Բաբկեն Տեր Գրիգորյանը դիմավորեց Լոս Անջելեսի հայկական դպրոցի  աշակերտներին

20 տարի առաջ էր, երբ Լոս Անջելեսի «Վահան և Անուշ Շամլյան» դպրոցի տնօրինությունը որոշեց դպրոցի աշակերտներին բերել Հայաստան: Այսօր արդեն սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանն այն ժամանակ առաջիններից էր, որ դպրոցի կազմում եկավ հայրենիք, այցից հետո էլ սկսեց մտածել հայրենադարձվելու մասին։

Շաբաթ օրը՝ ապրիլի 13-ին, «Զվարթնոց» օդանավակայանում Տեր Գրիգորյանը դիմավորեց հարազատ դպրոցի աշակերտներին, որոնք 12 օրվա ընթացքում կշրջեն Հայաստանում ու կծանոթանան հայկական մշակույթին։

Ողջունելով դպրոցի ուսուցիչներին և սաներին՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը կարևոր համարեց նման այցելությունները, որոնք թույլ են տալիս Հայաստանը բացահայտել տարբեր կողմերից: Ըստ նրա՝ նման նախաձեռնությունները հատկապես էական են փուլային հայրենադարձության համատեքստում, երբ դեռ վաղ հասակից երեխաները սկսում են մտածել հայրենիքի, նրա հնարավորություններին և հեռանկարների մասին: «Վստահ եմ` մի քանի տարի անց հենց այս պայծառ երիտասարդների մի մասը կհայտնվի Հայաստանի կառավարությունում»,-նշեց Բաբկեն Տեր Գրիգորյանը։

Նա բարձր գնահատեց նաև 1975  թվականից գործող կրթական հաստատության ներդրումը հայապահպանության, հայեցի դաստիարակության, Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու գործում:

Scroll Up