «Նիկա» հրատարակչության կողմից հրատարակված «Կանաչից կապույտ» անվամբ գրքից է վերցված: Գիրքը Սև ծովի կանանց վերաբերյալ պատրաստված ժողովածու է… Հեղինակային իրավունքները պահպանվել են…

Scroll Up