Տիգրանի իսպանական նվաճումները

Անկասկած, կարդալով վերնագիրը, անմիջապես տեղափոխվում ես մ.թ.ա. I դար՝ բացահայտելու համար հայոց արքայի ավելի քան կասկածելի թվացող արշավանքների հավանականությունը: Սակայն ընթերցողներիդ մոլորության մեջ չգցելու համար, շտապեմ ասել, որ խոսքը մերօրյա Տիգրանի մասին է, լեհաստանաբնակ մեր հայրենակցի, ով իրապես նվաճեց Իսպանիան իր արվեստով:

Վերոհիշյալ երկու Տիգրան-անհատականությունների միջև զուգահեռ անցկացնելու իրավունքը վերապահում եմ ինձ, որքան էլ որ անհամեմատելի լինեն նրանք՝ թեկուզև եթե հաշվի առնելու լինենք ժամանակներն ու նրանց գործունեության ոլորտը:

Տիգրան Վարդիկյան. 1962 թվականին Երևանում ծնված մեր հայրենակիցը 1995 թվականից ապրում և իր գործունեությունն է ծավալում Լեհաստանում՝ իրապես հանդիսանալով հայ մշակույթի դեսպաններից մեկն աշխարհում: Նրա գեղանկարների անհատական ցուցահանդեսները բազմիցս ներկայացվել են Հայաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Չեխիայում, Սլովակիայում և այլուր: Նրա գունագեղ և կյանքով լի կտավների հերթական հանգրվանը Իսպանիայի Վալենսիա քաղաքն էր, որտեղ Արարատ Հայկական Միության նախաձեռնությամբ կազմակերպվել էր նկարչի հերթական անհատական ցուցահանդեսը: Ցրտաշունչ Լեհաստանից մեկնարկած, 2500 կմ կտրած, տարբեր երկրներով անցած և, ի վերջո, արևաշատ Իսպանի հասած  այս հրաշալի արվեստի գործերը ջերմորեն գրկել են Միսլատայի Մշակույթի Տան պատերը՝ իսպանացի, հայ և օտար արվեստասերներին առաջարկելով սիրո, բնության, երազի, մարդկության, հայրենյաց և, ընդհանրապես, կյանքի այլ և զարմանալիորեն հիասքանչ մոտեցումներ: Մեր հայրենակցի աշխատանքներով ասես կախարդված հատկապես իսպանացի հանդիսատեսը պարզապես չէր ցանկանում հեռանալ դահլիճից՝ երկար ժամանակ զմայլվելով յուրաքանչյուր կտավով:

Դրանցից յուրաքանչյուրը մի առանձնակի լույսով ու հրապույրով է գայթակղում նրանց, ովքեր մեկ այցելությամբ չբավարարվելով ողջ ցուցահանդեսը դիտելով՝ դեռ շարունակում են այցելել, ուսումնասիրել, հայտնաբերել, սիրել… Սիրել ոչ միայն աշխատանքները, այլև հեղինակին՝ Տիգրան Վարդիկյանին, ով այս կարճ օրերի ընթացքում կարողացավ գրավել վալենսիացիների սիրտը, ստիպել նրանց դուրս գալ իրենց առօրյայից, մտածել, ստեղծագործել… Նա դեռ շարունակում է սիրով նվաճել իսպանացիներին, ճիշտ այնպես, ինչպես Տիգրան արքան մոտ 2000 տարի առաջ, երբ արշավում էր, նվաճում այլ երկրներ, սակայն առանց բռնության, իր հանդեպ տածած մեծագույն սիրով ու հարգանքով:

Թերլեմեզյան և Աբովյանի անվան մանկավարժականն ավարտած գեղանկարիչը հայրենիքում աշխատել է հեռուստատեսության Մուլտիպլիկացիայի բաժնում: Նրա գծանկարներն ու շարժանկարները զարդարում են բազմաթիվ գրքերի էջերը: Իսկ ահա ծաղրանկարները պարզապես լավատեսության աղբյուր են, որոնք բարձր տրամադրություն են հաղորդում բոլորին:

Վարդիկյանի ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ հունվարի 9-ին: Բացմանը ներկա էին Միսլատայի քաղաքապետարանի Մշակույթի և Միջազգային Հարաբերությունների խորհրդականներ Պեպի Լուխանը (Pepi Lujan) և Խոսե Ռամոն Բոսկան (José Ramón Boscá), Ժողովրդական կուսակցության և Ձախ Միության խոսնակներ Խայմե Բրոնչուդը (Jaime Bronchud) և Սալվադոր Գարսիա դե լա Մոտան (Salvador García de la Mota), այլ խոսնակներ, հայեր, իսպանացիներ… Խոսք առնելով Մշակույթի խորհրդական Պեպի Լուխանը՝ շնորհակալություն հայնտեց Տիգրան Վարդիկյանին, Արարատ Հայկական Միությանը և Միսլատայի հայ ազգաբնակչությանն ընդհանրապես: «Մենք ձեզ անչափ սիրում ենք և ուրախ ենք, որ միասին ապրում ենք այս փոքրիկ բայց մեծ քաղաքում: Քաղաքապետարանի որոշմամբ՝ 2015 թվականը մենք հայտարարում ենք Հայաստանի Տարի Միսլատայում»,- իր խոսքը եզրափակեց Պեպի Լուխանը:

Իր խոսքում Տիգրան Վարդիկյանը շնորհակալություն հայտնեց հայկական միությանը հրաշալի կազմակերպության համար և քաղաքապետարանին՝ նման գեղեցիկ ընդունելության համար: «Ես նվիրում եմ այս ցուցահանդեսը Արարատ Հայկական Միության 10-ամյակին»,- իր խոսքը եզրափակեց նկարիչը: Վերջինս անակնկալ մատուցեց քաղաքական գործիչներին՝ յուրաքանչյուրին նվիրելով իր ծաղրանկարը:

Վերջում հանդիսատեսները զմայլվեցին հեղինակի ավազով կատարվող աշխատանքներով:

Արարատ Հայկական Միության և ողջ իսպանահայության անունից մեր շնորհակալությունն ենք հայտնում մեծագույն նկարիչ Տիգրան Վարդիկյանին՝ հայ մշակույթի ներկայացման, տարածման և ազգը լավագույնս ներկայացնելու համար, մաղթում նրան մեծագույն հաջողություններ…

Իսպանիայի «Արարատ» միություն

01 03 04 02

Scroll Up