Ներադրբեջանական «բաղաձայններ»

Ադրբեջանի կողմից թե՜ Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան պետական սահմանագոտու եւ թե՜ Արցախ-Ադրբեջան շփման գծի վրա իրականացված հարձակողապաշտությունը պետք է փորձել դիտարկել ներկա պահի թելադրած քաղաքական շրջագծերում, ընդհանուր միտումները կարելիի սահմաններում ընկալել կարողանալու համար։

Նախքան դեպքերի թեժացումը, Թուրքիայի վարչապետի պաշտոնակատարը հայտարարում էր, որ Ադրբեջանի սահմանների պաշտպանությունը Թուրքիայի գերակա առաջադրանքներից է։ Նման հայտարարությունը, անվերապահ զորակցություն հայտնելուց առաջ դիպաշարին հետեւողների ենթագիտակցությունում տեղաւորում է հետեւալ տրամաբանությունը. Ադրբեջանի սահմանները վտանգվել են. վտանգողը հայկական կողմն է։ Այլ խոսքով, հարձակողապաշտը կամ ոտնձգություն նախաձեռնողը  ՀՀ-Արցախն է, որի դիմաց Անկարան պատրաստ է սատար կանգնելու իր կրտսեր եղբորը։

Բնականաբար, ոչ ընտրված ժամանակը եւ ոչ էլ անուղղակի ուղերձ փոխանցելու Անկարայի ղեկավարի այս հայտարարությունը պատահական չեն։ Այս հայտարարությունը խորքում նախապատրաստությունն էր ագրեսիային, որին Բաքուն պիտի դիմեր հիմնական ճակատային երկու ուղղությամբ։

Ադրբեջանական քարոզչամեքենան իհարկե պիտի լծվեր Անկարայի բեմադրությանը։ Նման հրահրիչ գործողութիւններ ձեռնարկելու կանաչ լույսը գալիս էր Անկարայից։ Առաջադրվածն ի՞նչ էր ըստ էության։ Բոլոր նախադրյալները մտածել են տալիս, որ լայնամասշտաբ պատերազմի հաւանականություն այս պահի դրությամբ գոյություն չունի։

 Առաջադրվածը `

Ա. Կիսապատերազմական մթնոլորտի ստեղծմամբ միջազգային հանրային կարծիքը համոզել, որ հայկական կողմը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը եւ ձեռնարկել սադրիչ գործողությունների։ Սա արդեն ադրբեջանական կողմի դասական մոտեցումն է, որը թվում է, որ սպառվել է իբրեւ քարոզչական մարտավարություն։

Բ. Ներքին սպառման կարգով, զինվորական հողի վրա որեւե հաջողություն ձեռք չբերելով, Արցախի եւ այս դեպքում ուղղակիորեն նաեւ ՀՀ-ի դեմ թշնամական եւ կիսապատերազմական դրությունը վառ պահելու հերթական փորձ. թեեւ այս անգամ ընդգծված տարողունակությամբ։

Գ. Եթե առաջին երկու կետերը համեմատաբար Բաքվի աւանդական վարքագծի շարժառիթների մաս են կազմում, ապա երրորդ կետը ուղղակիորեն Անկարայի պատվերը կատարելու դրվածքով է բացատրվում։ Դեպքերը կանխած Դաւութողլուի հայտարարությունը այս կետը համոզիչ է դարձնում։ Աւելի խորքային վերլուծում են պահանջում Անկարայի կողմից այս պահին նման գործողություններ իրականացնելու որոշման բուն դրդապատճառները։ Մանաւանդ, որ Թուրքիան ներքին խնդիրների եւ հանգույցների դիմաց հետզհետե աւելի անկյուն առաջնորդվելու ընթացքում է։ Վարկածներից մեկը` Թուրքիայից դուրս տագնապներ ստեղծելու եւ միջազգային ուշադրությունը այլ երեւույթների վրա կենտրոնացնելու փորձը (փախստականների համաեվրոպական տագնապ, հիմա էլ տարածաշրջանային նախապատերազմական իրավիճակ) ։

Ե. «Շանթ-2015» համապետական զորավարժությունների առիթով պատերազմական իրավիճակի խաղարկմանը համընկնեցնել սահմանային դրության սրումը, ներհայկական խուճապային մթնոլորտ ստեղծելու համար։ Սա կարճաժամկետ զուտ քարոզչական եւ պղպջակային արագությամբ աւարտ ունեցող քարոզչական գործողություն է, որ բացառված չէ Բաքվի կողմից որդեգրված լինելը։

Զ.Վերջապես. նոյեմբերին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների  ընտրական առաւելություններ շահելու ճիգը, մարդկային իրավունքներ հարգած չլինելու Արեվմուտքի կողմից կատարված սուր քննադատությունները, ՀՀ-Ադրբեջան միջնախագահական ձեվաչափով տեղի ունենալիք հանդիպման նախօրեին շանտաժ անելու աւանդական ոճը, եւ միջազգային շուկայում նաւթի գնի անկման պատճառով Բաքվի ներկայացրած կարեւորության կտրուկ նվազումը` հանգամանքներ են, որոնք կարող են  ազդել մագլցողականության շարժառիթների վրա։ Կամ Անկարայի պատվերը կատարելու համապատասխան ենթահողի ձեվավորմանը նպաստել։

Հայկական կողմի արձանագրած զոհերի եւ վիրավորների դիմաց պատժիչ հակահարվածները եղել են խստության առումով անհամաչափ եւ շատ աւելի ցաւոտ։ Որեւե հաջողություն, հակառակորդը հերթական անգամ չի արձանագրել։

Աւելին. Բաքվի կողմից կիրառվող  ապարդյուն այլ վտանգավոր խաղերը հետհարվածային հետեւանքներ են թողնում։

Ադրբեջանական կողմում ազգային հենքի  ճաքեր են սկսել երեւալ։ Թե՜ լեզգիները եւ թե թալիշները գիտակցել են, որ շփման գծերի վրա ծառայողները իրենք են եւ ոչ թե ազգությամբ թուրք ադրբեջանցիները։ Թե լեզգիական եւ թե թալիշական կայքերում կոչեր են հնչում հայ-ադրբեջանական պատերազմին չեզոք մնալու եւ որեւէ ձեւով չսատարելու ալիեւյան այս ոտնձգություններին։ Թալիշները աւելի հեռու են գնում, հայտնելու համար, որ եթե իրենք պիտի կռվեն, ապա միայն անկախ Թալիշիստան ստեղծելու համար։ Փաստորեն սկսել է բարձրաձայնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս գալու պահանջները։ Առիթը` հայերի դեմ ոչ թուրք ադրբեջանցիներ շփման գիծ ուղարկելու ալիեւյան ռազմավարքագիծն է։

Հայկական կողմի վերահսկած սահմանները շարունակում են մնալ անթափանցելի՝ հակառակ պետական սահմանի եւ շփման գծի ուղղությամբ Բաքվի ձեռնարկած զինվորական գործողություններին։ Դիմացը, սկսել է արծարծվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդրո առարկա դարձնելը։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Scroll Up