Մուսուլմանի նման վարվեցինք, բայց մեզ դարձյալ «գյավուր» կոչեցին. թուրքական պարբերականն իսլամացած հայի պատմություն է ներկայացրել

Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել, սակայն ականատեսների և նրանց երեխաների պատմած պատմությունների մեջ 1915-ի և դրան հաջորդած ջարդերի մասին նոր տեղեկություններ են ի հայտ գալիս, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է թուրքական Evrensel կայքը։
Շատ տարիներ անց իր հայ լինելու մասին իմացած Հադի Գյումուշը տարիներ շարունակ բազմաթիվ ճնշումներ է տեսել։ Տարիներ շարունակ ապրել է որպես մուսուլման, սակայն նրան շարունակել են «գյավուրի» պես վերաբերվել։

Թուրքիայում հայերի հանդեպ վերաբերմունքը նրանցից շատերին դրդել է թաքցնել իրենց ինքնությունը։ Շատ հայեր կամ իսլամացել են, կամ փորձել են մուսուլմանի պես ապրել։ Նրանցից մեկն էլ ուրֆացի Հադի Գյումուշն է։

Նրա ընտանիքն Ուրֆա է գաղթել Ադըյամանից։ Գաղթի պատմությունը նա այսպես է ներկայացնում. «Ցեղասպանությունից առաջ մեր գյուղի՝ Օլբիշի բնակչության կեսը հայեր են եղել։ Եղբայրաբար, համատեղ ապրել ենք։ 1915-ին և դրանից հետո հայերը գաղթել են։ 1915-ին այդ գյուղում հորեղբայրներս ու մեր բարեկամներից շատերը սպանվել են։ Բախտի բերմամբ մի հորեղբայրս է ողջ մնացել, նա էլ լսողությունն է կորցրել, ու հոգեկան հավասարակշռությունը խանգարվել է։ Կոտորածից հետո ամեն ինչ թողել են ու գաղթել։ Դրանից հետո սկսել են ապրել Ուրֆայի Սիվերեք շրջանում»։

Նա պատմում է, որ տարիներ շարունակ ճնշումների է ենթարկվել հայկական ինքնության պատճառով.
«Մանկությանս տարիներին ընկերներիս հետ ֆուտբոլ էինք խաղում, և չնայած ես լավ խաղացող էի, միշտ թերիի, հանցավորի նման էին ինձ վերաբերվում։ Դպրոցում էլ «գյավուր» էին ասում։ Բայց մեր ընտանիքը կոտորածից հետո մուսուլմանի նման էր ապրում։ Շրջակա մարդկանց կրոնը դրան էր դրդում։ Ճնշումներից հետո հայրս մուսուլման էր դարձել։ Եվ ես չէի հասկանում՝ եթե մուսուլման ենք, մեզ ինչո՞ւ են «գյավուր» ասում»,- ասում է նա։

Գյումուշը նշում է, որ հայկական ինքնության պատճառով դժվարություններ է ունեցել կյանքի տարբեր բնագավառներում։ Հայ լինելու պատճառով սիրելին լքել է նրան, մեկ այլ դեպքում էլ հրաժարվել են աղջիկ տալ։

Նա նշում է, որ Թուրքիայում պետք է դադարեն հայը որպես հայհոյանք օգտագործել։ Գյումուշը կոչ է անում փորձել միմյանց ճանաչել` առանց կրոնական համոզմունքները քննելու։ Համոզված է՝ դրանից հետո կսկսեն միմյանց դարձյալ եղբայրաբար նայել։ «Եղբայրության և համերաշխության սերմերը դարձյալ ցանենք»,- ասում է նա։

Scroll Up