Երևանը 2800 տարեկան է

Մ.թ.ա 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջանում է Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:
Արգիշտի Ա արքան իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրում է Էրեբունի ամրոց-քաղաքը` ներկայիս Երևանը, որը դառնում է երկրի վարչատնտեսական կարևորագույն կենտրոններից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է մեզ հասած սեպագիր արձանագրությունից.
«Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին` Մենուայի որդին, ասում է. այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը Բիայնիլի երկրի հզորության համար, ի սարսափ թշնամական երկրների: Արգիշտին ասում է. հողը ամայի էր, հզոր գործեր ես այնտեղ կատարեցի Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտի` Մենուայի որդի, թագավոր հզոր, թագավոր Բիայնիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»:
Մեր մայրաքաղաքի անունը գալիս է դեռևս ուրարտական շրջանից` Էրեբունուց: Ուրարտագիտությունից հայտնի է, որ ուրարտերեն «Բ» հնչյունը հայերենում հնչում է «Վ»: Այստեղից էլ Էրեբունի անունը ձևափոխվել է և դարձել Երևան:
Scroll Up