The Anniston Star. Ազգերի մեղքը

The Anniston Star-ի հրատարակիչ Բրենթ Այերսը ներկայացնում է Հայոց ցեղասպանության և աշխարհում ճանաչված ցեղասպանությունների մասին իր մտորումները՝ ենթադրելով, որ Թուրքիայի՝ մեղքի ընդունումը երկրում մի օր կհանգեցնի թեթևացմանն ու հանգստության բերկրանքի: Հոդվածը՝ որոշ կրճատումներով ներկայացնում է armeniangenocide100.org-ը: 

«Երբ ես փոքր էի, մեր ընտանեկան ընթրիքի աղոթքում հնչում էր «…և հիշում ենք սովամահ հայերին» արտահայտությունը: Մի երեխա, որն այդքան հեռու էր հայկական տառապանքներից և անգամ չգիտեր՝ ովքեր կամ որտեղ են այդ դժբախտ մարդիկ, տապակած հավի միսն ու կարտոֆիլն ուտում էր առանց մեղքի զգացումի:

Հայ ժողովրդի ապրած սարսափների ծավալը կարող է չափվել այն փաստով, որ միջազգային իրավունքի մասնագետները չէին կարող պատկերացնել այդչափ ահռելի հանցագործություն և այն նկարագրելու համար ստիպված էին նոր բառ հորինել: Այդ բառը «ցեղասպանությունն» է:

Ապրիլի 24-ը հայկական սփյուռքի ստեղծման 100-րդ տարելիցն էր: Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տվել՝ որքան հնարամիտ կարող է լինել մարդն իր նմաններին տառապանքներ պատճառելու հարցում, մենք մոռացել էինք հայերի մասին:

Թուրքիան դեռևս հրաժարվում է ընդունել Ցեղասպանության մեղքը՝ մարդկանց զանգվածային համակարգված ոչնչացումը: Ամերիկացիներիս առաջին արձագանքը Մի Լայի դեպքերին՝ հերքումն էր: «ԱՄՆ զորքերը չէին կարող իրականացնել վիետնամցի անմեղ կանանց և երեխաների կոտորածը: Մենք այդպիսին չենք» (1968թ. Վիետնամական պատերազմի ընթացքում ամերիկացի զինվորների իրականացրած զանգվածային ոչնչացումները Հարավային Վիետնամի գյուղական համայնքներում- ծնթ. խմբ.):

Երբ լեյտենանտ Ուիլիամ Քելիի դատավարությունը բացահայտվեց, պարզվեց՝ մենք էլ ենք մարդկային արարածներ, որոնք ի զորու են վայրագություններ իրականացնել այն մարդկանց հանդեպ, որոնք «մեր նման չեն»… հայտնված պատերազմական հույզերի հորձանուտում՝ անել դա, երբ ոչ ոք չի տեսնում:

Մեր հասարակությունը դեռևս Մի Լայի դեպքերի վերաբերյալ համաձայնության չի եկել բարոյական արդարության տեսանկյունից: Քելիին ցմահ ազատազրկման դատապարտելուց երկու օր անց նախագահ Նիքսոնը մեղմել էր նրա պատիժը մինչև տնային կալանքի, ապա նրան շնորհվել էր պայմանական վաղաժամկետ ազատություն: Այժմ նախկին լեյտենանտը ոսկերչական բիզնես ունի Ջորջիա նահանգի Կոլումբուս քաղաքում:

«Ոչ մեր նման» մարդկանց հանդեպ վայրագությունները հազվադեպ չեն. միանգամից հիշում ենք Ապարտհեյդը, Սրեբրենիցան և Ռուանդան: Սակայն ընդամենը երկու երկիր կա, որոնց անմարդկային գործողությունները հասնում են ցեղասպանության. դրանք են Գերմանիան և Օսմանյան կայսրությունը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Նանկինում իրականացրած ճապոնացիների վայրագությունները (1937 թ. դեկտեմբերին Ճապոնիայի և Չինաստանի միջև պատերազմի ընթացքում – ծնթ. խմբ.) պակաս սարսափեցնող չէին: Սակայն Ճապոնիայի վարչապետերը ներողություն էին խնդրել սադիստական գործողությունների համար, նույնիսկ անձնական նամակներ և փոխհատուցում ուղարկել այն կորեացի կանանց, որոնց ստիպել էին մարմնավաճառությամբ զբաղվել:

Ճապոնիան, թվում է, հարաբերական խաղաղության մեջ է, սակայն այդպիսին չէր Գերմանիան 1970-1980-ականներին: Ազգային հպարտության տեսանկյունից՝ հասարակությունը մեռելածին էր թվում. չկային դրոշներ, երգեր, անցյալ:

Ամոթը Հոլոքոսթն ընդունելու համապատասխան արձագանքն էր: Կանցլեր Ուիլլի Բրանտը ծնկի էր եկել Վարշավայի գետտոյում, և դա շարժիչ գործոն էր, սակայն ոչ մի հասարակություն չի կարող ապրել «ամոթի սննդակարգով»: Այդ խղճուկ «սննդակարգով» կարող էր սնվել միայն ազգայնական դեմագոգը: Հաճելի է տեսնել, որ ընդունելով իր մութ անցյալը՝ Գերմանիայի ինքնավստահությունն այժմ ամոքվում է:

Օսմանյան թուրքերն իրականացրել էին առաջին ապացուցված ցեղասպանությունը, իսկ դրա փաստերի մասին վկայում են գիտնականները, դիվանագետները, լրագրողները, լուսանկարիչներն ու այն վերապրածները:

Ստամբուլից հարկադիր երթով դուրս էր գալիս հայ մտավորականների և համայնքային առաջնորդների շարասյունը և ուղևորվում սիրիական անապատ, որտեղ էլ պետք է սովամահ լիներ: Թուրքիայի այլ շրջաններում հայերին փակում էին եկեղեցիներում և գոմերում, ապա այրում դրանք:

Մեղքի այս ծանր բեռը ցավ է հասցնում թուրքերի խղճին, որոնք շարունակում են ձախողել Ցեղասպանության ճանաչումը: Գերմանիան ու Ճապոնիան, ընդունելով իրենց մեղքերը, կյանք են տվել ազգային ինքնահարգանքին, նույնն արել էր նաև Հարավային Աֆրիկան:

Թուրքիան էլ գուցե ճանաչման մի պարզ գործողությամբ օրերից մի օր կվայելի հանգստության բերկրանքը»:

Scroll Up