Գլենդելի  «Հայ դպրոց» հիմնադրամը  15 տարեկան է

ԱՄՆ Գլենդել (Կալիֆորնիա) քաղաքում գործող «Հայ դպրոց» շահույթ չհետապնդող հիմնադրամի համար տարին հոբելյանական է. լրանում է ստեղծման տասնհինգ տարին:

Աշխատանքները սկսելով 2003 թվականին՝ հիմնադրամը հավատարիմ է մնացել իր որդեգրած առաքելությանը. երեխաների կյանքում կարևորելով կրթության դերը՝ հարմարավետ, անվտանգ միջավայր ստեղծել և դասասենյակային նոր կահույքով, այլ պարագաներով ապահովել Հայաստանի և Արցախի նախևառաջ հեռավոր քաղաքների, սահմանամերձ գյուղերի դպրոցներին և աշակերտներին: Ծրագրում ընդգրկվել են նաև մերձակա մարզերը:

Հանրագումարի բերելով տասնհինգ տարիների կատարած աշխատանքը և իրականացրած ծրագրերը՝ «Հայ դպրոց»-ի հանրային կապերի պատասխանատու Մելինե Մելքոնյանը «Հայերն այսօր»ի հետ զրույցի ընթացքում ասաց, որ մինչև այժմ հիմնադրամն օգնել է ավելի քան 280 դպրոցի. շուրջ 24.000 աշակերտ ստացել է դպրոցական որակյալ կահույք՝ նոր, գունավոր, բազմաֆունկցիոնալ սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, գրապահարաններ և համակարգչային սեղաններ, կախիչներ, ուսուցիչների համար նախատեսած պարագաներ: Նախապատվությունը հիմնականում տալիս են ավելի անմխիթար վիճակում գտնվող հաստատություններին:

«Մենք համագործակցում ենք հայաստանյան և արտասահմանյան տարբեր կազմակերպությունների հետ: Հիմնադրամի հետագա աշխատանքները համակարգելուն մեծապես նպաստում են տարվա ընթացքում կազմակերպվող նկարների ցուցահանդեսները, ամանորյա միջոցառումները, ճաշկերույթները և այլ ձեռնարկները, որոնց արդյունքում կարողանում ենք դրամահավաք կազմակերպել»,-ասաց Մելինե Մելքոնյանը՝ հավելելով, որ տարիների ընթացքում նվիրատուների թիվն աճել է՝ իրենց գաղափարակից ընկերների, բարեկամների և տեղի հայ համայնքի վստահության շնորհիվ:

Հիմնադրամի հոբելյանական միջոցառումների շրջանակում պարահանդես է կազմակերպվել և հատուկ թողարկմամբ ամսագիր հրատարակվել, որտեղ ամփոփված են կյանքի կոչած ծրագրերը և շնորհավորական նամակները:

Ի դեպ, Հայաստանի բնակչության համար աշխատատեղեր (թեկուզ ժամանակավոր) ստեղծելու համար դպրոցներին տրամադրվող կահույքը Հայաստանում է պատրաստվում, որի միջոցով ընտանիքները կարողանում են լուծել կենցաղային խնդիրները:

«HALO Trust NK» կազմակերպության օգնությամբ Մելինե Մելքոնյանն այս անգամ նույնպես գնացել է Արցախի ականապատված գյուղեր՝ հագուստ բաժանելու նպատակով: Արդյունքում Լաչինի շրջանի գյուղերի 227 բնակիչ և Հադրութի շրջանի գյուղերի 138 բնակիչ օգտվել են բարեգործական նախաձեռնությունից:

«Մեր այցելություններից հետո գյուղացիների ոգևորությունը միանգամից նկատելի է դառնում: Նրանք հույսով են լցվում, հասկանում են, որ լքված չեն և իրենց աջակցող մարդիկ կան: Իսկ աշակերտներին ամեն անգամ ուրախությունից փայլող աչքերով տեսնելով՝ հոգիս խաղաղվում է, որ նրանց կարողացել ենք ժպիտ պարգևել»,-նշեց Մելինե Մելքոնյանը:

Զրույցի վերջում Մելինե Մելքոնյանը, շնորհավորելով «Հայ դպրոց» հիմնադրամի հոբելյանական՝ 15-րդ տարվա կապակցությամբ, մասնավորապես նշեց. «Հայաստան-Սփյուռք փոխգործակցության զարգացման ճանապարհին հիմնադրամի ամբողջ աշխատակազմին կանաչ ճանապարհ և հարատև գործունեություն եմ մաղթում: Հատկապես շնորհակալ ենք հիմնադրամի նախագահ Մոնեհ Տեր-Գրիգորյանին, որն իր  ազգանվեր աշխատանքով նպաստում է հայրենաշինության գործին:

Հավելենք, որ հիմնադրամի բացման գործում մեծ է պարսկահայ բարերար Լևոն Ահարոնյանի ավանդը: Նա հեռուստատեսությամբ տեղեկանալով Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի թիվ 136 դպրոցի հրդեհվելու մասին՝ որոշել է հովանավորել վերանորոգման աշխատանքները, նաև աջակցել  է Բնապահպանության թանգարանի շենքի  վերանորոգմանը: Ապա Լևոն Ահարոնյանը նկատել է՝ Հայաստանում անմխիթար վիճակում գտնվող այլ դպրոցներ էլ կան, որոնք նույնպես վերանորոգման կարիք ունեն: Այդ պատճառով դրամահավաքներ կազմակերպելու նպատակով սկսել է շրջել տարբեր երկրներով: Առաջին նվիրատվությունը եղել է Արագածոտնի մարզի Օշական գյուղի դպրոցին:

Գևորգ Չիչյան

 

 

 

 

 

Scroll Up