Սոնա Փարսադանյան.«Կուրգանում հայ երեխաները հետաքրքրված են Մայրենիով»

ՌԴ Կուրգան քաղաքում 2006 թվականից գործում է Հայկական մշակույթի տունը, որտեղ Հայոց լեզու և գրականություն է դասավանդում Սոնա Փարսադանյանը:

Սոնա Փարսադանյանն ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետը: Մինչ Կուրգան մեկնելը՝ Երևանում մանկավարժական գործունեություն է ծավալել:

Տիկին Փարսադանյանը «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց, որ Հայկական մշակույթի տունը Կուրգանի թիվ 1 երաժշտական դպրոցին կից է հիմնվել. «Երբ աղջիկս ընդունվեց այդ դպրոցը, պարզվեց, որ նրա ուսուցչուհին հայ է: Այս հանգամանքը նպաստեց, որ շատ հայ երեխաներ այցելեն դպրոց: Եվ դպրոցի տնօրենի մոտ միտք հղացավ մի կառույց ստեղծել, որտեղ հայ երեխաներին հայկական երգ, պար, ասմունք կսովորեցնեն: Եվ ամենակարևորը՝ նրանք հնարավորություն կունենան Մայրենիին տիրապետել»:

Ուսուցչուհու խոսքերով՝ Մշակույթի տունը նպաստեց, որ Կուրգանում ապրող հայ երեխաների մոտ Մայրենիի հանդեպ հետաքրքրություն առաջանա:

Դասընթացները կազմակերպվում են շաբաթ և կիրակի օրերին: Սկզբնական շրջանում 50 աշակերտ է եղել: Դասավանդվել են հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները, ապա երեք տարի անց նաև՝ հայկական երգ, պար և ասմունք:

Այսօր մշակույթի տուն 15 աշակերտ է այցելում: Ճիշտ է, դժվարությունները շատ են պատնեշել նրանց աշխատանքը, սակայն, երբեք չեն վհատվել, համախմբված աշխատակազմի շնորհիվ կարողաղացել են կայանալ և առաջ ընթանալ:

Թե՛ տնօրենը, թե՛ ուսուցիչներն ամեն միջոց օգտագործում են, որպեսզի հնարավորինս շատ երեխաներ այցելեն կենտրոն: Ուսուցչուհին նույնիսկ փողոցով քայելիս, երբ դիմագծերից նկատում է՝ երեխան հայ է,  մոտենում է նրան և առաջարկում իրենց մոտ սովորելու գալ:

Նոր երեխաներ գտնելու հարցում շատ է օգնում Կուրգանում կազմակերպվող ամենամյա միջքաղաքային մրցույթը, որն արդեն տասնմեկ տարի ավանդաբար իրականացվում է: Մրցույթի գաղափարը հետևյալն է՝ Կուրգանում ապրող տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ հիմնականում երեխաներ, հավաքվում են մեկ վայրում և ցույց տալիս իրենց երկրի մշակույթը՝ երգ, պար, ասմունք, իսկ վերջում ընտրում են լավագույներին:

Տիկին Փարսադանյանի հավաստմամբ՝ իրենք մրցույթում միշտ առաջատար հորիզոնականներն են գրավել, առաջին կարգի մրցանակի և Գրան պրիի արժանացել:

Այսօր արդեն Հայկական մշակույթի տունը պետական որակավորում է ստացել: Ըստ տրված արտոնագրի՝ այնտեղ աշակերտները երեքամյա կրթություն պետք է ստանան: Դա բավականացնում է, որ նրանց տարրական գիտելիքներ փոխանցեն:

Իսկ ուսուցիչների ընտրությանը Մշակույթի միության նախագահ Մարիամ Նիկոլյանը մեծ ուշադրությամբ է կատարում: Պատճառը երեխաներին կրթելու հարցում լավ մասնագետներ ընտրելն է: Ուսուցչակազմում ընդգրկված են հիմնականում Հայաստանից ժամանած մասնագետներ:

Խոսելով Կուրգանի հայ համայնքի մասին՝ Սոնա Փարսադանյանն ասաց. «Կազմակերպված և կուռ համայքն ունենք, Կուրգանի մարզում հայերի թիվը մոտ 2000-ի է հասնում, իսկ քաղաքում՝ 400-ի: Համայնքում ունենք արժանապատիվ հայեր՝ բժիշկներ, պատգամավոր, դատախազներ, հաջողակ գործարարներ և այլք, ովքեր ակտիվ գործունեություն են ծավալում: Համայնքի կարգավիճակ ենք ստացել 2011 թվականից, որի ղեկավարը Արմեն Խաչատրյանը դարձավ: Նա պարբերաբար մեր աշակերտներին հրավիրում է համայնքում տեղի ունեցող միջոցառումներին ելույթ ունենալու, ինչի համար շատ շնորհակալ ենք»:

Համայնքում հավուր պատշաճի է կազմակերպվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Կարևոր ձեռնարկներից մեկնն այնն էր, որ Կուրգանի կենտրոնական հրապարակին հարակից փողոցում՝ անմեղ նահատակների հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել: Ի դեպ, տուֆ քարը Հայաստանից են տարել: Ինչպես պարզ դարձավ, համայնքը հետագայում նպատակ ունի նույն վայրում փոքրիկ մատուռ վեր խոյացնել:

Սոնա Փարսադանյանը տեղեկացրեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության հետ միշտ կապի մեջ են և փորձոմ են հաստատված համագործակցությունն էլ ավելի ամրապնդել: Նա առաձնահատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչության աշխատակիցներին՝ պատրաստակամ վերաբերմունքի և աջակցության համար:

«Երկու անգամ մասնակցել եմ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոցի» Սփյուռքի կրթօջախների հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստմանը և մեծ բավականություն ստացել: Իսկ այս տարի աղջիկս՝ Վերժինեն, մասնակցեց «Արի տուն» ծրագրին: Ասեմ, որ նա արդեն  ցանկանում է ուսումը Հայաստանում շարունակել. որոշել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ընդունվել:

Գուցե դա պատճառ հանդիսանա, որ ընտանիքով տեղափոխվենք Հայաստան, չգիտե´մ, ժամանակը ցույց կտա»,-եզրափակեց տիկին Փարսադանյանը:

Գևորգ Չիչյան

kurgan3kurgan4 kurgan5kurgan6 kurgan8kurgan9 kurgan11kurgankurgan7

Scroll Up