Շաքե Մանգասարյան. «Եթե կա հայը՝ կա նաև հայ մնալու պայքարը»

Այս օրերին Երևանում է Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական ռադիոյի հիմնադիր Շաքե Մանգասարյանը:
«ՌադիոԱյգը» գործում է 2011 թվականից: Չհետապնդելով նյութական որևէ շահ՝ հայկական առցանց ռադիոն հավատարիմ է մնում իր որդեգրած քաղաքականությանն ու առաքելությանը՝ Հայաստան-Սփյուռք կապի ստեղծմանն ու պահպանմանը: Շաքե Մանգասարյանն այսօր էլ հյուրընկալվել է «Ռադիոլուրում»:
Միացյալ Արաբական Էմիրությունների ամենամեծ քաղաքում, որտեղ բնակչության միայն 5 տոկոսն է քրիստոնյա, գործում է հայկական համացանցային ռադիոկայան: Դուբայում հայկական ռադիո հիմնելու գաղափարը ծնունդով Հալեպից Շաքե Մանգասարյանինն էր:
Արաբական Էմիրություններում Հայաստանն ու հայկական մշակույթը ճանաչելի դարձնելու ճանապարհին Շաքե Մանգասարյանը բավականին լուրջ խոչընդոտներ է հաղթահարել և այսօր արդեն հպարտ կարող է ասել է, որ հայկական առցանց ռադիոն հասել է իր գլխավոր առաքելությանը՝ հայապահպանությանը:
«Ռադիո Այգը» հեռարձակման 4 տարիների ընթացքում մեծապես նպաստել է նաև Հայաստան-Սփյուռք կապի ստեղծմանն ու պահպանմանը: Հայկական այս ռադիոյի եթերները ընդգրկում են լրատվական, քաղաքական, հոգևոր, մշակութային հաղորդումներ, հարցազրույցներ, իսկ երաժշտական կատարումներից առավելագույն տեղը հատկացվում է ազգային երգարվեստին՝ ժողովրդական, աշուղական, գուսանական, հայկական և համաշխարհային դասական երաժշտությանը:
«Ռադիո Այգի» գլխավոր առանձնահատկությունը, սակայն, այն է, որ կարևորագույն առաքելությունն իրականացնում է առանց նյութական շահի և ակնկալիքի,-«Ռադիոլուրի» հետ զրույցում խոստովանեց «Ռադիո Այգըի» հիմնադիր Շաքե Մանգասարյանը:
Հատկանշական է, որ ոչ միայն «Ռադիո Այգն» է հավատարիմ իր ունկնդիրներին, այլև ունկնդիրներն են հավատարիմ իրենց սիրելի ռադիոկայանին։ Քանի որ հեռարձակումն իրականացվում է բացառապես հայերենով, այն նպաստում է նաև Սփյուռքում մայրենիի պահպանմանը:
Ի դեպ, Շաքե Մանգասերյանին և «Ռադիո Այգի» աշխատակազմին երեկ ընդունել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Բարձր գնահատելով հայկական ռադիոյի գործունեությունը հայապահպանության և ազգային արժեքների տարածման գործում՝ Սփյուռքի նախարարը «Ռադիո Այգին» է հանձնել հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար մրցանակաբաշխության «Հայոց ցեղասպանություն. 100-րդ տարելիցին ընդառաջ լավագույն հրապարակում» անվանակարգում ստացած մրցանակը: