Հայկական որբանոցի նոր կյանքը. թուրք հոդվածագիրը՝ Ստամբուլի հայկական «Արմեն» ճամբարի մասին

Ստամբուլի Թուզլա շրջանի գեղեցիկ բնության գրկում գտնվող «Արմեն» ճամբար-որբանոցի քանդման դեմ պայքարողներն այս օրերին որբանոցի նման համատեղ են ապրում: Այստեղ այս օրերին քրդերեն, թուրքերեն ու հայերեն երգեր են երգում, գրում է թուրք հոդվածագիր Բեգյում Զորլուն:
Tert.am-ը Hye Tert-ում հրապարակված հոդվածը ներկայացնում է մասնակի կրճատումներով.
«Միջանցքը, ուր «5 քար» էինք խաղում, մեր երեխաների առաջին քայլերը, այգում վազվզելը, համատեղ ուժերով ներկած պատերը, մեր խոհանոցը, մեր հուշերով լի ֆիլմն առանց ցավ զգալու ընդհատեցին: Թույլ չտվեցին, որ մեր թոռներն էլ այնտեղ վազվզեն, թույլ չտվեցին, որ մեր մազերն այնտեղ ճերմակեն, թույլ չտվեցին…»:
Ինչպես կռահեցիք՝ այս խոսքերը Ռաքել Դինքին են պատկանում (նշանավոր լրագրող Հրանտ Դինքի այրուն-Tert.am): Չքանդելու համար օրեր շարունակ պայքարող ճամբարի պատմությունն էլ Ռաքելի պատմության նման «թույլ չտալու» վրա է ստեղծվել:
Թույլ չտվեցին, որ երեխաներն այնտեղ մեծանան ու իրենց աշխարհը կառուցեն: Թույլ չտվեցին ողջ կյանքի համար բարեկամություն ու ընկերություն հաստատել…
Թույլ չտվեցին, որ ծիծեռնակն այնտեղ հյուսի իր բույնը: Օրենքներ ստեղծելով՝ բույնը տակնուվրա արեցին, և քանդված բնի ծիծեռնակներն անօգնական օդում բողոքեցին:
Ծիծեռնակի բույնը վերաշինելու ցանկությունն այն պայքարի մեծ վայրի վերածեց:
Երբ այն գնեցին, դատարկ տարածք էր, և երեխաներն իրենց ձեռքերով կառուցեցին իրենց տունը: Ավելի ուշ իրենց ձեռքով կառուցված տունն առգրավեցին: Մի քանի անգամ վերավաճառվելուց հետո դրա ներկայիս տերը՝ Ֆաթիհ Ուլուսոյը, շինությունը քանդելու որոշում կայացրեց:
Քանդելու դեմ մի շարք մարդկանց աջակցությամբ պայքար սկսվեց: Բազմաթիվ մարդիկ այնտեղ հերթապահություն սկսեցին:
Այսօր ճամբարը Գեզի պուրակի պայքարին է նման»: