100-ամյա տարելիցին` աքսորի ճանապարհին. Որքան մոտենում ենք Դեր Զորին, այնքան ցավերը սաստկանում են

Ուրֆայում «մուսուլմանացված հայերից» լսում եմ իրենց պատմությունները: Մեկը մեքենայում աշխատանքի գնալիս ամեն օր հայերեն երգեր է լսում: Սակայն այն պահին, երբ մտնում է իր աշխատավայրի վարչական սահմանները, երգը թուրքերեն է դառնում: Ասում է` «Ստիպված եմ». «Պաշտոնյա եմ, եթե հասկանան, որ հայ եմ, ի՞նչ եմ անելու»: Նրա աղջիկը 2 հատ mp3 նվագարկիչ ունի: Մեկի մեջ հայերեն երգեր են, որոնք տանն է լսում, իսկ մյուսի մեջ` թուրքերեն երգեր, որոնք դպրոց գնալիս է լսում…
Գալիս եմ այն վայրը, որն Այնթափից հետո այս ճանապարհորդության ընթացքում գուցե ինձ ամենաշատն է ճնշում: Աքսորի ճանապարհին ընկած Դեր Զորին նախորդող վերջին կանգառում եմ` Ուրֆայում:
Վաղ առավոտյան ճանապարհ եմ ընկնում դեպի առաջին կանգառս: Կամուրջ գյուղն է, որի անունով կոչվում է նաև İMC հեռուստակայանի իմ ծրագիրը… Թուրքերեն անվանումը Գերմուշ է, ներկայում հիշատակվում է նաև որպես Դաղէթեղի:
Ուֆայից 10 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղը ժամանակին Մետաքսի ճանապարհի կարևոր առևտրական կենտրոններից է եղել: Հայերի հեռանալուց հետո արաբներով բնակեցված այս գյուղում այժմ եկեղեցուց և երկու հին տնից բացի` ոչինչ չկա…
Գյուղը TOKİ-ի (Հանրային շինությունների կառավարման վարչություն) կառուցած նոր շենքերի կողքին է: TOKİ-ի «գերեզման» տները պարտադրվել են գյուղից քաղաք մտնելու համար: Միակ խոչընդոտն էլ հուշարձանների խորհրդի կողմից պահպանության տարածք հայտարարված այս եկեղեցին է:
«Ռեսմի Գազեթե»-ի 2001 թ. հոկտեմբերի 23-ի 28093 համարում հրատարակված որոշման համաձայն` այս գյուղը Մշակույթի և զբոսաշրջության նախարարության պահպանության տակ է: Հին գրառումներում այս վայրը որպես քաղաք է հիշատակվում: 19-րդ դարի վերջում Կամուրջ գյուղում 400 տուն հայ է ապրել: Գյուղի միջով հոսում է 3 գետ, որոնք հիշատակվում են Դշխուհի ջուր, Թագուհի ջուր և Սուրբ Գևորգի ջուր անուններով: Գյուղի Սուրբ Աստվածածին (1881) և Սուրբ Թադեոս եկեղեցիներից երկրորդը գործել է նաև որպես մենաստան: Գյուղում եղել է նաև մեկ դպրոց, որն ունեցել է 115-120 աշակերտ:
Գյուղի շրջակայքում նաև մեկ այլ մենաստան և մատուռի ավերակներ կան: Ըստ պատմությունների` գյուղը հիմնել է Արշամի որդի Աբգար թագավորը, ինչը բավականին տրամաբանական է, քանի որ Բալըքլը լճի հետևում գտնվող հսկայական ամրոցը նույնպես հայոց Աբգար թագավորի կողմից է կառուցվել:
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ԵԿԵՂԵՑՈՒ ԱԽՈՌԻ ՎԵՐԱԾՎԵԼՈՒՆ
Գյուղում այժմ միակ կանգուն եկեղեցին Սուրբ Աստվածածինն է: Ներս մտնելու համար թփուտների միջով անցնելիս գանձեր որոնողների փորած հսկայական փոսն եմ ընկնում:
Իսկ երբ ներս եմ մտնում, անտանելի մեզի հոտը քթիս է խփում:
Ուրֆայի կիզիչ արևից պաշտպանելու համար ներսում կապված ավանակներն անհանգստանում են իմ ներկայությունից: Ճանճերը` նույնպես…
Իսկ ես մտադիր եմ նկարել հսկա եղեկեցու (գուցե նաև մենաստանի) ներսը…
Գյուղացիներից մի քանիսը Սիրիայից եկած արաբ ընտանիքներ են: Ասում են` քաղաքից հեռու` հենց այստեղ են թաքնվում: Հին հայկական տները, նախքան նրանց գալը, վաղուց փորված են եղել:
Իսկ եկեղեցուց քիչ առաջ գտնվող մեկ այլ կրոնական կառույցն արժմ օգտագործվում է որպես GSİ-ի (Grand Sport Injection) պահեստ: Մեր վարորդն անգամ ասում է` «Անխիղճնե~ր»: Սակայն նրա մտադրությունն իրականում Սիրիայից եկածներին մեղադրելն է:
Ցեղասպանության երթուղով որքան մոտենում ենք Դեր Զորին, այնքան սաստկանում են ցավերը:
Իսկ ես լռում եմ…
«ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԼԻՆԵԼԸ ՊԱՐՏԱԴԻ՞Ր Է»
Կենտրոն վերադառնալիս` իմ հետևից են գալիս եղբայրներս ադըյամանցի ընկերոջս` Սադըք Բաքըրջըօղլուի հետ, ով ասել էր` «Անպայման հանդիպիր»:
Նորից թեյախմություն, հետո` սուրճ… Մի խանութից մյուսն եմ վազվզում:
Մարդիկ, որոնց հետ ծանոթացնելիս ասում էին` «Սա էլ է ձեր բարեկամներից», ինձ իրենց հայ պապերի, տատերի պատմածն էին պատմում: Ջարդերի պատմություններ… Խեղդվում եմ հիշողությունների ու ապրումների մեջ:
Ամբողջ օրն առաջին և երկրորդ սերունդներից լսում եմ նախադասությունների կրկնություններ, որ չեմ ցանկանում փոխանցել ու խեղդել նաև ձեզ: Լսում եմ 40-ից 98 տարեկան «մուսուլմանացված հայերից», որոնց անունները ձեզ չեմ հաղորդելու: Սակայն այս անգամ շատ տարբեր է, շատ ավելի ցավոտ…
Մենք` Թուրքիայում բնակվող հայերս, սփյուռքին միշտ հետևյալն ենք ասել` «Դուք գնացիք, մենք մնացինք»: Մնալով հիմա ականատես եմ լինում մուսուլման հանդիսացողների այսօրվա, այո՛ այսօրվա, այժմյա, այս պահի ապրումներին…
«Արտասահմանից լրագրողներ են գալիս: Հարցնում են` «Նորից քրիստոնյա կդառնա՞ք»: Ինչպես լինեմ: Ես այս կրոնով եմ մեծացել: Սակայն հայ եմ: Դուք գալիս եք, մեզ հետ խոսում գնում եք, հետո մենք այստեղ միայնակ ենք մնում»,- ասում է նրանցից մեկը:
Իրավացի է…
Ա. Ք.-ն ամեն օր մեքենայով աշխատանքի գնալիս հայերեն երգ է լսում, սակայն այն պահին, երբ մտնում է աշխատավայրի վարչական սահմանները, երգը թուրքերեն է դառնում:
Ստիպված է փոխել:
Ասում է. «Ես պաշտոնյա եմ, եթե հասկանան, որ հայ եմ, ի՞նչ եմ անելու»:
Երկար լռություն…
Նրա գլխաշորով կինը, ղուրանի դասընթացների գնացող աղջիկը և տղան գիտեն և ընդունում են այս իրականությունը:
Ըմբռնումով են մոտենում:
Նրա աղջիկը 2 հատ mp3 նվագարկիչ ունի: Մեկի մեջ հայերեն երգեր են, որոնք տանն է լսում, իսկ մյուսի մեջ` թուրքերեն երգեր, որոնք դպրոց գնալիս է լսում…
Մոտ ազգականներից բացի` իրենց ինքնության մասին ոչ ոք չգիտի:
«ՆԱՄԱԶ ԱՆԵԼԻՍ` ՆԱԵՎ 1915 Թ. ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՄ ԱՂՈԹՈՒՄ»
Միասին երկար ժամանակ ենք անցկացնում մի ընկերոջս հետ, որի անունը չեմ տա: Յուրաքանչյուր լսածս պատմությունն իմ վրա նույնպես պատասխանատվություն է դնում: Փախչել եմ ուզում, սակայն չեմ էլ կարողանում փախչել: Այսքան կենդանի ականատեսներից ցեղասպանության այսչափ հուշեր լսելն ինձ շատ է ճնշում:
Ուրֆայի ամենահայտնի մզկիթներից մեկում` Ֆըրֆըրլը մզկիթում, շրջելիս ինձ պատմում է, որ այս վայրը` հին անվանմամբ Ֆըրֆըրլը եկեղեցին, մոտակայքում կոտորվածների և 1915թ. Դաբաքհանեի բնակիչների դիակները նետելու տեղ է եղել:
Հաջորդ օրը մեկ անգամ ևս միայնակ զբոսնում եմ Ուրֆայի այն պատմական վայրերով, որտեղ շրջել էի ընկերներիս հետ: Որպեսզի կարողանամ խոսել արհեստավորի հետ: Երբ միայնակ Դաբաքհանեի մեծ աղբյուրի մոտ եմ գալիս, իմ ներկայությունից բավականին դժգոհ մեկն ասում է` «Այստեղից ամիսներ շարունակ արյուն է հոսել»:
Մուսուլման հայ ընկերոջս պատմածներն աչքիս առաջ` շրջում եմ եկեղեցում. «Ամեն ամիս աշխատավայրի աշխատակիցների հետ ուրբաթօրյա նամազին եմ գնում: Ամեն նամազ անելիս աղոթում եմ մեզ փրկածների համար: Միաժամանակ` նաև կոտորված մեր նախնիների համար»:
Կողքիս գնտվողները չեն հասկանում, որ ուզում եմ` որքան հնարավոր է շուտ դուրս գալ Ֆըրֆըրլը եկեղեցուց: Սակայն Ա. Ք.-ն հասկանում է` «Եկեք գնանք»…
Փափոր փողոց-Թափոր փողոց
Ամեն փողոցում, ամեն անկյունում հայի հետք է: Հայոց Աբգարի թագավորի կառուցած ամրոցի ստվերում` Ուրֆայի հայտնի Բալըքլըգյոլի և դրա դիմաց 50 տարի առաջվա եկեղեցու թաղամասի փողոցներում եմ:
Սուրբ Գևորգ եկեղեցին հիմա Սելահաթթին Էյյուբի մզկիթ է, Մարիամ Աստվածածին եկեղեցի հիմա Հալիլ’ուր Րահման մզկիթ է… Իսկ ասորական եկեղեցին մշակութային կենտրոն է դարձել: Թուրքական արվեստի, երաժշտության փորձերին ենք ականատես լինում: Մեզ թույլ են տալիս լսել առաջին երգը: Մակամները պատարագների նման գեղեցիկ են…
Զառիվերը, որը Բալըքլը լճի դիմաց է, և որտեղ գտնվում է Մարիամ Աստվածածին եկեղեցին, հնում հայկական գերեզմանոց է եղել: Հետո պողոտա անցկացնելու համար գերեզմանոցը վերացվել է, իսկ եկեղեցում որոշ ժամանակ գոլորշիով էլէկտրականություն ստանալու սարքավորումներ են տեղադրվել: Սա էլ պատճառ է դարձել, որ շենքը խոնավությունից ներսից ու դրսից ավերվի: Հետագայում վերանորոգված շենքն այժմ որպես մզկիթ է ծառայում: Այն վայրը, որտեղ գտնվում են թաղամասի բնակիչների գերեզմանները, հիշատակվում է որպես «փափոր»: Այն հոգևորականների տների փողոցի մյուս կողմում է: Հայ հոգևորականները ցանկացել են, որ պատարագից հետո այն պահակախումբ ունեցող ժողովրդի և հոգևորականի տուն դառնա: Սրան էլ «Թափոր» են կոչում: Հայտնի չէ` արդյոք ձայնային առնմանություն է, թե ոչ, սակայն «փափոր» փողոց դեռ կա:
Շարժվում ենք եկեղեցուց վերև գտնվող մեկ ուրիշ եկեղեցի: Հայկական թաղամասի հին տները վերանորոգվել են, շահագործման հանձնվել որպես խանութ-հյուրանոցներ: Դրանցից մեկը` Էլչի հյուրանոցը, պատկանում է Ռասթգելդի ընտանիքին: Կառավարիչը մեզ թույլ է տալիս շրջել այնտեղ: Քանի որ ժամանակ չունեի, հետո թեյի շուրջ երկար զրուցելու խոստում տալով` հեռանում եմ: Երբ մի պահ մտածում եմ «իրենց հետ խոսել հայկական աղբյուրներում Ուրֆայում հայտնի Ռասթգելդյան ընտանիքի մասին», «ընկերներիցս» մեկն ինձ այնպես է նայում, կարծես ասում է` «Կարիք չկա»:
ՀԱՅԵՐԸ ՈՒՐՖԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Մեր վերջին կանգառը քաղաքային թանգարանն է: Ուրֆայի այս նորակառույց թանգարանում, ինչպես և քաղաքում է, հայերի գոյությունը չի թաքցվում: Մի երկրում, որտեղ «Անիի» ավերակները «Անը» են կոչվում, բոլորովին տարօրինակ չէ, որ թանգարանում մեկ բառ անգամ չի ասվում եկեղեցիների և հայ Աբգար թագավորի մասին: Թանգարանում նշվում է հայերի ավանդը քաղաքի ճարտարապետության մեջ և սոցիալական կյանքում: Բացի այդ, շեշտվում է, որ Ուրֆայում հրատարակվող թերթերին հայերեն հավելվածներ են տրվել: Թանգարանը կառուցված է քաղաքի Բեյ Քափըսըում` Մահմուդօղլու աշտարակում: Իսկ աշտարակի գագաթին հայերեն գրություն կա:
Այս քաղաքում հայկական կառույցները ստիպված չեն թաքնվել:
Մզկիթների դռներին բավականին պարզորոշ գրված է, որ հին եկեղեցիներ են եղել:
Սակայն մարդիկ դեռ ստիպված են թաքցնել իրենց էթնիկ ինքնությունը…
Արիս Նալջը
Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը
Akunq.net