«Արի տուն 2013». «Ինձ հետ եմ տանելու Գառնիի ջուրը»

Սփյուռքի երիտասարդների՝ «Արի տուն» հայրենաճանաչության 2013թ ծրագրի երրորդ փուլի մասնակիցները, հիացած Հայաստանի գեղատեսիլ վայրերով, հուլիսի 13-ին Ապարան կատարած շրջայցի ժամանակ փոխանակվում էին իրենց տպավորություներով: Ամբողջ ճանապարհին իրենց երգերով և պարերով նրանք արտահայտում էին հայրենիքի հանդեպ իրենց սերն ու կարոտը:

Անի Հայրապետյան, 13 տարեկան, Վրաստան

«Առաջին անգամ եմ Հայաստանում, այսպիսի գեղեցիկ վայրեր չկան ոչ մի երկրում: Վերադառնալիս ինձ հետ եմ տանելու Գառնիի ջուրը: Հայաստան ժամանեցի Վարդավառի օրը և այնքան եմ հավանել այդ տոնը, որ մտադիր եմ ամեն տարի այդ օրը գալ հայրենիք»:

Սալի Ասի, 19 տարեկան, Իսրայել

«Հայոց ցեղասպանությունից հետո ընտանիքս երբեք չի եղել հայրենիքում. այսօր ես հպարտ եմ, որ եկել եմ Հայաստան, քանի որ իրականացրեցի տատիկիս ու պապիկիս, ծնողներիս երազանքը»:

Արետ Դեմիր, 18 տարեկան, Գերմանիա

«Գեղեցիկ է մեր գիշերային Երևանը, Հայաստանը ամեն ինչով է գեղեցիկ, մեր բոլոր աղջիկներն են գեղեցիկ, և ես մտադիր եմ ամուսնանալ հայրենիքում»:

Հասմիկ Քալայջյան, 22 տարեկան, Իսրայել

«Հայաստանում մենք զգում ենք ինչպես տանը` հանգիստ և ապահով: «Արի տունը» համախմբում է ողջ հայությանը, օգնում է մեզ ճանաչել մեր երկիրը, մեր մշակույթը: Գալով Հայաստան` համոզվեցի, որ ուզում եմ վերջնական հաստատվել այստեղ»:

Էնիկո Զաբո, 16 տարեկան, Ռումինիա

«Հայաստանում բոլորը ժպիտներով են դիմավորում մեզ, շատ բարեհամբույր են և միշտ ջերմորեն են մեզ ընդունում: Ես երջանիկ եմ, որ իմ հայրենիքում եմ»:

Արդա Ասի, 15 տարեկան, Իսրայել

«Առաջին անգամ եմ տեսնում Հայաստանը, իմ հայրենիքը, իմ տունը: Ես հիացած եմ իմ հայրենի հողով»:

Իրենց տպավորություններով կիսվեցին նաև հյուրընկալ ընտանիքների երեխաները:

Աստղիկ Պետրոսյան, 16 տարեկան

«Առաջին իսկ օրվանից մտերմացանք, ամեն րոպեն միասին փորձում ենք արդյունավետ անցկացնել: Ամեն օր նրանց հետ հայերեն եմ պարապում, մենք միմյանցից շատ բան ենք սովորում»:

Հարություն Խուբլարյան, 15 տարեկան

«Շատ եմ մտերմացել Արետի հետ, նրա հետ ժամանակը շատ հետաքրքիր է անցնում: Նա ունի մի շատ լավ ընդունակություն. նկարում է յուրօրինակ նկարներ, ամեն նկար ունի իր պատմությունը, որի մասին նա ամեն օրվա վերջում պատմում է ինձ»:

Աննա Շաշիջյան, 17 տարեկան

«Մենք արդեն երկրորդ անգամ ենք մեր տանը հյուրընկալում «Արի տուն» ծրագրի մասնակիցներին, այս անգամ կրկին Վրաստանից են եկել: Նրանց բոլորի հետ շատ ենք կապվել, և չենք ուզում մոտենա այն օրը, երբ  նրանք կհեռանան մեզանից»:

Մարիաննա Անանյան

Scroll Up