Կարևորը ոչ թե խորհրդարանում ներկայացված լինելն է, այլ աշխատանքը. Կարո Փայլան

Թուրքիայի քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության ցանկով պատգամավոր ընտրված հայ Կարո Փայլանը մեկնաբանել է հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու նշել, որ իրենց համար զարմանալի չէր կուսակցության հավաքած 11-13% քվեն։
Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը՝ հղում կատարելով «Ակօս»-ին, նորընտիր հայ պատգամավորն ասել է, որ իրենց հաղթանակը հնարավոր է եղել միայն 4 տարվա ճանապարհից հետո։
Ընտրված երեք հայ պատգամավորներից մեկը հանդիսացող Փայլանը խոսել է խորհրդարանում իր ապագա աշխատանքի մասին։
«Կարևոր է ոչ թե այն, որ երեք հայ կա խորհրդարանում, այլ այն, թե ինչ են անելու նրանք։ Իմ կուսակցության համար հավասարության հարցն առաջնային է լինելու։ ԱԶԿ-ում էլ («Արդարություն և զարգացում» կուսակցություն- Tert.am) քրդեր կան, սակայն այդ հավասարությունը չենք տեսնում»,-ասել է նա՝ նշելով, թե կարևորն այն է, որ Թուրքիայի քաղաքականությունը փոխվելու է։
Կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող կուսակցությունը հավաքել է ձայների 40.9 տոկոսը և միայնակ կառավարություն ձևավորել չի կարող:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 20 կուսակցություն: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 53 մլն ընտրող: Խորհրդարանում ներկայացված լինելու իրավունք ստացել է 4 կուսակցություն:Քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունը պատմության մեջ առաջին անգամ կարողացել է շրջանցել 10 տոկոսանոց արգելքն ու հայտնվել խորհրդարանում: