Արիտունցիները հյուրընկալվեցին Դավիթաշեն վարչական շրջանում

Հուլիսի 6-ին Դավիթաշեն վարչական շրջանը հյուրընկալել էր «Արի տուն» ծրագրի մասնակիցներին:

Արիտունցիները նախ հանդիպեցին վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հետ, ով ողջունեց ծրագրի մասնակիցներին ու իր մաղթանքի խոսքը հղեց սփյուռքահայ երիտասարդներին:

Այնուհետև ծրագրի մասնակիցները ճանաչողական շրջայց կատարեցին Դավիթաշեն վարչական շրջանում:

Նախ այցելեցին շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն  Տիգրան Պետրոսյանի հուշարձան, այնուհետև ուղևորվեցին Սրբոց Նահատակաց եկեղեցի, որտեղ ներկա գտնվեցին Սուրբ պատարագին:

Սփյուռքահայ մասնակիցներին ողջունեց եկեղեցու քահանա Տ. Խորենը, ով նախ ծանոթացրեց եկեղեցու պատմությանը, ապա երիտասարդներին հորդորեց հավատարիմ մնալ հայի ինքնությանը, մայրենի լեզվին ու հայկական ավանդույթներին:

Այնուհետև ծրագրի մասնակիցներն այցելեցին Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող:

Դավիթաշեն վարչական շրջանի «Արի տուն» ծրագրի պատասխանատու, թաղապետարանի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի պետ Տիգրան Գալստյանը երիտասարդներին ծանոթացրեց զոհված ազատամարտիկների հերոսական պատմությանը, ովքեր իրենց կյանքը նվիրել են  հայրենիքի պաշտպանությանը:

Ճանաչողական շրջայցն ավարտվեց Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված հուշարձանի մոտ:

Օրվա ավարտին վարչական շրջանի կենտրոնական այգում կազմակերպվեց գեղեցիկ հյուրասիրություն՝ վարչական շրջանի ղեկավարի կողմից:

«Արի տուն» ծրագրի մասնակիցները վերադառնալով՝ իրենց հետ կտանեն ոչ միայն հայրենիքի ջերմությունը, այլև հայրենակիցների սերն ու հյուրընկալությունը:

d1 d2 d3 d5

d6

d4

Scroll Up