Ավստրալաբնակ Զոհրապ Բոյաջյանը ցանկանում է հայրենադարձվել

Զոհրապ Բոյաջյանը ծնվել է Լիբանանում: Նախնիներն Արևմտյան Հայաստանի Ուրֆա քաղաքից են: Հայոց ցեղասպանությունից փրկվելով՝ նրա ընտանիքը փախել է Սիրիա, ապա տեղափոխվել Լիբանան:

Զոհրապ Բոյաջյանը տասնվեց տարեկանից Քուվեյթում է ապրել՝ հորեղբոր մոտ, հետո տարբեր քաղաքներ գնացել, իսկ 1978 թվականին հաստատվել է Ավտրալիայում:

«Հայերն այսօր»-ի հետ զրույցի ընթացքում Զոհրապ Բոյաջյանն ասաց՝ ապրելով օտար միջավայրում, միշտ մտքով Հայաստանում է եղել և վերադառնալու ուղիներ որոնել:

Հետևելով սրտի ձայնին՝ 2009 թվականին առաջին անգամ Հայաստան է եկել, որից հետո այցելություններն ավելի հաճախակի են դարձել:

«Ավստրալիայում միշտ խոսում էինք Հայաստան գալու մասին: Ինը տարի առաջ առաջին անգամ եկա և միանգամից հավանեցի Հայրենիքս: Տարվա գրեթե կեսը Հայաստանում եմ լինում, իսկ երբ վերադառնում եմ Ավստրալիա՝ անհամբերությամբ եմ սպասում ոտքս կրկին մայր հողի վրա դնելուն»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Զոհրապ Բոյաջյանը՝ հավելելով, որ ցանկանում է իր վերադարձն ինքնանպատակ չլինի, այլև նպաստի հայաստանյան կյանքի զարգացմանը: Այս ուղղությամբ կապի մեջ է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների հետ՝ միասին քննարկելով հնարավոր նախագծերի իրականացման հարցերը:

Հայաստանում գտնվելու օրերին մեր զրուցակիցը շատ է սիրում շրջել գյուղերում, զրուցել գյուղացիների հետ՝ ծանոթանալով նրանց առօրյա  հոգսերին: Հատկապես թումանյանական Դսեղում է հաճախակի լինում՝ վայելելու գեղեցիկ բնությունն ու մաքուր օդը:

Զոհրապ Բոյաջյանն իր հնարավորությունների սահմանում բարեգործական նախաձեռնություններով է հանդես գալիս. մինչ այժմ դրամական աջակցություն է տրամադրել երկու գյուղերի մանկապարտեզի՝ սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ գնելու համար: Դսեղ գյուղում էլ մեկ անապահով ընտանիքի է օգնության ձեռք մեկնել:

Նման նախաձեռնողականության պատճառը մեկն է՝ նա խղճի առջև հանգիստ է զգում, ինչպես նաև հորդորում է բոլոր կարող ուժերին՝ իր քայլով քաջալերվել և այցելել մոռացված գյուղեր՝ նեցուկ լինելով  գյուղացիներին:

Այս տարվա այցելությունը Հայաստան Զոհրապ Բոյաջյանը դեռ երկար տարիներ է հիշելու, քանի որ այն համընկել է Թավշյա հեղափոխության բախտորոշ օրերի հետ: Նա էլ, մեկ բռունցք դարձած, դուրս է եկել փողոց, կանգնել հայրենակիցների կողքին՝ սպասելով հայ ժողովրդի արդար հաղթանակին:

«Հուսով եմ՝ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում, իսկապես, դրական մեծ փոփոխություններ կլինեն, մարդիկ առավել բարեկեցիկ կյանքով կապրեն և կստեղծվեն այնպիսի նպաստավոր պայմաններ, որ վերջնականապես կորոշեմ հայրենադարձվել»,-զրույցն ամփոփեց Զոհրապ Բոյաջյանը:

Գևորգ  Չիչյան

 

Scroll Up