Ուկրաինայի հայերը. ո՞վքեր են նրանք. Корреспондент-ի անդրադարձը Ուկրաինայի հայկական համայնքին

Корреспондент պարբերականը սկսում է նոր շարք Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների մասին։ Այս անգամ պատմում է հայերի՝ Ուկրաինայի ամենամիասնական ազգերից մեկի մասին։

2001-ին Ուկրաինայում անցկացված վերջին մարդահամարի տվյալներով, երկրում ապրում է մոտ 100.000 հայ։ Առաջին անգամ հայերը հայտնվել են Կիևյան Ռուսիայում 11-րդ դարի սկզբին։ Պատմականորեն ամենախոշոր հայկական գաղութները ձևավորվել են Պոդոլում, Գալիչինայում և Ղրիմում։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայկական բնակչությունն Ուկրաինայում աճում է 2,5 անգամ։ Լեռնային Ղարաբաղ, չեչենական պատերազմ, վրաց-աբխազական հակամարտություն՝ հայերը ստիպված էին փախչել Կովկասից ընտանիքներով։

Այժմ ամենաշատ քանակությամբ հայեր ապրում են Դոնեցկի մարզում՝ գրեթե 16 հազ. մարդ։ Շատ են նրանք նաև Խարկովշչինայում և Դնեպրոպետրովշչինայում։

«Արևելքում ավելի հեշտ է աշխատանքի անցնել։ Այստեղ կա արդյունաբերություն, և եթե դու լավ ձեռքեր և ուղեղ ունես, ապա չես մնա առանց գումարի»,- բացատրում է Լուգանսկի մարզի բնակիչ Հակոբ Հակոբյանը, ով ունի ուկրաինական և հայկական խոհանոցի ուտեստների ռեստորան։

Ռեստորանների ամենահայտնի սեփականատեր է լվովցի Վարդգես Արզումանյանը։ Նրա Restaron խմբում ներառված են «Տարոն», «Կենտավր» և «Mons Pius» հաստատությունները։ Նա վերականգնում է Լվովի հայերի ուտեստների ավանդական բաղադրատոմսերը հնագույն լեհական արխիվների օգնությամբ։ Նաև հավաքում է ռեստորանային ճաշացանկեր. նրա հավաքածուում կա նույնիսկ Տիտանիկի 3-րդ դասի ուղևորի ճաշացանկը։

Ուկրաինայի հայերը դրսևորում են իրենց տարբեր ոլորտներում։ Նրանցից ամենահարուստը՝ Օլեգ Մկրտչյանը, Դոնբասի «Արդյունաբերական միություն» մետաղագործական ընկերության գլխավոր տնօրենն է։ Նվեր Մխիթարյանը գլխավորում է Կիևի Познякижилстрой շինարարարական ընկերությունը, Ալեքսանդր Դավթյանը՝ DAD ներդրումային խմբի համասեփականատերն է, զբաղվում է շինարարական և հյուրանոցային բիզնեսով Խարկովում։ Մեկ այլ խարկովցի՝ Արսեն Ավակովը, եղել է Բազիս բանկի համասեփականատերը։

Մինչև վերջերս Ուկրաինայի հայերը չունեին միասնական կազմակերպություն։ Այսօր երկրում գործող համայնքներին միավորում է Ուկրաինայի հայերի միությունը, որը գլխավորում է պատգամավոր Վիլեն Շատվորյանը։ Սփյուռքի զարգացումը, լեզվի և մշակութային ավանդույթների պահպանումը՝ միության գլխավոր խնդիրներն են։ Առաջնահերթ է եկեղեցիների շինարարությունը։ Արդեն սկսվել է Դոնեցկի հայկական եկեղեցու  կառուցումը։ Կարևոր խնդիր է նաև Լվովի հայկական տաճարի վերանորոգումը. այն 650 տարեկան է և չի վերանորոգվել ավելի քան 1.5 դար։

«Մենք պահպանում ենք կապը բոլոր համայնքների հետ, Լվովի եկեղեցու քահանայի հետ, շփվում ենք նույնիսկ Լիբանանի հայերի հետ։ Գիտեք նաև նրանց, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ Ուկրաինայում»,- նշում է Արզումանյանը։ Այսօր Գերագույն ռադայում կա հայկական ծագումով 3 պատգամավոր՝ Վիլեն Շատվորյան, Նվեր Մխիթարյան և Արսեն Ավակով։

http://www.tert.am/

Scroll Up