Առաջնորդական տեղապահն առաջին պատարագն է մատուցել Վիրահայոց թեմում

Հուլիսի 14-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում իր անդրանիկ Սբ. Պատարագն է մատուցել թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը:
Jnews-ից տեղեկանում ենք, որ Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի պետ, Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը թբիլիսահայերին ներկայացրել է թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահին:
«Այսօր ուզում եմ իմ գոհությունը հայտնել տարիներ և տասնամյակներ ձեզ ուղղված, ձեր հոգին ամրացնող և առաջնորդող Վազգեն սրբազանին, որը այդ տարիների ընթացքում չխնայեց ոչինչ՝ հայոց եկեղեցին պայծառացնելու համար»,- նշել է Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի մասին խոսելիս՝սրբազան հայրն ասել է, որ նա մեկն է, որին երևի գիտեն փոքր հասակից, մեկը, որ այսօր կանգնել է այս խորանին՝ իբրև առաջնորդական տեղապահ,  իր առաջին աղոթքն ու թոթվանքն սկսել է հենց այստեղից։
«Ուրախությունս այսօր կրկնապատիկ է, քանի որ գտնվում եմ այն եկեղեցում, որտեղից հոգևոր կյանքում սկսել եմ առաջին քայլերս։ Լինելով այս քաղաքից, այս եկեղեցու ծառայող, այս ժողովրդի հողի ու ջրի զավակ՝ վստահ եմ, որ յուրաքանչյուրիդ օգնությամբ  և յուրաքանչյուրիդ հետ միասին կարողանալու ենք առաջ տանել Թբիլիսիի և ամբողջ Վիրահայոց հոգևոր կյանքը»,- հավատացյալներին դիմել է նորանշանակ առաջնորդական տեղապահը։
Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը ծնվել է 1982 թ. մայիսի 20-ին, Թբիլիսիում: 1989-1999 թթ. սովորել է տեղի թիվ 104 միջնակարգ դպրոցում, իսկ 1999-2004 թթ.՝ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2005 թ. նոյեմբերին պաշտպանել է ավարտաճառ` «Հայ-վրացական եկեղեցական բաժանման վավերագրերը» թեմայով: 2005-2006 թթ. աշխատել է Էջմիածնի գլխավոր աթոռանիստ տաճարի Աստվածաբանական-հայագիտական կենտրոնում: 2005 թ. փետրվարի 5-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերակոչվելով Կիրակոս աբեղա: Հաջորդիվ մոտ 15 տարիների ընթացքում ծառայել է հայ եկեղեցուն տարբեր երկրներում:
Scroll Up