«Հիշում եմ և հիշեցնում» խորագրի ներքո կայացավ ամերիկահայ Աննա Աստվածատրյան-Տուրկոտի՝ Բաքվում հայերի ջարդերի մասին պատմող գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ամերիկահայ Աննա Աստվածատրյան-Տուրկոտի «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի շնորհանդեսը:
1989թ.-ին Աննայի ընտանիքը, հեռանալով Բաքվից, երեք տարի հաստատվել է Հայաստանում՝ որպես փախստական, այնուհետև 1992թ.-ից մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ և հաստատվել այնտեղ:
«Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գիրքը գրված է 14-ամյա Աննայի օրագրային գրառումների հիման վրա, որտեղ նկարագրված են Բաքվում հայերի հանդեպ կազմակերպված ջարդերը: Ավելի քան 20 տարի անց՝ Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի գրած հուշագրությունը նկարագրում է Ադրբեջանի հայության ապրած ողբերգությունն, ինչի մասին մինչ այդ շատ հազվադեպ էին խոսում արևմուտքում:
Շնորհավորելով հեղիակին գիրքը լույսընծայելու կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ գրքի մի քանի առանձնահատկություններին: «Աննան նկարագրում է Խորհրդային տարիներից դեպի անկախ Հանրապետություն անցման ամենաբարդ ժամանակահատվածը: Գրքում, ըստ էության, Բաքվի ջարդերին ականատես 14-ամյա հայուհու վավերագրերն են կամ գրառումները, և չմոռանանք, որ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում քիչ է խոսվում Ադրբեջանում հայերի հանդեպ իրագործած ոճրագործությունների, ավելի քան 400 հազար հայերի տեղահանման և կոտորածների մասին, Աննայի ընտանիքը տեղահանված և Սփյուռքում հանգրվանած մեր բնակչության տիպիկ օրինակներից մեկն է»,- նշեց ՀՀ սփյուռքի նախարարը:
Նախարար Հ.Հակոբյանը ցավով արձանագրեց, որ 1989, 1990 և 1991 թվականներին Հայաստանն այնպիսի դժվարին օրեր էր ապրում, որ չկարողացավ ադրբեջանական ջարդերից փախած իր բոլոր զավակներին լիարժեք ընդունել և հանգրվան տրամադրել:
«Սակայն Աննան, հաստատվելով ԱՄՆ-ում, Պորտլենդի Մեյն իրավաբանական դպրոցում կարողացավ ստանալ իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան և այժմ աշխատում է Հաագայի Միջազգային քրեական դատարանում: Ասել է, թե՝ իր արժանի տեղն է հաստատել ԱՄՆ-ի նման երկրում՝ 2013թ.-ին նա ամուսնու հետ միասին մեծ ներդրում ունեցավ ԱՄՆ Մեյն նահանգում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացում», – ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:
Գերատեսչության ղեկավարը նշեց ադրբեջանական ջարդերի մասին հաճախ բարձրաձայնելու անհրաժեշտության մասին՝ հավելելով. «Այդ իմաստով կարևոր է գրքի հայերեն և ռուսերեն լեզուներով թարգմանությունը»:
ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի արտաքին կապերի ծառայության պետ Անժելա Էլիբեգովան գիրքը արժևորեց՝ որպես զենք, մեր օրերում Հայաստանի հետ ադրբեջանական տեղեկատվական պատերազմի պայմաններում:
Գրքի խմբագիր Ժիրայր Բեժեկյանը կարևորեց այն հանգամանքը, որ Աննայի՝ սեփական հուշագրության վրա ստեղծված աշխատությունը նախ սեփական երեխաներին ժողովրդի պատմությանը ծանոթացնելու համար է:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարի հիմնադիր և վարող Արտեմ Սարգսյանը, ողջունելով ՀՀ սփյուռքի նախարարությանն այսօրինակ գրքի շնորհանդես կազմակերպելու համար, նշեց. «Այս գիրքը պետք է թարգմանել թուրքերեն և երիտասարդ ադրբեջանցիներին ծանոթացնել սեփական նախնիների ոճրագործություններին»:
Այնուհետև երախտիքի խոսքով հանդես եկավ հեղինակը՝ Աննա Աստվածատրյան-Տուրկոտը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ իր հուշագրության շնորհանդեսը կազմակերպելու համար, ապա միջոցառման մասնակիցներին մանրամասն պատմեց Բաքվից իր ընտանիքի տեղահանման, ԱՄՆ-ում հաստատվելու պատմությունը: Աննան նշեց. «Բաքվի ջարդերից շուրջ 80 տարի առաջ, իսկ ավելի հստակ՝ 1913թ. Խնձորեսկից թուրքական ջարդերի պատճառով իմ պապը փախել և հանգրվանել էր Բաքվում՝ 100 հազարավոր հայերի հետ միասին իր ներդրումը բերելով այդ քաղաքի կառուցմանը: Փաստորեն 20-րդ դարավերջին ադրբեջանական թուրքերը կրկնեցին իրենց ավագ եղբայրների ոճրագործությունը»:
Աննա Աստվածատրյան-Տուրկոտը նշեց. «Ես զգացել եմ ադրբեջանական թուրքերի վայրագությունները և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Ընտանիքիս պատմությունը մի փոքրիկ դրվագ է մեր ժողովրդի կյանքից, այն տարբերությամբ միայն, որ ես 14-16 տարեկանում տատիկիս խորհրդով այն գրի եմ առել: Ուրախ եմ, որ գիրքն այսօր դասավանդվում է Միացյալ Նահանգների մի շարք դպրոցներում և համալսարաններում: Ուրախ եմ, որ այսօր կա անկախ Հայաստան և Արցախ, որ Երևանի և Ստեփանակերտի փողոցներով կարողանում եմ շրջել հանգիստ ու ապահով: Ուրեմն իմ գրի առած պատմությունը ոչ թե զոհի, այլ հաղթանակած հայի պատմություն է»:
Միջոցառման ավարտին ազգային-հայրենասիրական երգերով հանդես եկավ Գուսան Հայկազունը: