«Հուսով եմ՝ Ավստրալիան մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը».Գլեդիս Բերեջիկլյան

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը չորրորդ անգամ է Հայաստանում: Այս անգամ այցը մասնավոր է, սակայն հանդիպումներ են կայացել ՀՀ վարչապետի և նախագահի հետ: «Արմենպրես»-ը Գլեդիս Բերեջիկլյանի հետ զրուցել է առաջիկա ծրագրերի, Նոր Հարավային Ուելս նահանգի հայ համայնքի, Հայոց ցեղասպանության ճանաչման և այլ թեմաների շուրջ:

Տիկին Բերեջիկլյան, 2019թմարտի 23-ին Նոր  Հարավային   Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում դարձաք նահանգի հայազգի և կին առաջին վարչապետը:

Նոր Հարավային Ուելսն իր մեծությամբ և բնակչության թվաքանակով   մի քանի անգամ գերազանցում է   Հայաստանին,   իր տնտեսությամբ գերազանցում   է        նաև մի շարք առաջատար երկրների: Համագործակցության ի՞նչպիսի   հեռանկարներ  եք  տեսնում  Հայաստանի Հանրապետության հետ:  Փոխգործակցության ծրագրեր ունե՞ք,  որոնք այսանցի  ընթացքում  արդեն քննարկել  եք  Հայաստանի վարչապետի կամ նախագահի  հետ:

– Ծրագրերը շատ լայն են, և հույս ունեմ, որ ապագայում կկարողանանք պաշտոնական մակարդակում հզոր կապեր ստեղծել, որովհետև ոչ պաշտոնական մակարդակում մեր սրտերը շատ մոտ են: Նոր Հարավային Ուելս նահանգի հայ համայնքը շատ հզոր է: Հայ համայնքի անդամները միշտ ցանկանում են ոչ միայն այցելել Հայաստան, այլ նաև օգտակար լինել երկրին: Պաշտոնական մակարդակում հարաբերությունները խորացնելու հարցը շատ լուրջ քննարկեցինք թե՛ վարչապետի, թե՛ նախագահի հետ, և հույս ունեմ, որ ապագայում կկարողանանք մեր հարաբերություններին պաշտոնական կարգավիճակ տալ:

Հայաստան այցելել եք նաև 2013թ.-ին՝ ավստրալական  քաղաքական  գործիչների  պատվիրակության  կազմում։Այդ այցից 6 տարի է անցել, ի՞նչ փոփոխություններ եք նկատում   Հայաստանում   և ի՞նչ  տպավորություններ    ունեք    այսօր:

– Սա առաջին անգամ է, որ Հայաստան այցելում եմ որպես վարչապետ, բայց, ընդհանուր առմամբ, չորրորդ այցն է: Այստեղ ազգականներ ունեմ, և միշտ փորձում եմ գալ Հայաստան: Հայաստանում շատ փոփոխություններ եմ նկատել: Կարծում եմ` ժողովուրդն ավելի լավատես է, ապագայի նկատմամբ ավելի հույսով է լցված, շինարարությունն է բավական զարգանում, սակայն որոշ հարցեր կան, որոնք ապագայում պետք է լուծվեն: Բայց ես լավատես եմ Հայաստանի հետ կապված և զգում եմ, որ սփյուռքի հայությունը միշտ Հայաստանի կողքին կանգնած է:

– Հայաստանում ի՞նչն է ձեզ առավել գրավել, և Նոր Հարավային Ուելսի զբոսաշրջիկներին ի՞նչը կարող է գրավել, որպեսզի նրանք էլ այցելեն Հայաստան:

– Կարծում եմ` Հայաստանում կգրավեն անուշ պատմությունը, տեսարժան վայրերը: Հայաստանն ավելի լավ ձևով պետք է մատուցի իր հարստությունները, մանավանդ պատմական արժեք ներկայացնող կոթողները: Օրինակ` արևմտյան աշխարհը, եթե տեղեկանա, որ այստեղ գոյություն ունեն 4-5-րդ դարերի եկեղեցիներ, նրանց մոտ մեծ հետաքրքրություն կառաջանա:

– Նախորդ անգամ նաև Արցախ էիք այցելելայս անգամ այդպիսի այց նախատեսո՞ւմ եք:

– Դժբախտաբար, ոչ: Այս անգամ այցը շատ կարճ է, միայն մեկ շաբաթով եմ ժամանել ընտանեկան հարցերով, պետք է մասնակցեմ հարսանեկան արարողության: Բայց ապագայում դարձյալ կայցելեմ Արցախ, երկու անգամ եմ այնտեղ եղել, և միշտ ընկերներիս հորդորում եմ, որ իրենք էլ գնան: Մոտ ապագայում Ավստրալիայից պատգամավորական այլ խումբ կժամանի, հուսով եմ, որ նրանք կգնան Արցախ:

 – Հպարտորեն նշում եք, որ 1915թ. Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի թոռնուհի եք, ձեր գործունեության ընթացքում բազմիցս Ավստրալիայի իշխանություններին կոչ եք արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ըստ ձեզ՝ Ավստրալիան երբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչ հնարավորություններ կան դրա համար, և ինչ քայլեր եք ձեռնարկում այդ ուղղությամբ:

– Մեր նահանգն արդեն 20 տարի է` ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Արցախի անկախությունը ճանաչում է: Մենք հուսով ենք, որ Ավստրալիան նույնպես կճանաչի, եթե Գերմանիան և որոշ երկրներ կարող են ճանաչել, և ես միշտ իմ խորհրդարանական ընկերների մոտ այդ հարցը բարձրացնում եմ: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս Ավստրալիան նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

– Հայաստանից դուրս բարձր պաշտոնների շատ քիչ թվով հայեր են կարողանում հասնել: Ի՞նչ խորհուրդ կտաք սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր դեռ նոր են պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ:

– Երկու բան է ինձ միշտ օգնել` հավատն ու աշխատասիրությունը: Եթե անընդհատ աշխատես, ամեն ինչ կարող ես անել: Ինձ միշտ հարցնում են, թե ո՞րն է գաղտնիքը, ասում եմ` գաղտնիք չկա: Գիշեր-ցերեկ պետք է աշխատես, և պետք է միշտ լավատես լինես, այդ երկու բաները շատ կարևոր են:

  – Ապագայում ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու ծրագրեր ու նպատակներ ունե՞ք:

– Ոչ, իմ վարչապետի պաշտոնը բավական է: Սակայն 17 տարի առաջ, երբ խորհրդարանի անդամ դարձա, բնավ չէի պատկերացնում, որ մի օր պետք է վարչապետ լինեմ: Բայց կամաց-կամաց, երբ մեկ հաջողություն գրանցում ես, հասկանում ես, որ մյուսին ևս կարող ես հասնել: Այդպես հասա այս պաշտոնին:

 Շնորհակալ եմ հարցազրույցի համար:

Հարցազրույցը` Նորայր Շողիկյանի

Լուսանկարը` Տաթև Դուրյանի

Scroll Up