Արարատն իմն է. ի՞նչ խաղեր են խաղացել համշենահայ մանուկները

Ներկայացնում ենք Akunq.net-ի թղթակցի պատրաստած ռեպորտաժը համշենահայ մանուկների խաղերի մասին։

Թուրքիայում տպագրվող համշենական «Գոր» ամսագրի առայժմ միակ համարում կարդում ենք. «Այսօր ժամանակակից խաղալիքների ազդեցությամբ գրեթե մոռացության մատնված «Գագալ վերիչ խերխերիչ» խաղը, որպես երազ, մնացել է Համշենի նախկին մանուկների երևակայության մեջ:

Խաղի համար անհրաժեշտ պարագաները

2 հատ ընկույզ

5-6 համարի մի հատ հյուսքի շյուղ (որի 2 սուր ծայրերը պետք է կտրել)

Մոտավորապես 30-35 սմ թել (բրդյա թելն ավելի դյուրին է փաթաթվում շյուղին)

1 հատ 2-3 սանտիմետրանոց բարակ փայտի կտոր

Խաղալիքի պատրաստման եղանակը

Նախ թելը կապվում է շյուղին: Ապա երեքական անցքեր են բացվում ընկույզների վրա: Անհրաժեշտ է միջուկները դատարկել այդ անցքերից: Թելով կապված շյուղը մտցվում է ընկույզների մեջ, ապա թելը կապվում է բարակ փայտի հետ:

Ինչպե՞ս են այս խաղալիքով խաղում

Մի ձեռքով բռնում ենք շյուղի ծայրից, իսկ մյուսով` այն ընկույզը, որից դուրս է եկել թելը: Շյուղը պտտելով` թելը փաթաթում ենք նրան: Փայտե կտորը պտտեցնելու շնորհիվ պտտեցնում ենք նաև վերևի ընկույզը: Երբ այդ գործողությունն արագ ենք անում, թելն ինքն իրեն փաթաթվում է շյուղին, և վրայի ընկույզն էլ մեկ աջ է շրջվում, մեկ` ձախ» («Gor» Dergisi, sonbahar 2014, sayı 1, s. 60):

Գտնվելով համշենահայերի մեջ` չէինք կարող շրջանցել այդ ուշագրավ թեման. ի՞նչ խաղեր են խաղում համշենահայ մանուկները:

«Մեր խաղերը նույնիսկ հանրօգուտ աշխատանք էին դառնում: Օրինակ` թիթեղի մեքենաներով ցեխ էինք տեղափոխում` այդպիսով նաև օգտակար լինելով մեծերին»,-մեզ պատմում է Խիկո գյուղից 38-ամյա Ջեսուր Չախալօղլուն:

«Ամառային արձակուրդներին յայլաներում խաղում էինք յոթ քար կամ ինը քար, ինչպես նաև` քարկտիկ, կարմիր կոճակ…»,-նրան լրացնում է զարմուհին` 39-ամյա Մեմնունե Շիմշեքը, դարձյալ Խիկո գյուղից:

Իսկ համշենահայ կինոբեմադրիչ Օզջան Ալպերի հանրահայտ «Աշուն» ֆիլմում գլխավոր հերոսի մոր դերը կատարած Ռայիֆե Յենիգյուլը նշում է, որ աղջիկներն առավելապես «կլաս» ու պարան էին խաղում, ինչպես նաև` տուն պատրաստում հողից, իսկ տղաները ավտոմեքենա էին սարքում թիթեղից, պահմտոցի խաղում…»:

Գրեթե բոլոր զրուցակիցներն էլ մեզ հայտնում են, որ թե տղա և թե աղջիկ համշենահայ մանուկների սիրելի զբաղմունքներից մեկը հողից, ծառի ճյուղերից կամ տերևներից տուն պատրաստելն է: Այստեղ հարկ է հիշատակել համաշխարհային ճանաչում ունեցող գրող Վիլյամ Սարոյանի այն դիտարկումը (այն մեզ է փոխանցել հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը, ով համալսարանական տարիներին ներկա է գտնվել մեծանուն գրողի հետ հանդիպմանը), թե համայն աշխարհում միայն հայ մանուկներն են սիրում տուն շինել…

Սակայն ամենաուշագրավ խաղը` «Արարատն իմն է» անվանումով, մեզ ներկայացնում է միջին տարիքի մի համշենահայ` Քեմալփաշա գյուղախմբի Չանչախանա գյուղից (Չոնչախան, Չոնչաղոն, պաշտոնական անվանումը` Չամուռլու-Ակունքի խմբ.): Նա, սակայն, չցանկացավ հրապարակել իր անունը: Ըստ նրա` «Արարատ խաղը» (ինֆորմանտն օգտագործում է թուրքական «Աղրը» անվանումը-«Ակունքի» խմբ.) խաղում էին հետևյալ կերպ. այն երեխան, ով կարողանում էր առաջինը մագլցել որևէ բլրի կամ սարի գլուխը, թույլ չէր տալիս, որ մյուսները ևս բարձրանան, և նա հաղթող էր համարվում` աղաղակելով «Արարատն իմն է» նախադասությունը…»:

Հետաքրքիր է, որ թեև Արարատը չի երևում Ռիզե նահանգի կամ Խոպա գավառի կողմերից, սակայն համշենահայ մանուկները երևակայել են այդ խաղը: Թերևս այդ խաղը համշենահայերի ենթագիտակցության մեջ պահպանվել է շատ վաղուց:

Ի դեպ՝ 1973 թ. ծնված Էնգին Յըլդըզը, մի վավերագրական ֆիլմ է նկարահանել` նվիրված համշենական խաղերին: 2008 թ. էկրանավորված «Թող կովերը խաղալիքս չուտեն» վերնագրով այս ֆիլմը նույն թվականին մրցանակի է արժանացել Ստամբուլի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում:

Scroll Up