Սիրիահայ երեխաների ամառային հանգիստը

Այս տարվա օգոստոսին, 80 սիրիահայ երեխաներ հնարավորություն ունեցան մեկ շաբաթով իրենց հանգիստն անկացնելու Լոռու մարզում գտնվող «Գուգարք» ճամբարում: Արշավներ, խաղեր, նոր ընկերներ, իրական ճամբարական զգալու այս հնարավորությունը ընձեռել էր ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը: ՄԱԿ ՓԳՀ-ի այս հերթական նախաձեռնությունն ուղղված էր ո´չ միայն սիրիահայ երեխաների ամառային հանգստի անցկացմանը, այլ ևս մեկ միջոց էր՝ նպաստելու նրանց ինտեգրմանը:

«Գուգարք» ճամբարի տնօրեն Սեյֆուլինա Դանիելյանը նշեց, որ ճամբարն առաջին անգամ է, որ սիրիահայ պատանիներ է հյուրընկալում:

–  Սկզբում ինձ թվում էր, թե կդժվարանանք, սակայն հենց առաջին օրը հասկացա, որ սխալվում եմ: Բոլորն էլ շատ շուտ սովորեցին մեր ճամբարային ռեժիմին ու կարծում եմ, մեկնեցին այստեղից մեր  կարգախոսը՝ «Ճամբարը մենք ենք և մենք ենք նրա տերը»,  իրենցը դարձած զգացողությամբ: Ինձ նաև շատ հիացրեցին նրանց ջոկատային ելույթները, հայրենասիրական երգերի և բանաստեղծությունների լավ իմացությունը: Հակոբը, Նժդեհը շատ կարդացած պատանիներ էին, Թումանյան արտասանեցին…


Ճամբարականների հետ  մենք հանդիպեցինք  հերթափոխի ժամանակ: Արամ Առաքելյանը  սիրիահայ երեխաների հետ աշխատող  ջոկատավարներից է.


–          Ես մինչև 12 տարեկան  փոքրերի հետ էի աշխատում: Շատ կարևոր գործ էր.  այս մի քանի  օրերի ընթացքում փորձեցինք նրանց մոտեցնել հայրենիքին ու կապել մեզ հետ, նաև կոտրել այն կարծրատիպերը, որ մինչ այդ հասցրել էին իրենց մոտ առաջանալ  շրջապատի ոչ միշտ բարյացակամ վերաբերմունքից:  Երեխաներից ոմանք ասում էին, որ պատահում է՝  իրենց լավ  չեն վերաբերվում` խանութում, փողոցում,  կարծում եմ, որ մեզ մոտ ստացվեց փոխել նրանց այդ  կարծիքը ու սովորեցնել այլ աչքերով նայել հայրենիքին, – նշում է Արամ Առաքելյանը:

Առնոն ու Գևորգը  2-րդ ջոկատից էին:  12  տարեկան են և առաջին անգամ էին ճամբարում.

–          Շատ լավ բաներ սովորեցի այստեղ, խաղեր, ֆուտբոլ խաղացինք, նոր ընկերներ ունեցա,- ասում է Գևորգը,- հետո վերջին օրը մեզ տարան Թումանյանի տուն թանգարան: Էնտեղ շատ հետաքրքիր էր, տեսանք Թումանյանի իսկական մահճակալը,  շորերը, նկարները…

13-ամյա  Արփին իր ընտանիքի հետ երեք  տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Դպրոց է հաճախում ու ինչպես ինքն է ասում, արևելահայերենով շփվելուց  էլ չի դժվարանում:

– Օրերն այստեղ շատ հետաքրքիր էին անցնում, վերկացից հետո մարզվում էինք, հետո գնում էինք նախաճաշելու….ինձ ամենից շատ դուր եկավ, որ մարդիկ մեր ճամբարում  շատ ջերմ էին, շատ մեծ ջերմություն կար իրենց մեջ, – խոստովանում է Արփին և մեր  հարցին, թե տանը առաջինն ինչ է պատմելու, ուրախությամբ ցույց է տալիս  «Միսս Գուգարքի»  իր տիտղոսի վկայականը.

– Մրցույթ կար ճամբարում, մեզ առաջարկում էին թեմաներ և մենք պետք է հագուստները  համադրեինք ու մոդելներ ստանայինք: Այդտեղ շատ մրցանակներ կային, արդյունքում  ես «Միսս Գուգարք» տիտղոսը ստացա, – ուրախությամբ  կիսվում  է Արփին:

Մինչ Արփին, Գևորգը ու այլ երեխաները վառ տպավորություններով հրաժեշտ էին տալիս «Գուգարքին», սիրիահայ պատանիների նոր խումբ ժամանեց ճամբար: Նրանց համար ամեն ինչ աջևում էր … Նաև իրենց բաժին ջերմությունը, որն այդքան անհրաժեշտ է  նրանց՝ պատերազմը  մոռանալու համար…

Երեխաների վարակիչ աշխուժությունն ու ոգևորությունը ստիպցին   մեզ շրջանցել ծանր հիշողությունների հետ կապված ցանկացած հարց, հատկապես որ մինչ այդ սիրիահայ երեխաների հետ տեղի ունեցած շփումներից նկատել էինք, որ նրանք պատերազմի մասին չեն սիրում խոսել…

 Կարապետ Առաքելյանը 12 տարեկան է, մեկ տարի առաջ է եկել Հայաստան: Ասում է, որ անցյալ տարի էլ է ճամբար գնացել  և անհամբեր սպասում է նաև այս հանդիպմանը:

–          Ինձ ճամբարում դուր էր եկել բնությունը, նաև որ շատ ընկերներ ունեցա, նոր խաղեր սովորեցի, օրինակ, որ կանգնած տեղից պետք է մեծ ցատկ կատարել, – պատմում  է Կարապետը:

 Կարապետը որոշել է ճարտարապետ դառնալ.

–          Գայի անվան դպրոց եմ գնում, ամենասիրած առարկաս երկրաչափությունն է: Ուզում եմ ճարտարապետ դառնալ: Քույրիկս դիզայներ է, ինձ շատ է օգնում: Շենքեր, տներ նկարել շատ եմ սիրում,- ասում է Կարապետը:

 Ցոլերն ու Գառնին էլ հենց իրար կողք կողքի էին նստել: Միմյանց ճանաչում են դեռ Սիրիայից, նույն դպրոցն են հաճախել: Երկուսն էլ նոր են եկել Հայաստան. Գառնին ընդամենը մեկ շաբաթ առաջ.

–          Դեռ շատ քիչ բան եմ տեսել այստեղ, մենակ հրապարակը… առաջին անգամ եմ գնում Երևանից դուրս ու նաև ճամբար երբեք չեմ գնացել, – ասում է Գառնին:

 ՄԱԿ ՓԳՀ  հասարակական տեղեկատվության և արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայարապետյանը, խոսելով նախաձեռնության մասին, նշեց որ ճամբարն ինտեգրացիայի կարևորագույն գործիքներից մեկն է:

– Ցանկացած մեր նախաձեռնության միջով  կարմիր թելով անցնում են ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի մեջ մտնող հիմնական նպատակները, որոնցից մեկը՝ փախստականների ինտեգրմանը նպաստելն է: ճամբարը շատ մեծ հնարավորություն է տալիս այդ նպատակին հասնելու համար՝ կյանքի կոչելով խաղաղ գոյակցության, ընկերության, հանդուրժողականության սկզբունքները… Սիրիահայ երեխաներն այստեղ աննախադեպ հնարավորություն ունեն ՝ հաճելի մթնոլորտում մոտիկից  շփվել տեղացիների հետ, ընկերանալ, նոր ծանոթություններ ու  կապեր ձեռք բերել և դրանով իսկ հոգեբանորեն օգնել  ինտերգրվելու նաեւ իրենց ծնողներին: Ի վերջո  մեծապես հենց երեխաների շնորհիվ է, որ ծնողները ինտերգրվում են նոր միջավայրում: Չէ որ եթե երեխաները հանգիստ գնում են դպրոց, բակի երեխաների հետ են խաղում, ընկալում եւ կիսում են իրենց շրջապատի  արժեքներն, ապա ծնողներն էլ ավելի հանգիստ են լինում, զբաղվում են ավելի շատ աշխատանքի ու այլ հարցերով,- նշում է Անահիտ Հայրապետյանը՝ հավելելով, որ իրենք որոշել են  զարգացնել նաև բակային ճամբարի գաղափարը.

– Բակային ճամբարը Ֆինանսական մեծ միջոցներ չի պահանջում, բայց հնարավորություն է տալիս երեխաներին  շփվել կազմակերպված ձևով, միջմշակութային կրթության լավագույն միջոցներից է. լեզվական դժվարություններն են հարթվում, սիրիահայ երեխաները կարող են իրենց երգի և ասմունքի գեղեցիկ մշակույթը փոխանցել տեղացիներին…

ՄԱԿ ՓԳՀ-ն ճամբարանային ծրագրեր բազմիցս է իրականացրել իր գործընկեր կազմակերպությունների՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերության,  ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համատեղ: Ի դեպ, նման ճամբարներ կազմակերպվել են նաև տարիներ առաջ՝ Ադրբեջանից եկած փախստականների երեխաների  համար:

Լիլիթ Քոչինյան

womennet.am

Scroll Up