Սիրիան, ներգաղթյալներն ու Հայոց ցեղասպանությունը` թուրք-գերմանական հարաբերությունների համատեքստում. «Lenta.ru»

Ռուսական «Lenta.ru» պարբերականը վերլուծական հոդվածով անդրադարձել է Թուրքիայի և Գերմանիայի հարաբերություններին և մեկնաբանել է, թե ինչ ազդեցություն են ունենում այդ հարաբերությունների վրա սիրիական ճգնաժամը, թուրք ներգաղթյալներն ու Հայոց ցեղասպանության հիմնահարցը:

Ինչպես գրում է Panorama.am-ը, հոդվածում ասվում է, որ վերջին տարիներին  Բեռլինի և Անկարայի մեջ միմյանց հանդեպ բազմաթիվ հավակնություններ են կուտակվել: Մասնավորապես, Անկարայի համար տհաճ նորություն էր այն, որ 1915-ին թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունները Գերմանիան պաշտոնապես ճանաչեց որպես ցեղասպանություն։ Առաջինը այդ մասին հայտարարեց Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը ապրիլի 23-ին՝ Բեռլինում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների ժամանակ։ Երկրորդն արտահայտվեց արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

 

«Տեղի ունեցածը համապատասխանում է «Ցեղասպանություն» սահմանմանը, ես շատ լավ եմ հասկանում նրանց զգացմունքները, ովքեր ցանկանում են, որ դա հենց այդպես էլ անվանվի, և փաստարկները, որոնցով նրանք առաջնորդվում են»,- նշել է նախարարը։

 

Չնայած այն բանին, որ Գաուկը ճանաչել է նաև Բեռլինի մասնակի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար (կայսերական Գերմանիայի զինվորականները մասնակցել են հայերի արտաքսմանը), թուրքական ԱԳՆ-ն ցասկոտ  հայտարարությամբ է պատասխանել:

«Նախագահ Գաուկն իրավունք չունի թուրք ժողովրդին վերագրելու հանցագործություններ, որոնք այն չի արել… Թուրք ժողովուրդը չի մոռանա և չի ների նախագահ Գաուկի հայտարարությունները»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ սպառնալով, որ եթե Գերմանիան չհրաժարվի նման դիրքորոշումից և կառուցողական դիրքորոշում չընդունի, երկարաժամկետ հեռանկարում դա բացասական հետևանքներ կունենա Անկարայի և Բեռլինի հարաբերությունների համար։

 

ՌԴ ԳԱԱ միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կոկեևի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության հերքումը վատ է անդրադառնում Գերմանիայում Թուրքիան ընկալելու վրա։

 

«Դա ցավոտ հարց է Անկարայի համար։ Դեռևս թուրքերը կտրականապես դեմ են տեղի ունեցածն անվանել «Ցեղասպանություն»։ Գերմանիան, որպես երկիր, որը լիովին ընդունել է պատասխանատվությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների համար, վատ է վերաբերվում թուրքական իշխանությունների նման գործելաոճին։ Հայոց ցեղասպանության հերքումը միայն հեռացնում է Թուրքիային այդքան ցանկալի ԵՄ-ի անդամակցությունից»,- համոզված է քաղաքագետը։

Scroll Up