Բարսելոնայի հեռուստատեսությունը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Ապրիլի 26-ին Բարսելոնայի 8-րդ հեռուստաալիքը անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին Իսպանիայից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Արթուր Ղուկասյանը: Հիշեցնենք. Կատալոնիան Իսպանիայի չորս ինքնավարություններից մեկն է, որի խորհրդարանը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Նյութը սկսվում է հիշատակումով, որ լրացել է մեկ դարը հրեշավոր բարբարոսություններով լի Հայոց ցեղասպանության, որին զոհ գնացին 1,5 մլն. անմեղ մարդ: «Թուրքիան ընդունում է կոտորածների փաստը, բայց դեմ է այն ցեղասպանություն անվանել»,- ընգծվում է ռեպորտաժում: Իսպանիայի հայերի միության նախագան Գայանե Ասիլբեկյանը, խոսելով սարսափելի եղեռնագործության օրերին տուժած և հրաշքով փրկված ու Մովսես գյուղ հասած իր հարազատների մասին, ասաց. «Տասնամյակների այս լռության դիմաց ճչալ եմ ուզում. ինչո՞ւ են միայն քսաներկու երկիր ճանաչել փաստը: Սա ցավ է ինձ պատճառում»:
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է ըստ էության տեղի ունեցել 1915 թվականին, հայ լրագրող Արթուր Ղուկասյանը շեշտեց. «Իսկ ի՞նչ է նշանակում ցեղասպանությունն ինքնին: Այն կազմված է երկու բառերի կապակցությունից` «ցեղ» և «սպանություն»: Ի՞նչ է տեղի ունեցել 1915 թվականին. մարդկանց զանգվածային կոտորած: Միայն այն պատճառով, որ նրանք հայ էին»:
Շարունակելով այս հարցի քննարկումը, Բարսելոնայի Փաստաբանների միության Միջազգային քրեական արդարադատության հանձնաժողովի նախագահ, մեր ժողովուրդի բարեկամ պրոֆեսոր Խուան Մերելո-Բարբերան, հարկ համարեց ընդգծել, որ Ռաֆաել Լեմկինը, ով և գործածության մեջ դրեց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ իրագործված հանցագործության հասկացություն, անձամբ է խոստովանել, թե նշված երեւույթի մասին նրան ստիպել է խորհել ամենից առաջ հայերի համատարած սպանությունները Օսմանյան կայսրությունում:
Կատալոնացի լրագրողը ուշադրություն դարձրեց այն բանի վրա, որ Էրդողանը այս ապրիլի 24-ին կարծես թե ցավակցություն է հայտնել հայ ժողովուրդին: ի պատասխան Ա. Ղուկասյանը ասաց. «Այն, ինչ պահանջվում է Էրդողանից` բոլոր ազգերին ուղղված ընդհանուր կարգի հայտարարությունները չեն, այլ` իրերն իրենց անունով կոչելը: Այս պարագայում անհրաժեշտ էր գոնե ասել. «Ներողություն եմ խնդրում Հայոց ցեղասպանության կապակցությամբ, որն անձամբ ես չեմ իրագործել, բայց մեղքը իմ երկրի ղեկավարության վրա է»:
Համամիտ լինելով այս մտքի հետ, Խ. Մերելո-Բարբերան իրավաբանի դիրքից ավելացրեց. «Քանի դեռ ճանաչված ու դատապարտված չէ բոլորի կողմից` այս հանցանքը տեղ է տալիս նրա կրկնողության համար»:
Գ. Ասիլբեկյանն էլ ամփոփեց. «Որպես հայ և որպես մեկը, ով պատկանում է այդ անմարդկային տանջանքներից տուժած ընտանիքներից մեկին, վստահեցնում եմ Ձեզ, որ շարունակելու ենք պայքարը այնքան ժամանակ, մինչև ողջ աշխարհը ընդունի և դատապարտի ոճրագործությունը»: