Դեպի Սուրբ Թադեի վանք

Սբ. Թադեոս առաքյալի և Սանդուխտ կույսի տոնի առիթով Ատրպատականի Հայոց թեմը եռօրյա ուխտագնացություն էր կազմակերպել դեպի Իրանի հյուսիսում գտնվող Սբ. Թադեի վանք: Ամենամյա ուխտագնացությունն այս տարի մեկնարկելու էր հուլիսի 24-ին։ Հոգու և արյան կանչով կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու ցանկություն էին հայտնել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ և սփյուռքահայ ուսանողներ: ՍՆ աջակցությամբ՝ ուխտավորների 24 հոգուց բաղկացած խումբը Հայաստանից մեկնեց Իրան, որտեղ նրանց դիմավորեց Ատրպատականի Հայոց թեմի թեմական խորհրդի ատենադպիր Գագիկ Ջորջիանը: Հայոց թեմի նախաձեռնությամբ՝ ուխտագանցությունից առաջ մասնակիցները հյուրասիրվեցին իրանական խոհանոցի տարբեր ուտեստներով:
Նախաճաշից հետո սկսվեց ուխտագնացությունը. առաջին կայանը Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքն էր, որը գտվում է Դարաշամբի շրջանում՝ Արաքս գետի աջ ափին: Առաջնորդարանի ներկայացուցիչ Ռազմիկ Դիլանյանը ուխտագնացներին ներկայացրեց վանքի պատմությունը: Նա նշեց, որ Սուրբ Ստեփանոսի վանքը նաև Մաղարդավանք են անվանում: Այն կառուցվել է 9-րդ դարում, սակայն այժմ վերանորոգվում է։ «Վանքի մատուռն ու գմբեթն արդեն վերանորոգված են: Հայաստանից երկու վարպետ էին եկել, և տեղի իշխանությունների օժանդակությամբ գմբեթը նորից վեր բարձացրեցինք»,- պատմեց Ռազմիկ Դիլանյանը և հավելեց, որ այս եկեղեցին համաշխարհային նշանակության պատմական կառույց է և 2008 թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Շրջայցից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ քննարկում՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի և «Արաքս» ազատ առևտրային գոտու ներկայացուցիչների միջև: Նախարարի տեղակալի խոսքով՝ նրանց կողմից առաջարկ է եղել ամրապնդելու հայ-իրանական տուրիստական հարաբերությունները, որպեսզի զարգանա զբոսաշրջությունը. «Մեզ առաջարկեցին մշակութային կապերն ամրապնդել, ինչը նշանակում է, որ նրանք լայն գաղափարաբանություն ունեն մշակույթի զարգացման հարցում: Նրանք, լինելով իսլամական պետության ներկայացուցիչներ, քրիստոնեական սրբավայրը դարձրել են դրախտ»,- նշեց պարոն Սրապիոնյանը և հավելեց, որ հավանություն է տվել Հայաստանում իրանյան օրեր կազմակերպելու նրանց առաջարկին:
Այնուհետև ատենադպիր Ջորջյանի գլխավորությամբ ուխտավորները շարժվեցին դեպի Սուրբ Հովվի վանք, որը գտվում է Ջուլֆայում՝ Արաքսի ափին մոտ: Ուխտավորները ծանոթացան Վանքի հետաքրքիր պատմությանը. վանքը կառուցել են հայ հովիվները, որոնք օրվա աշխատանքից հետո չէին հասցնում հասնել Սուրբ Ստեփանոս և որոշում են ճանապարհին հիմնել փոքրիկ աղոթատեղի: Շուրջ հինգ դար գոյություն ունեցող Սուրբ Հովվի վանքը վերանորոգվել է իրանական իշխանությունների նախաձեռնությամբ, և քրիստոնեական խորհրդանիշ համարվող խաչը տեղադրվել է գմբեթին:
Ուխտավորները վերջին կայանը եղավ Սուրբ Թադեի վանքը, որը գտնվում Մակու քաղաքից 20 կմ հեռավորության վրա՝ Չալդրանի դաշտավայրի հյուսիս-արևելքում: Վանքի ներկա շենքը բաղկացած է երկու՝ նոր և հին մասերից։
Ուխտագնացության ընթացքում Թադեի վանքում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» երաժշտական թատերական ներկայացումը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. «Ամեն տարի Սուրբ Թադեի տոնի առիթով կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Ուշագրավ էր 61-ամյակի առթիվ կազմակերպված մեծ միջոցառումը, որին մասնակցում էին «Կոմիտաս» երգչախումբը, Թեհրանի և Սպահանի Հայոց թեմերի ներկայացուցիչները, ինչպես նաև շուրջ հինգ հազար հայեր աշխարհի տարբեր երկրներից».- պատմեց ատենադպիր Ջորջիանը՝ իր շնորհակալությունը հայտնելով Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ տոնին աջակցելու համար: Ուխտավորները գիշերեցին Ատրպատականի Հայոց թեմի կողմից տրամադրված սենյակում. թեմը հոգացել էր նաև նրանց սննդի հարցը:
Հուլիսի 25-ին ուխտավորները մասնակցեցին Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր Չիֆթճյանի առաջնորդությամբ մատուցած պատարագին: Սուրբ Թադեի վանքում երկրորդ արարողությունը համահայկական խաղերի ջահի վառման կարգն էր, որին մասնակցում էին Հայաստանից, Թեհրանից եկած հյուրեր ու թեմական խորհրդի անդամներ: Առաջնորդարանի ներկայացուցիչները ուխտավորների հետ միասին վառված ջահը տարան Ավարայրի դաշտ: Այսպես ավարտվեց 2015 թվականի եռօրյա ավանդական 61-րդ ուխտագնացությունը. հուլիսի 26-ին հայ ուխտավորները վերադարձան Հայաստան:
Լաուրա Մամյան,
Զառա Մանուչարյան