«Ոգեշնչված Կոմիտասով». ցուցահանդես-միջոցառում սփյուռքի նախարարությունում

էստոնաբնակ արվեստագետ, Էստոնիայի միջազգային նկարիչների միության նախագահ Արսեն Քլյանի նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 12-ին սփյուռքի նախարարությունում կայանալու է «Ոգեշնչված Կոմիտասով» խորագրով ցուցահանդես-միջոցառումը, որին ներկայացվելու են միության անդամ հանդիսացող հայաստանաբնակ և սփյուռքահայ արվեստագետների աշխատանքները (գեղանկարչություն և քանդակ):

Արսեն Քլյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց, որ Կոմիտասի 150-ամյակին ընդառաջ կազմակերպվող ցուցահանդեսը  կխթանի Հայաստանի և Սփյուռքի արվեստագետների կապերի ամրապնդմանը և աշխարհի մակարդակով հայկական կերպարվեստի զարգացմանը:

«Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Կոմիտասի ստեղծագործություններից ոգեշնչված նկարներ: Լինելով մեծն Կոմիտասի ժառանգորդներ՝ նրանից գոտեպնդված շարունակում ենք մեր աշխատանքը: Արվեստագետներն ինչպես զգացել են կոմիտասյան երաժշտությունը, այդպես էլ ստեղծագործել են: Օրինակ՝ «Կաքավիկ»-ը լսելիս՝ կաքավ են նկարել և այդպես շարունակ: Մինչև հիմա չեմ նկատել, որ Կոմիտասը որևէ տեղ ներկայացված լինի նման մոտեցմամբ: Առհասարակ, մեր նպատակն է ընդգծել այն հանգամանքը, որ հնի և նորի յուրահատուկ համադրությամբ՝ կարելի է արվեստից արվեստ ստեղծել»,-նշեց Արսեն Քլյանը:

Հավելենք, որ Արսեն Քլյանը դասական ժանրի դիմանկարիչ և քանդակագործ է: Ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև Լատվիայի գեղարվեստական ակադեմիան, 1980-ական թվականների սկզբին տեղափոխվել է Էստոնիա:

Ցուցահանդեսներով հանդես է եկել Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և բազմիցս՝ Էստոնիայում:

Scroll Up