Համագործակցության լավ օրինակ

Հունվարի 24-ին «ՆերՈւժ» ծրագրի իրականացմանը ցուցաբերած գործուն աջակցության, պատասխանատու և նվիրված աշխատանքի  համար սփյուռքի նախարարության շնորհակալագրերով պարգևատրվեցին FAST հիմնադրամի աշխատակիցներն ու ծրագրի կամավորները:

Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի ողջույնի խոսքը փոխանցեց նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Հասմիկ Մանուկյանը: «Սփյուռքի հայ երիտասարդներին հայրենիքում ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ պայմանների և հնարավորությունների տրամադրման նպատակով ստեղծվեց «ՆերՈւժ» ծրագիրը, որն իրականացվեց մեր բոլորի համատեղ ջանքերով: Այդ նվիրված ջանքերի  համար  մեր անկեղծ երախտագիտությունն եմ ուզում հայտնել «ՆերՈւժ» ծրագրի գործընկերներին, աջակիցներին և կամավորներին, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումով նպաստեց, որ մենք ծրագիրը հաջողությամբ իրականացնենք:  Այսօրվա մեր հանդիպման շրջանակներում ես առանձնահատուկ ուզում եմ ընդգծել մեր հիմնական գործընկերոջ՝ «FAST» հիմնադրամի աշխատակիցների պրոֆեսիոնալ և թիմային ներգրավվածությունը ծրագրի նախապատրաստման և իրականացման ողջ ընթացքում, Դիլիջանի միջազգային դպրոցի սաների` իրենց արձակուրդի հաշվին ամենայն սիրով կատարված աշխատանքը, հայաստանցի երիտասարդ կամավորների աջակցությունը, շնորհակալություն հայտնել ձեր եռանդի, օգտակար լինելու անկեղծ պատրաստակամության համար, որը կրկնակի արժևորում է ստանում հանրային զարգացմանն  ուղղված ծրագրերում ձեր ներդրումն ունենալու տեսանկյունից»,-իր խոսքում ընդգծել էր նախարարի տեղակալը:

Այնուհետև Հասմիկ Մանուկյանը ներկաներին հանձնեց շնորհակալագրերը՝ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով նրանց համագործակցության, գաղափարների, երիտասարդական էներգիայի և տաղանդի համար:

Հանդիպման ավարտին ելույթ ունեցավ նաև Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրեն Գաբրիել Էրնեստո Աբադ Ֆերնանդեսը:

 

Scroll Up