«Nouse». Հայոց ցեղասպանություն. ինչու պետք է հիշել այդ ողբերգության մասին

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լրագրող Անատոլի Վատամանի՝ բրիտանական «Nouse» պարբերականում հրապարակված հոդվածը:

Ապրիլի 24-ին հիշատակվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ տարելիցը պետք է մեզ համար հիշեցում լինի այն մասին, որ նույնիսկ մարդկության առաջընթացի դարաշրջանում կարող են այնպիսի անօրինական եւ սարսափելի խախտումներ տեղի ունենալ, որոնք հաճախ հանգեցնում են սարսափելի ողբերգության ոչ միայն յուրաքանչյուր տուժած անձի եւ նրա ընտանիքի, այլեւ մի ամբողջ երկրի եւ ժողովրդի համար: Հայոց ցեղասպանության պարագայում պետք է որոշ դասեր քաղել:

Քաղաքական առումով Հայոց ցեղասպանությունը պատահականություն չէր, այլ պետական կենտրոնացված քաղաքականության հետեւանք՝ մի միության գլխավորությամբ, որը ցանկանում էր կոնսոլիդացնել իր անձնական էլիտար դիրքորոշումն ու Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքն Օսմանյան կայսրության անկման լույսի ներքո: Այդպիսով, հանցագործներն ու կազմակերպիչները հստակ մտադրություններ եւ նպատակներ ունեին, որոնց նրանք ցանկանում էին հասնել անմեղ մարդկանց զանգվածային սպանությունների միջոցով: Դա ցույց է տալիս, որ այսօր միջազգային հանրությունը պետք է ոչ միայն ավելի ակտիվորեն ներգրավվի ինքնիշխան պետությունների գործերում՝ ապագա ողբերգությունները կանխելու համար, այլեւ այդ ջանքերը համալրի պարզ, մարդու իրավունքների ոլորտում խախտումների իրաբանական սահմանմամբ եւ մեխանիզմների իրականացմամբ:

Աշխարհաքաղաքական իմաստով Թուրքիան կարող էր (եւ դեռեւս կարող է) Ցեղասպանությունը հերքել միայն այլ պետությունների, մասնավորապես՝ արեւմտյան երկրների աջակցությամբ: Այդ իրադարձություններից անմիջապես հետո Թուրքիան կարող էր հասնել միջազգային լռության, քանի որ այն անցավ Արեւմուտքի հետ դրական հարաբերությունների կառուցման, որն առանձնապես ցանկություն չուներ միջազգային մակարդակով հիշատակել կամ դատապարտել Թուրքիայի անցյալի սխալները: Բացի այդ, «սառը պատերազմի» սկզբում Թուրքիան Արեւմուտքի գլխավոր դաշնակիցներից մեկը դարձավ, եւ «սառը պատերազմի» ժամանակ դաշնակիցներին քննադատելը ռազմավարական տեսանկյունից վտանգավոր քայլ եւ դիվանագիտական տխմար սխալ էր համարվում, որը կարող էր վտանգի տակ դնել երկարաժամկետ հիմքով հարաբերությունների կարգավիճակը:

Այսօր, երբ Ռուսաստանի հետ Արեւմուտքի հարաբերությունների վատթարացումն ակնհայտ է դառնում, մենք կանգնած ենք «սառը պատերազմի» ժամանակաշրջանի սխալները կրկնելու վտանգի առջեւ, քանի որ մարդու իրավունքների խախտումները դատապարտելուց հրաժարումն ուժեղ խթան է ապագայում դրանց կրկնության համար:

Այդ համատեքստում մենք պետք է միշտ հիշենք ապրիլի 24-ը՝ որպես մեր հավաքական պատմական հիշողության անքակտելի մաս, որպես ողբերգության մասին մտորելու, մեր անցյալի անհաջողությունները հիշելու, զոհերի եւ նրանց ընտանիքների հետ հիշելու եւ վշտակցելու ամսաթիվ, որպեսզի հիշենք, որ ապագա սերունդների համար խաղաղությունը կախված է մեր անցյալի բացթողումներից դասեր քաղելու եւ դրանք խոստովանելու ունակությունից:

Scroll Up