27 տարի առաջ ազատագրվեց Շուշին

Մայիսի 8-ը հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի: 1992 թվականի այս օրը ազատագրվեց Շուշին։ Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ Ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: Այս տարի լրանում է Շուշիի ազատագրման 27-րդ տարին:

Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի շրջանում Շուշին վերածվել էր ադրբեջանական զինվորական հենակետի։ Հակառակորդը, օգտագործելով քաղաքի բարձրադիր դիրքը, արդեն 1991 թվականի ավարտին սկսել էր գնդակոծել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Իրավիճակը կտրուկ վատացել էր 1992 թվականի փետրվարին: Հակառակորդը սկսել է գնդակոծել հատկապես բնակելի թաղամասերը: Նույն թվականի ապրիլի վերջին  ընդունվել է որոշում՝ գրոհելով ազատագրել Շուշին ադրբեջանցիների զինված խմբավորումներից։

1992 թվականի մայիսի 8-ի գիշերը Շուշիի ազատագրմանը մասնակցել է 3800 կամավոր՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) գլխավորությամբ։ Ճակատը եղել է 45 կմ։ Հարձակումն իրականացվել է մի քանի ուղղություններով։

Արդեն մայիսի 9-ի առավոտյան՝ 04:00-ին, Արկադի Տեր-Թադևոսյանը հայտարարել է, որ հակառակորդի բոլոր խմբավորումները լքել են Շուշին և այն այլևս ազատագրված է:

Շուշիի ազատագրման գործողությունը կոչվում է «Հարսանիք լեռներում»: Այս մասին հարցազրույցներից մեկում Արկադի Տեր-Թադևոսյանը պատմել է. «Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք Շուշին ազատագրել: Վազգեն Սարգսյանը (այդ ժամանակ պաշտպանության նախարար) ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա նրան, որ եթե մենք գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը»:

Հավելենք, որ Շուշի անվանումն առաջացել է «շոշ» բառից, որն Արցախի բարբառում նշանակում է ծառի այն նորաբույս ճյուղը, որն ամենաբարձրն է բոլոր մնացածներից: Այս անվանումը Շուշին ստացել է իր աշխարհագրական բարձրադիր դիրքի համար:

Scroll Up