Ժամանակակից երիտասարդների հետաքրքրությունը՝ որպես Մայրենիի ուսուցման միջոց

Այսօր մեր երիտասարդներից դժվար է գտնել որևէ մեկին, ով գրանցված չլինի սոցցանցերից գոնե մեկում։ Մայրենի լեզվի դասավանդման ընթացքում՝ կիրակնօրյա դասերի ժամանակ, ես հասկանում էի, որ աշակերտների համար քիչ է շաբաթը մեկ կամ երկու ժամով հայերեն խոսելը։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ուսանողներից մեկին խնդրում էի կիրակի օրվա հանձնարարությունները բջջային հեռախոսով լուսանկարել և տեղադրել սոցցանցում՝իրենց ստեղծած խմբի մեջ, որպեսզի հաջորդ դասին անպատրաստ գալու պատճառ չլիներ։ Այնուհետև աշակերտներս ինձ էլ առաջարկեցին ներգրավվել խմբի մեջ։ Եվ երբ արդեն ունեի իմ էջը, երիտասարդներից մեկը՝ Էդուարդ Տերտերովը, ստեղծեց նոր խումբ՝ «Մեծ հայկական ընտանիք» անվամբ։

Սկզբում խմբում խոսում էին ռուսերեն, բայց երբ ես անցնում էի հայերենին, բոլորն, իրենց կարողացածի չափով, գրում էին հայերեն՝ սակայն լատինատառ։ Ապա սկսեցինք զրուցել հայատառ հայերենով ։ Եվ նրանք, ովքեր տարվա ընթցքում ինչ-ինչ պատճառներով կիսատ էին թողել ուսուցումը կամ չունեին հայերեն ստեղնաշար, զրույցից ետ չմնալու համար ներբեռնեցին հայերեն տառերը՝ սկսելով ակտիվորեն մասնակցել քննարկումներին ու զրույցին։ Մարդիկ, ովքեր զլանում էին կամ աշխատանքի, ուսման պատճառով ժամանակ չէին ունենում հայերեն հոդվածներ համ գրականություն կարդալու, սկզբում դժվարությամբ և ստիպված, ապա արդեն բավականին վարժ ու հաճույքով կարդում էին հղում արած հոդվածը կամ գրականությունը՝ ետ չմնալու համար քննարկումներից, որոնք արդեն անցնում էին հայատառ հայերենով։ Այժմ կարող եմ գոհությամբ նշել, որ 2015թ․ մայիսից ստեղծված սոցցանցի խումբը մեծ արդյունք տվեց, քանի որ ուսանողներն այստեղ հայերեն գրում և կարդում են ամեն օր և ամեն ժամ։ Այժմ խմբում բոլորը տեղյակ են՝ ինչ է կատարվում հայրենիքում և յուրաքանչյուր հայտնի հայի հետ աշխարհի բոլոր անկյուններում, և այդ ամենը՝ հայերեն։

Սկզբում խումբն ուներ 30 անդամ, այժմ 42-ն են, ովքեր միմյանց հետ շփվում են Մայրենիով և ապրում հայրենիքով։

Կոչ եմ անում սփյուռքում գործող կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներին․ արդյունավետ դարձնենք մեր ուսանողների ժամանակակից հետաքրքրությունները․ սովորեցնենք Մայրենին իրենց հասանելի ու հաճելի ճանապարհով։

 Լուսինե Սարգսյան

ՌԴ ք․Աստրախան «Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոց

Scroll Up