Ինչպես 1916 թվականին գերմանական Ռայխստագում տապալվեց ցեղասպանության քննարկումը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը, դաշնային նախագահ Յոախիմ Գաուկը, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթն ու խորհրդարանի բոլոր խմբակցությունները կողմ արտահայտվեցին հայերի ոչնչրացումը որպես ցեղասպանություն որակող խորհրդարանական բանաձևի ընդունմանը: Փաստաթղթի նախագիծն այդ օրերին, այնուամենայնիվ, չընդունվեց՝ քվեարկությունը հետաձգվեց մինչև ամառ: Հարցը քննարկելու և տեղի ունեցածը գերմանական խորհրդարանում ցեղասպանություն որակելու փորձեր եղել են նաև նախկինում:ArmenianGenocide100.org-ը ներկայացնում է առաջին նման քննարկման փորձը, որը տեղի էր ունեցել դեռևս Կայզերական Գերմանյիայում՝ Ցեղասպանության օրերին:

 

Ռայխսթագի   պատգամավոր, Գերմանիայի կոմունիստական կուսակցության ապագա համահիմնադիր Կարլ Լիբկնեխտը 1915թ. դեկտեմբերի 20-ի իր գրավոր հարցումով դիմել էր ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգին տեղեկանալու, թե արդյոք Գերմանիայի կառավարությանը հայտնի են դաշնակից Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող զանգվածային ջարդերի փաստերը: 1916թ. հունվարի 11-ին Ռայխսթագի 13-րդ գումարման 26-րդ նիստի ժամանակ հնչեցրած պատասխանը և Ռայխի պատգամավորների բուռն հակազդեցությունը փաստում են, որ այն ժամանակ Գերմանիայի կառավարության և կառավարամետ պատգամավորների համար հումանիստ Լիբկնեխտի կողմից բարձրացվել էր գերմանական կառավարության քիմքին ոչ հաճո հարցապնդում:

 

Ստորև ներկայացված է Կարլ Լիբկնեխտի գրավոր հարցումն ու  հարցման վերաբերյալ տեղի ունեցած կարճ քննարկման սղագրությունը:

 

Համար 187, գրավոր հարցում համար 12

 

Պատգամավոր Կարլ Լիբկնեխտը դիմում է ռայխսկանցլերին:

 

Տեղյա՞կ է արդյոք ռայխսկանցլերը, որ ներկայումս ընթացող պատերազմում դաշնակից թուրքական կայսրությունում հայ բնակչությունը հարյուրհազարներով իրենց բնակատեղիներից վտարվում և ոչնչացվում է:

 

Ի՞նչ քայլեր է ձեռնարկել պարոն ռայխսկանցլերը, որ դաշնակից թուրքական իշխանության մեջ արթնանա ապաշխարելու անհրաժեշտությունը, որպեսզի Թուրքիայում  հայ ժողովրդի մնացյալ հատվածի դրությունը մարդկային արժանապատվությանը վայել կարգավորվի, ու նման արհավիրքների կրկնությունը կանխվի:

 

Բեռլին, 20 դեկտեմբերի 1915թ.

Հատված Ռայխսթագի 13-րդ գումարման 26-րդ նիստի սղագրությունից. Բեռլին, 11 հունվարի 1916թ.

 

Նախագահ – Անցնում ենք օրակարգին: Օրակարգի առաջին մասը կազմում են գրավոր հարցումները: Առաջինը հարցումը համար 12-ն է (տպագիր՝ թիվ 187): Հարցումը ներկայացնելու համար խոսքը տրվում է պատգամավոր դոկտոր Լիբկնեխտին:   

 

Դոկտոր Լիբկնեխտ, պատգամավոր – Տեղյակ է արդյոք ռայխսկանցլերը, որ ներկայումս ընթացող պատերազմում դաշնակից թուրքական կայսրությունում հայ բնակչությունը հարյուրհազարներով իրենց բնակատեղիներից վտարվում և ոչնչացվում է:  Ի՞նչ քայլեր է ձեռնարկել պարոն ռայխսկանցլերը, որ դաշնակից թուրքական իշխանության մեջ արթնանա ապաշխարելու անհրաժեշտությունը, որպեսզի Թուրքիայում  հայ ժողովրդի մնացյալ հատվածի դրությունը մարդկային արժանապատվությանը վայել կարգավորվի, ու նման արհավիրքների կրկնությունը կանխվի:

 

Նախագահ – Հարցմանը պատասխանելու համար խոսքը տրվում է կայզերական դեսպանորդ, արտաքին գերատեսչության քաղաքական բաժնի խմբի ղեկավար դոկտոր ֆոն Շտումին:

 

Դոկտոր ֆոն Շտում, կայզերական դեսպանորդարտաքին գերատեսչությանքաղաքական բաժնի խմբի ղեկավար – Պարոն ռայխսկանցլերը տեղյակ է, որ Բարձր Դուռը, ելնելով  հակառակորդի խռովարար խարդավանքներից, ստիպված է հայ բնակչությանը թուրքական տիրապետության որոշ տարածքներից տեղահանել և նրանց նոր բնակավայրեր ուղարկել: Ձեռնարկած վերոհիշյալ միջոցառումների պատճառով առաջացած որոշակի հետևանքներն այժմ գերմանական ու թուրքական կառավարությունների միջև մտքերի փոխանակման առիթ են դարձել: Մանրամասները տեղեկացման ենթակա չեն:

Պատգամավոր դոկտոր Լիբկնեխտ – Ես խնդրում եմ իրավունք տալ լրացում կատարել հարցմանը: (Դահլիճում աշխուժություն է տիրում ):

 

Նախագահ – Հարցումը լրացնելու համար խոսքը տրվում է պատգամավոր դոկտոր Լիբկնեխտին:

 

Պատգամավոր դոկտոր Լիբկնեխտ – Հայտնի՞ է պարոն ռայխսկանցլերին, որ պրոֆեսոր Լեփսիուսը Թուրքիայի հայերի ուղղակի ոչնչացման մասին է խոս… (Նախագահի զանգը: Զեկուցողը փորձում է շարունակել խոսքը: Դահլիճից հնչում են «Լռությու՛ն, լռությու՛ն» բացականչություններ):

 

Նախագահ – Պարո՛ն պատգամավոր, սա նոր հարցում է, որը ես չեմ կարող թույլատրել:

 

Պատգամավոր դոկտոր Լիբկնեխտ – Պարո՛ն նախագահ, անցե՛ք կանոնակարգին: Խնդրեմ, կանոնակարգը:

 

Եթե պարոն նախագահը հարցումը մինչև վերջ լսեր, ի վիճակի կլիներ որոշել(դահլիճում  կրկին աշխուժություն է սկսվում), արդյոք խոսքը նոր հարցման մասին է, թե ոչ: Ի դեպ պետք է ընդգծել, որ պարոն նախագահն ինքնակամ չվճռեց(կրկին լսվում են բացականչություններ), որ նոր հարցում է առաջադրված, այլ դահլիճի արձագանքից ելնելով:

 

Նախագահ – Պատգամավոր դոկտոր Լիբկնեխտ, ես արգելում եմ իմ կանոնակարգի նկատմամբ նման քննադատություն:  (Բուռն ծափահարություններ): Անցնում ենք օրակարգի հաջորդ գրավոր հարցմանը…

carl-libknekht

Թուրքիայում հայերի ոչնչացման մասին բարձրաձայնած Կարլ Լիբկնեխտը

Scroll Up