Պարել են սովորում սփյուռքահայ ուսուցիչները

Ծաղկաձորի Երիտասարդական կենտրոնում շարունակվում են «Սփյուռք ամառային դպրոց»-2013թ ծրագրի Հայոց լեզվի և ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:
Հայոց լեզվի պարապմունքներին զուգահեռ, որոնք արևելահայերեն և արևմտահայերեն հոսքերով իրականացնում են Երևանի պետական համալսարանի դասախոսները, ուսուցիչներին ուսուցանվում է նաև հայ ազգային երգ ու պար:
Ազգային պարի գաղտնիքներին ուսուցիչներին ծանոթացնում է «Կարին» ազգագրական խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Ինչպես նշեց Գագիկ Գինոսյանը, «Կարին» ազգագրական խումբը ազգային պարի ու երիգի ուսուցման միջոցով փորձում է օգնել հայերին կերտելու ազգային դիմագիծը և վերագտնելու իրենց իրական տեսակը: Քանզի պարը պատահական շարժում ու պարաքայլ չէ. այն, ինչպես Կոմիտասն է ասել, արտահայտում է ազգի բնորոշ գծերը, նրա բարքն ու քաղաքակրթության աստիճանը:
Գագիկ Գինոսյանը Սփյուռքում ապրող հայ ուսուցիչներին հորդորեց, որ նրանք նույնպես այս առաքելությունը որդեգրեն, մանավանդ որ նրանք օգնում են, որպեսզի օտար երկրում ապրող հայն իր տեսակը, իր լեզուն ու մշակույթը պահի:
Առաջին պարպմունքին սփյուռքահայ ուսուցիչները սովորեցին «Գյոնդ», «Վերվերի» պարատեսակները, իսկ հաջորդ պարապմունքի ընթացքում կփորձեն սերտել «Կարնո քոչարին»:
Մինչև պարերի ուսուցումը Գագիկ Գինոսյանը սփյուռքահայ ուսուցիչներին ծանոթացրեց ազգային պարի ակունքներին, պարատեսակներին, խոսեց այն մասին, թե պարն ինչ նշանակություն է ունեցել հայ մարդու համար:
Պարապմունքն անցավ շատ ուրախ, կատակային տրամադրությամբ: Որոշ ուսուցիչների համար մի փոքր դժվար էր պարի ռիթմին վարժվելը: Ինչպես կատակով նշեցին նրանք, ոմանք արդեն երիտասարդ չեն, շատերը տատիկներ են ու երիտասարդական նախկին եռանդն այլևս չունեն: Բայց անկախ տարիքային ու առողջական «գանգատներից»՝ բոլորն էլ ջանում էին կրկնել այն ամենը, ինչը ցույց էր տալիս Գագիկ Գինոսյանը:
Վերջում ուսուցիչներն այնքան էին ոգևորվել, որ արդեն իրե´նք չէին ցանկանում ավարտել պարապմունքը:
Լ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Ծաղկաձոր