Վերջին մեծ հայերից մեկը

Կյանքի 92-րդ տարում դեպի հավերժության ճանապարհը բռնեց մեր վերջին մեծագույն հայերից մեկը՝ աշխարհահռչակ գիտնական, էսսեիստ, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը, այն բացառիկ անհատականություններից մեկը, որի մասին կարելի էր ասել, թե առաջ էր անցել իր ժամանակից, ապրում էր ապագայի մեջ՝ մշտապես հայացքը հառած մեր պատմությանը, մեր ներկային: Ճիշտ և ճիշտ վերածննդյան անհատականություն, որովհետև աշխարհը նրա համար միայն գիտական հետաքրքրությունների օբյեկտ չէր, նա ուշագրավ փիլիսոփայական թափանցումներով հասնում էր աշխարհընկալման սեփական կերպի դրսևորումներին, հաճախ նկարակալի առջև նստած՝ նկարում էր աշխարհի մասին իր պատկերացումները… Նաև հրաշալի գեղագետ էր ու գրող, ուստի պատահական չէ, որ Հայաստանի գրողների միության անդամ էր: Տակավին 1960-70-ականներին նրա ինքնատիպ էսսեները ցնցեցին մեր միտքը, պարտադրեցին տեսնել բոլորովին այլ Գուրզադյանի՝ դեպի Նարեկացիական խորքը մղվող մեծ փիլիսոփայի ու գրողի…

Գրիգոր Գուրզադյանը ծնվել էր 1922 թվականի հոկտեմբերի 22-ին, Բաղդադում: Ծնողները Միջագետքի մարգարիտ էին հասել Արևմտյան Հայաստանից, 1915-ին՝ մազապուրծ Ցեղասպանությունից: Նրանք իրենց աչքերի մեջ Մեծ եղեռնի սարսափն էին պահել, ուստի շատ էին ուզում, որ գտնեն իրենց վերջնական հանգրվանը, երազելի Հայաստանը: Գրիգոր Գուրզադյանն իրականություն դարձրեց ծնողների երազանքն ու Հայաստան եկավ, տեսավ հորիզոնների շրջանակի մեջ նկարված Մասիսները, տեսավ տակավին թշվառության մեջ ծրարված Երկիր Նաիրին, որը մեծագույն ջանքեր էր գործադրում՝ ապրելու և ապրեցնելու: Նա ընդունվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որն այժմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն է: Նրա ուսումնառության տարիները համընկան երկրորդ աշխարհամարտի դժվարին տարիներին: Չերկնչեց, չսարսեց, այլ հասկացավ, որ պատերազմը հաղթելու համար նաև հզոր գիտություն է պետք: 1944-ին ավարտեց ԵրՊԻ-ի հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները: Սա բացառիկ մի բան էր, երբ ուսանողին հնարավորութուն էր տրվում սովորելու միաժամանակ երկու ֆակուլտետում: Գրիգոր Գուրզադյանի ունակությունները նույնպես բացառիկ էին…Տաղանդավոր երիտասարդին շատ շուտ նկատեց և համագործակցության հրավիրեց Վիկտոր Համբարձումյանը՝ հենց ինքն էլ դառնալով Գուրզադյանի ատենախոսության գիտական ղեկավարը: 1948-ին Վ․ Հ․ Համբարձումյանի ղեկավարությամբ, 26 տարեկան հասակում, Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը “Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը” թեմայով։  Վիկտոր Համբարձումյանը հիացած էր Գրիգոր Գուրզադյանով, բարձր էր գնահատում նրան, հենց նրա և մի շարք այլ երիտասարդ գիտնականների հետ ստեղծեց Բյուրականի աշխարհահռչակ աստղադիտարանը: Նախկին Խորհրդային Միությունում շատերն էին զարմանում երիտասարդ գիտնականով, ուստի Գուրզադյանին իրավունք տրվեց ընդամենը 33 տարեկան հասակում՝ 1955-ին, պաշտպանելու դոկտորական ատենախոսություն: Սա խորհրդային և համաշխարհային գիտության մեջ եզակի դեպքերից էր, երբ ընդամենը երեսուներեք տարեկանը դառնում էր դոկտոր: Ավելին, Գուրզադյանը 28 տարեկանում արդեն Բյուրականի աստղադիտարանի աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժնի վարիչն էր: Նա այս բաժինը ղեկավարեց մինչև 1966 թվականը: 1967-ին Գրիգոր Գուրզադյանը Աստղադիտարանին առընթեր ստեղծեց և մինչև 1973 թվականը ղեկավարեց տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը, իսկ 1973-1978-ին ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան։ Նրան Գառնիի երազող էին կոչում, որովհետև հենց Գուրզադյանը շատերի կողմից մոռացված գյուղը դարձրեց գիտական հետազոտությունների կենտրոն, ճանաչելի դարձրեց ողջ աշխարհում: 1992-ին այդ մասնաճյուղի հենքի վրա նա ստեղծեց Գառնիի տիեզերական աստղագիտության գիտահետազոտական ինստիտուտը, որը ղեկավարեց մինչև 2004 թվականը: Ըստ էության, Գուրզադյանը համաշխարհային գիտության մեջ տիեզերական աստղագիտության գիտաճյուղի ստեղծողներից մեկն է: Ականավոր գիտնականն ուսումնասիրել է մոլորակաձև միգամածությունների ֆիզիկան և դինամիկան, ստեղծել աստղերի բռնկման տեսություն՝ հիմնված նրանցում ընթացող ոչ ջերմային երևույթների վրա, մշակել «Օրիոն» և «Օրիոն-2» տիեզերական համակարգերը, որոնց օգնությամբ առաջին անգամ ստուգվել են շատ թույլ՝ մինչև 13-րդ մեծության աստղերի կարճալիք սպեկտրագրերը։ Մշակել է երկթաղանթ միգամածությունների առաջացման տեսությունը, ուսումնասիրել է մոլորակաձև միգամածությունների ձևերի առաջացման գործում մագնիսական դաշտի նշանակությունը, մշակել է աստղերի բռնկման տեսություն՝ հիմնված նրանցում տեղի ունեցող ոչ ջերմային երևույթների վրա։ Գուրզադյանը ստեղծել է մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր։ 1990-ականներին նա մշակեց սեղմ կրկնակի աստղերի ընդհանուր գունոլորտներ (շուրջքրոմների) և կրկնակի գնդաձև աստղակույտերի էվոլյուցիայի տեսությունները։ Նրա անվան հետ է կապված «Օրիոն» տիեզերական աստղադիտարանի օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոդիկայի ստեղծումը։ Գուրզադյանը տիեզերական աստղագիտության հիմնադիրներից մեկն է։ Դեռ 1960-ականներին կիրառելով Ռ-5 բալիստիկ հրթիռներ, նա ղեկավարեց Արեգակի և աստղերի գերմանուշակագույն (ԳՄ) և ռենտգենյան դիտումները (առաջին թռիչքը կայացավ  1961 թվականի փետրվարի 15-ին, Կապուստին-Յար բազայից)։

Այնուհետև Գուրզադյանն անցավ տիեզերական ուղեծրային աստղադիտարանների նախագծմանը, որոնցից ամենահայտնին են «Օրիոնները»։ 1971 թ.-ի ապրիլին «Սալյուտ-1» առաջին տիեզերական կայանը ուղեծիր բարձրացրեց «Օրիոն-1»-ը, օբյեկտիվ պրիզմայով առաջին տիեզերական աստղադիտակը։ Սակայն գագաթնակետն էր Օրիոն-2-ը, որը «Սոյուզ-13»  տիեզերանավի վրա աշխատեց 1973 թ.-ի դեկտեմբերին։ Գրիգոր Գուրզադյանը հեղինակ է մոլորակաձև միգամածություններին, միջաստղային նյութին և բռնկվող աստղերին նվիրված կարևորագույն տեսական աշխատանքների։ Ընդհանուր առմամբ նա տպագրել է ավելի քան 200 գիտական հոդված և մի շարք մենագրություններ՝ “Ռադիոաստղաֆիզիկա” (1956, ռուսերեն), “Մոլորակաձև միգամածություններ” (“Նաուկա”, 1962, ռուսերեն և “Գորդոն էնդ Բրիչ”, 1970, անգլերեն), “Բռնկվող աստղեր” (“Նաուկա”, 1973, ռուսերեն և “Պերգամոն”, 1980, անգլերեն), “Աստղային գունոլորտներ” (“Նաուկա”, 1984, ռուսերեն), “Մոլորակաձև միգամածությունների ֆիզիկա և դինամիկա” (“Նաուկա”, 1988, ռուսերեն և “Շպրինգեր”, 1997, անգլերեն), “Միջմոլորակային թռիչքների տեսություն” (“Գորդոն էնդ Բրիչ”, 1996, անգլերեն) և “Տիեզերական դինամիկա” (“Ֆրենսիս էնդ Թեյլոր”, 2002, անգլերեն)։ Գուրզադյանի ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ կտավներ և գրական ստեղծագործություններ։

Էդվարդ Միլիտոնյանն իր բանաստեղծություններից մեկում գրել է.

Այս պահին իմ գրիչը տառեր է շարում մի հայի մասին
(Գրիգոր Գուրզադյանի), որ աստղասփյուռից տուն չի գալիս,
Որքան էլ որ նրան կանչեն Արագածի կակաչները,
Դեռ ավելին, իր հորինած օպտիկական սարքով
Փնտրում է կորած մոլորակներ, գիսաստղեր:
Իսկ երբ հովվի պես հոգնած տուն է իջնում,
Գառնո հեթանոսական տաճարին հարող տարածքի վրա
Վրձնով գրում է` Տիեզերական կենտրոն:

Ականավոր գիտնականի մասին գրված այս և այլ տողեր միշտ կապրեն, որովհետև նա իր մեջ հայությունն էր խտացնում, նա աշխարհի մեծերից մեկն էր, որը գնաց դեպի աստղերը…

Հիմա երկնքում  մեծ խրախճանք է…

Լևոն Մութաֆյան

Scroll Up