«Թուրքի կուռը կոտրվեր»… հիշողություն

«Ես նստած էի հորս գլխավերեւում եւ շոյում էի նրա հոգնած ճակատը։ Արդեն գիտեի, որ հույս չկա»,- 1978թ. օրերից մեկը հիշելով՝ օդում կրկնում է այդ շարժումը Սերիկ Մանուկյանը։

«Մի՛ շոյիր, տղա՛ ջան։ Թուրքի կուռը կոտրվեր, որ չթողեց մոր համ տեսնեմ։ Բայց քո մայրը ինձ համ մոր համ է տվել, համ էլ կնոջ»,- թույլ ձայնով ասաց հայրս եւ փակեց աչքերը։ Նույն օր նա լուռ մարեց, շարունակում է իր պատմությունը զրուցակիցս՝ հավելելով, որ իր հայրը՝ Թադեւոս Մանուկյանը, 74 տարեկան էր։

«Նա զուսպ մարդ էր եւ շատ հազվադեպ էր ժպտում։ Հայրս իր երիտասարդության մասին մեզ ոչինչ չէր պատմում։ Նրանք, ովքեր իրեն լավ էին ճանաչում, ասում էին, որ նա տեսել է, թե ինչպես են թուրքերը սպանել իր մորը՝ Սիրանուշ տատիկիս, եւ այդ օրվանից նա ինքնամփոփ է դարձել»։

Հակոբ եւ Սիրանուշ Մանուկյանները սպանվել էին 1918թ.-ին Կարսի շրջանում։ Ավելի ուշ կենդանի մնացածներին խցկել էին Անատոլիա գնացող գնացքը։ Նրանց մեջ էր Մանուկյանների 2 որդիներից մեկը՝ Թադեւոսը։

«Նրանց այնտեղ էին տանում որպես ստրուկներ, որպեսզի ամեն տեսակ աշխատանք անեն։ Ճանապարհին հորս խորհուրդ էին տվել դուրս ցատկել գնացքից. փրկվելու այլ տարբերակ չկար։ Եվ նա ռիսկի դիմեց։ Դուրս թռչելով շարժվող գնացքից՝ նա սաստիկ վնասվել էր, սակայն ամեն դեպքում ողջ էր մնացել»։

Այդպես, օրուգիշեր երկաթգծերով քայլելով, անջուր ու քաղցած քաղաքից քաղաք, գյուղից գյուղ թափառելով, նա հասել էր Բաքու։ Թե ինչ էր եղել նրա ավագ եղբայր Մուշեղի հետ, նա չգիտեր։ Նրա մասին մտորումները միայն սաստկացնում էին տագնապի ու անելանելիության զգացումը, որն ալեկոծում էր նրա հոգին։

Թադեւոս Մանուկյանը՝ ձախից

Բաքվում  հանդիպած հայուհիները, որոնք փրկվել էին ջարդերից, Թադեւոսին առաջարկում են չանթան ուսը կախել եւ իրենց հետ շրջել փողոցներով ու ուտելիք խնդրել՝ քաղցից չմեռնելու համար։

«Սակայն հայրս շատ հպարտ էր ողորմություն խնդրելու  համար։ Բաքու ժամանելու առաջին իսկ օրը նա գնաց նավահանգիստ, որտեղ նրան բատրակ վերցրեցին»։

Մի քիչ գումար հավաքելով՝ երիտասարդը տեղափոխվեց Քյուրդամիր քաղաք։ Շուտով նա աշխատանքի է անցնում գինու գործարանում։ Այնտեղ տեսնելով տղայի աշխատասիրությունն ու գործին նվիրվածությունը՝ գործարանի ադրբեջանցի տերը որոշում է Թադեւոսին ուղարկել Մոսկվա՝ գինու պահեստները ղեկավարելու։ Սակայն երիտասարդը հրաժարվում է. նրան փողն ու պաշտոնը չէին հետաքրքրում, այլ ավագ եղբոր ճակատագիրը։ Գործից ազատ ողջ ժամանակը նա ծախսում էր եղբոր որոնումների վրա։

Մի օր նրան հաջողվում է պարզել, որ Մուշեղը ողջ է եւ ապրում է Կիրովականում։ Շուտով Թադեւոսը սկսում է ճանապարհի պատրաստություն տեսնել։

«Իմանալով, որ հայրս մեկնում է, գործարանի տերը կանչում է նրան, ձեռքը ահագին փող է տալիս՝ ասելով, թե դա նրա վաստակած գումարի մի մասն է, որը պահվում էր իր մոտ»։

Կիրովականում Թադեւոսն իրոք գտնում է եղբորը, որն այդ պահին արդեն սովխոզի նախագահ էր։

«Հայրս նրան առաջարկում է տուն գնել, սակայն հորեղբայրս կտրականապես դեմ էր։ Նա սոցիալիստ էր եւ պայքարում էր մասնավոր սեփականության դեմ. տուն առնելու մասին խոսք չէր կարող գնալ»։

Թադեւոսը նորից սկսում է աշխատանք փնտրել։ Որոշ ժամանակ անց քաղաքում քիմիական գործարանի շինարարություն է սկսվում։ Նա աշխատանքի է անցնում այնտեղ եւ այդպես էլ մինչեւ կյանքի վերջին օրը մնում այդ գործարանում։

1928թ. Թադեւոսն ամուսնանում է Արմենուհի Գաբոյանի հետ, իսկ մեկ տարի անց ծնվում է նրանց առաջնեկը՝ Սերգեյը, իսկ 5 տարի անց՝ Սերիկը։

Շուտով վրա հասած Երկրորդ համաշխարհային պատերազմը չշրջանցեց նաեւ Մանուկյաններին.1942թ. գալիս է Մուշեղի մահվան բոթը։

«Հայրս ծանր տարավ այդ լուրը։ Ցեղասպանությունը խլել էր նրա ծնողներին, իսկ պատերազմը՝ եղբորը։ Նա սկսեց ավելի շատ աշխատել եւ ավելի քիչ խոսել»։

Պատերազմի ավարտից հետո ընտանիքում ծնվում է եւս մեկ տղա՝ Սերժիկը։

1951թ. Մովսես Մանուկյանին գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի եւ հայ մտավորականության այլ ներկայացուցիչների հետ հայկական պատվիրակության կազմում գործուղում  են Մոսկվա՝ խաղաղության պաշտպանությանը նվիրված կոնֆերանսին մասնակցելու համար։

Թադեւոս Մանուկյանը՝ կանգնած աջ ծայրից

«Հայրս շատ բարդ կյանք է ունեցել, բայց նա կարողացել է այդ կյանքը արժանավայել ապրել»,- հոգոց է հանում Սերիկ Մանուկյանը։ Ինքը՝ արդեն տարիքն առած մի ծերունի, մեկ առ մեկ աչքի անցկացնելով հոր լուսանկարները, որդիաբար խղճում է նրան բաժին հասած դառը ճակատագրի համար։

1978թ.-ից քիչ տարիներ չեն անցել։ Սերիկ Մանուկյանն ապրում է Երեւանում եւ արդեն 3 թոռ ունի, սակայն հոր վերջին բառերը հնչում են նրա ականջներում՝ արտաքին աշխարհից ոչ մի արձագանք չստանալով. «Թուրքի կուռը կոտրվեր»…

Անի Աֆյան

News.am

Scroll Up