Մայրենիին նվիրված տոն Սելիդովոյի հայկական դպրոցում

Օտարության մեջ, ուր ամենուր` դպրոցում և փողոցում, մշակութային կենտրոններում և այլուր հնչում է օտար լեզու, դժվար է հային հայ պահել, սակայն շնորհիվ հայկական դպրոցների և ծնող-ուսուցիչ միահամուռ աշխատանքի՝ մեր երեխաներն ու պատանիները օտար ափերում դաստիարակվում են հայեցի:

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սելիդովո քաղաքի «Հայորդիք» հայկական կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց լիարժեք հայ են զգում, մեծ խինդով ու հպարտությամբ են հաճախում դպրոց: Դպրոցը նրանց համար դարձել է հարազատ միջավայր, ուր կարող են խոսել ու մտածել  հայերեն:

Դպրոցում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում անցնում է շատ գեղեցիկ ու բարձր տրամադրությամբ: Հերթական միջոցառումը նվիրված էր մայրենիին:

Մայրենիի տոն… Տոն, որին մեծ ոգևորությամբ էին պատրաստվել երեխաները: Դահլիճը լեփ-լեցուն էր: Հրավիրվածներն անհամբեր սպասում էին վարագույրի բացվելուն: Հնչեց ՀՀ օրհներգն, ու երեխաները հպարտ քայլերով մտան դահլիճ, ու մեր սաների շուրթերից հնչեց,  զիլ ղողանջեց Հայաստանի Օրհներգը:

Այնուհետև ներկայացվեցին դրվագներ Մեսրոպ Մաշտոցի կյանքից, մեսրոպյան տառերի ստեղծման պատմությունից, հնչեցին հայրենասիրական և հայոց լեզվին նվիրված բանաստեղծություններ, ազգագրական և հայրենսիրական երգեր:

Միջոցառման վերջում մեր փոքրիկ դերասանները ներկայացրին Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը»: Միջոցառումն ավարտվեց, հանդիսատեսը հոտնկայս ծափահարություններով արտահայտեց իր գոհունակությունը: Դպրոցի սաները և ծնողներն ու հյուրերը հրաժեշտ տվեցին միմյանց` նորից հանդիպելու ակնկալիքով:

Աղավնի Կարախանյան

Դոնեցկի մարզի Սելիդովո և Դիմիտրով քաղաքների հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի

1974571_521936224591800_1738595738_n

1964503_521936084591814_569151354_n

Scroll Up