Շարա Տալյանին հիշելով

Այսօր Շարա Տալյանի ծննդյան օրն է: Հայ մեծանուն երգչի, որը մի ամբողջ դարաշրջան է մեր երգարվեստում, որի անունը երբեք չի խամրում ու չի մոռացվում: Եվ այսօր հատկապես հաճախ ենք վերադառնում դեպի Շարա Տալյանը, որովհետև վտանգված է ազգային երգը, այն հայտնվել է տարբեր ազդեցությունների բավիղներում՝ «բեռնավորվելով» արևելյան երգեցողության ոչ բարձրարժեք դրսևորւմներով: Շարա Տալյանի համար ազգային երգն արյան բաղադրություն էր, կենսագրություն, ուստի ամեն ինչ արեց՝ պահպանելու այն ամենը, ինչը ժառանգել էր իր նախնիներից:

Ծնվել էր Թիֆլիսում, գյումրեցի նշանավոր աշուղ Ջամալու ընտանիքում՝ 1893 թվականին: Տալյանների տոհմը հայտնի էր ողջ Ալեքսանդրապոլում և Այսրկովկասում, այս տոհմի շառավիղներից մեկն էլ աշուղ Շերամն էր՝ Գրիգոր Տալյանը: Շարա Տալյանը 1901-1913 թվականներին սովորել է նշանավոր Ներսիսյան դպրոցում, աշակերտել կոմպոզիտորներ Սյունուն և Սպիրիդոն Մելիքյանին:  Ուսուցիչները վաղ են նկատել նրա երգչական շնորհները և տասներեք տարեկանից ընդգրկել  դպրոցական երգչախմբում: 1911 թվականին տասնութ տարեկան երգիչը Շուլավերում ունեցել է իր առաջին մենահամերգը, իսկ 1912-ին Թիֆլիսում իր մենահամերգի ժամանակ արժանացել է մասնագետների բարձր գնահատականներին: Շարա Տալյանին հրավիրել են Թիֆլիսի հայկական դրամա-օպերետային թատերախումբ, որտեղ նա երգել է Հոր-հոր աղա՝ Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերետի բեմադրության մեջ: Նույն՝ 1912թվականին Շարա Տալյանը Ալեքսանդրապոլ-Գյումրիում  մասնակցում է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջին բեմադրությանը և կատարում Սարոյի դերերգը: Անտարակույս, Շարա Տալյանը կուզենար իր ստեղծագործական կենսագրությունը հյուսել օպերային թատրոնում, սակայն դրա բացակայությամբ պայմանավորված՝ մեկնում է Բուդյոնովսկ քաղաք և որպես ուսուցիչ և խմբավար աշխատում Սուրբ Խաչ եկեղեցում:  Երեք տարի այստեղ աշխատելուց հետո՝ 1916 թվականին մեկնում է Պետերբուրգ և սովորել կոնսերվատորիայում՝ աշակերտելով ժամանակի ճանաչված մանկավարժներ Կլինովսկուն և Գաբելին: Օրվա հաց վաստակելու համար էլ երգում է տեղի հայկական եկեղեցու երգչախմբում: Ավարտելով կոնսերվատորիան՝ ծավալում է երգչական գործունեություն՝ մասնակցելով Թիֆլիսի, Բաթումիի, Երևանի թատերախմբերի ներկայացումներին, հաճախ ինքն է հիմնում թատերախմբեր և հանդես գալիս Այսրկովկասի հայաշատ քաղաքներում՝ կատարելով ինչպես օպերային, օպերետային դերերգեր, այնպես էլ դրամատիկական դերեր:

1923 թվականին Շարա Տալյանը Հայաստանի տարածքում առաջինը՝ ստեղծում է Գյումրու օպերա-օպերետային թատերախումբը, որը, ըստ էության, Արևելյան Հայաստանում առաջին ազգային երաժշտական խաղացանկային թատրոնն էր:  Այստեղ նա բեմադրում է Շ. Գունոյի «Ֆաուստ» , Ա. Ռուբինշտեյնի «Դևը» , Պ. Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաները, Ի. Կալմանի  «Սիլվա» և այլ օպերետներ: Այս թատրոնը մեծ դեր կատարեց ազգային երաժշտական թատրոնի ձևավորման ճանապարհին, առիթ տվեց հայ ունկնդրին ծանոթանալու ռուս և արևմտաեվրոպական լավագույն օպերաներին ու օպերետներին: Սակայն 1927 թվականին փակվում է այս թատերախումբը, և Շարա Տալյանը բնակություն է հաստատում Երևանում, ուր ստեղծում է «Հայ աշուղներ» երաժշտախումբը, երկացանկում ընդգրկել Հովնաթանի, Սայաթ-Նովայի, Շիրինի, Ջիվանու, Ջամալի, Շերամի և այլոց ստեղծագործությունները:

1932-33թթ.  մասնակցել է նաև Երևանի օպերայի և բալետի թատրոնի հիմնադրմանը: 1938թ. կազմակերպել է գուսանական երգի նոր անսամբլ, որը կոչվել է Սայաթ-Նովայի անունով: 1942թ. նրա ջանքերով ստեղծված երաժշտական կատակերգության թատերախումբը բեմադրել է առաջին երաժշտական կատակերգությունները: Հավաքել, գրառել, կազմել ու տպագրել է Սայաթ-Նովայի և Ջիվանու երգերի առաջին նոտագրված ժողովածուները: Բնորոշ ու արտահայտիչ են նրա աշուղական, գյուղական ու քաղաքային ժողովրդական, հայ կոմպոզիտորների երգերի, միջնադարյան տաղերի կատարումները, որոնք նշանակալի տեղ են ունեցել նրա երգացանկում: Հիմնովին տիրապետել է եվրոպական վոկալ արվեստին ու բեմական վարպետությանը: 1933-54թթ եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, հանդես է եկել նաև մենահամերգներով: Կատարել է Սարոյի, Դավիթ Բեկի` Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ», Արշակի` Չուխաճյանի «Արշակ Բ», Գրիգորի` Ստեփանյանի «Լուսաբացին», Ֆաուստի` Գունոյի «Ֆաուստ», Դոն Խոսեի` Բիզեի «Կարմեն», Ալմավիվայի` Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», Ժերմոնի, Ռիգոլետտոյի, Ամոնասրոյի` Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Աիդա», Օնեգինի, Ելեցկու` Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա» և բազմաթիվ այլ դերերգեր: 1955թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի  ընտրության ծիսակատարությունների ժամանակ երգչախմբի հետ կատարել է Պատարագի մեներգերը: 1956թ. կատարել է Մակար Եկմալյանի և Նիկոլ Գալանտերյանի մինչ այդ չհնչած երգերից: Վերջին անգամ ելույթ է ունեցել նույն թվականին, Մոսկվայի Մեծ թատրոնում՝ հայկական արվեստի և գրականության երկրորդ տասնօրյակի եզրափակիչ համերգում: 1939թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը, 1946թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում:

Շարա Տալյանը նաև մեր երաժշտտտական կոմեդիայի   թատրոնի հիմնադիրներից է, քանի որ 1942 թվականին Երևանում ստեղծել է Երաժշտական կոմեդիայի՝ ներկայիս Հ. Պարոնյանի անվան թատրոնը: Ժամանակակիցները բարձր են գնահատել Շարա Տալյանի արվեստը,  կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը գրել է.  ««Անուշ» օպերայի պատմությունը սերտ կապված է քո անվան հետ: Եթե հեղինակը տվել է Սարոյի լայնաշունչ մեղեդիները, դու նրանց կենդանություն ես տվել քո անզուգական կատարումով, քո ձայնի առանձնահատուկ տեմբրով, որով ստեղծվել է սքանչելի Շարա Տալյան-Սարոն, ու չեմ կարող պատկերացնել մի այլ նման Սարո»:

Լևոն Մութաֆյան

Scroll Up