Ապրելով Մոսկվայում` նրանց վիճակված էր ծանոթանալ Հայաստանում

Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի հովանու ներքո գործող Մոսկվայի «Հայորդյաց տան» ուսուցիչները, կարելի է ասել, անուն առ անուն հիշում են իրենց սաներին, որոնցից յուրաքանչյուրն իր յուրօրինակ հետքն է թողել կրթօջախի պատմության մեջ, դարձել հայկական օրրանի անբաժանելի մասը: Սակայն  կան սաներ, որոնց մանկավարժները հիշում են յուրօրինակ ժպիտով: Պատճառը ոչ միայն այդ սաների յուրօրինակ լինելն է, այլև նրանց ընտրած` կյանքի համատեղ ուղին: Որպես կանոն, մանկավարժների մեջ նման խոսակցությունները սկսվում են այսպես. «Գիտե՞ս  ինչն է հետաքրքիր. ոնց որ իմ երեխաներին ամուսնացրած լինեմ: Երկուսն էլ իմն են, երկուսի համար էլ սիրտս ուրախանում է, երկուսի ապագայի համար էլ հանգիստ եմ….»:

Հայրենիքից հեռու այս անկյունում հայ երիտասարդներին արդեն յոթ տարի միավորում է «Հայորդյաց տունը», որը ոչ միայն կրթօջախ է, այլև մի շարք ընտանիքների ստեղծման հիմքն է հանդիսացել` դառնալով բազմաթիվ սրտերում նվիրական բաբախի առաջին վկան:

Տեառնընդառաջին, Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն նորակառույց եկեղեցու բակում ազգային տոնը նշողների շարքում էին նաև «Հայորդյաց տան» ներկայիս և նախկին սաները: Իսկ նրանց մեջ կային նաև այնպիսիք, ովքեր հավատում էին, որ հաջորդ տարի տոնին մասնակցելու են սիրելիի ուղեկցությամբ: Սակայն, «Հայորդյաց տան» սաների շարքում կան երկուսը, ովքեր դուրս են այս տարի աղի բլիթ համտեսողների և անծանոթների մեջ սիրելիին փնտրողների շարքից. խոսքը Նորայրի և Մարգարիտայի մասին է: «Հայորդյաց տունը»` ի դեմս կրթօջախի անբաժանելի մաս կազմող «Գավիթ» թատրոնի, նրանց միավորող,  ծանոթությունն ամրապնդող և սիրո վերածող օղակ է դարձել:

Ապրելով Մոսկվայում` նրանց վիճակված էր ծանոթանալ Հայաստանում` հանրապետության ամենաբարձր լեռը` Արագածը բարձրանալիս:

«Նորայրի հետ ծանոթացել ենք շուրջ հինգ տարի առաջ: Որպես «Հայորդյաց տան» ակտիվ սան` ինձ էլ էին ուղարկել Հայաստան: Այդ այցելության ժամանակ որոշեցինք բարձրանալ Արագած: Մեր շատ մոտ ընկեր և «Գավիթ» թատրոնի դերասանուհի Քրիստինան հրավիրել էր նաև Նորայրին: Ես հաշվի չէի առել, որ սար ենք բարձրանում, և այնտեղ եղանակը բավական սառն է: Այդ ժամանակ Նորայրն ինձ առաջարկեց իր հագուստը, այդպես էլ ծանոթացանք»,- մեզ հետ զրույցում ասաց Մարգարիտան:

Արագածից իջնելուց Նորայրն ու Մարգարիտան ակտիվորեն քննարկել են Մոսկվայի հայկական կյանքը և բացահայտել, որ երկուսի նախընտրությունների շարքում իր յուրօրինակ տեղն է զբաղեցնում թատրոնը:

«Ես ինձ համար սկսեցի բացահայտել մի երիտասարդի, ով ակտիվորեն մասնակցում էր Մոսկվայի հայկական հասարակական կյանքին, իսկ հայրենիքի մասին խոսելիս աչքերում յուրօրինակ վարակիչ կրակ էր հայտնվում»,- ասաց Մարգարիտան:

Նորայրը Մոսկվայում սովորել է թատերական թեքումով դպրոցում, իսկ Մարգարիտան թատրոնի կախարդական աշխարհն իր համար բացահայտել է «Հայորդյաց տանը»` «Գավիթ» թատրոնում, և որոշել երբեք չլքել «ամենամեծ իրականությունը»` թատրոնը:

Թատրոնի և հայրենիքի հանդեպ սերն էլ միավորել է Նորայրին և Մարգարիտային, ովքեր այժմ ընդգրկված են «Գավիթ» թատրոնում և պատրաստվում եմ պսակադրվել: Հատկանշական է, որ նրանք ծրագրել են իրենց ծանոթության հինգերորդ տարում` օգոստոսի 8-ին, «Գավիթի» անդամներով կրկին բարձրանալ Արագած:

Նրանց պսակադրությամբ «Հայորդյաց տան «ընտանիքների»» թիվը կավելանա ևս մեկով, որը բարի նախանձով նայելու և կրկնօրինակման առիթ կդառնա մյուսների համար` վստահեցնելով, որ այն, ինչը միավորվել է հայրենիքից հեռու, բայց թաթախված է և վառվում է հայրենիքի հանդեպ սիրով,  չի կարող մարել հյուսիսի սառնամանիքից և օտար քամիներից:

Արմինե Կարեյան, Մոսկվա

unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed

Scroll Up