Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ

ՏԻԱՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարից Մեր շնորհավորանքներն ու օրհնությունն ենք հղում Ձեզ` Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնում վերստին նշանակվելու կապակցությամբ:

Վստահ ենք, որ պատմական ու շրջադարձային իրադարձություններով լի այս ժամանակաշրջանում, ունենալով հայ ժողովրդի վստահության քվեն, պիտի կերտեք Հայաստանի Հանրապետության պատմության փառավոր էջերից մեկը: Հավատում ենք, որ վերանորոգության, բարեփոխումների և փոխադարձ վստահության այն ոգին, որ ստեղծվել է իշխանության և հասարակության միջև, հետայսու պատճառ և առիթ պիտի դառնա իրական խնդիրների մեջ խորամուխ լինելու և առավել բարեկեցիկ պետություն կերտելու առաքելության ճանապարհին:

Բազում են մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներն ու ոտնձգությունները, ներքին ու արտաքին թշնամիների դավերն ու հարվածները, որոնք ուղղված են մեր Հայրենիքի անվտանգության սասանմանը, ազգային, բարոյական ու սրբազան արժեքների ոտնահարմանը: Բայց դուք կարողացաք հայ ժողովրդի Մեր զավակների մեջ վերարթնացնել արդար ու պաշտպանված Հայրենիքում ապրելու հույսն ու հավատը, ապագայի հանդեպ առավել լավատեսորեն տրամադրվելու կարողությունը: Եվ հավատում ենք, որ մեր ժողովուրդն այլևս հիասթափության ու ընկճումի, տատանումների ու երկմտանքի պահեր չի ապրելու, չի հիասթափվելու և ականատեսն է լինելու վերածննդի ու վերազարթոնքի ազգային կյանքի բոլոր ասպարեզների մեջ:

Ի սրտէ շնորհավորում ենք և մաղթում, որ Աստծո օգնականությամբ Ձեր կառավարման տարիները հայոց անկախ պետականության պատմության մեջ նշանավորվեն նորանոր վերելքներով, առաջընթացներով ու բարգավաճումով` կառուցելով առավել հզոր, բարեկարգ և ապահով երկիր:

Աղոթում ենք Ձեզ համար և հայցում ենք Բարձրյալի զորակցությունը՝ մաղթելով առողջ և օրհնյալ օրեր, անսպառ եռանդ և բեղմնավոր գործունեություն:

Օրհնությամբ՝

Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Առաջնորդ Ռումանիոյ Թեմին Հայոց

Scroll Up