Շնորհակալագրերի հանձնում «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին հյուրընկալած ընտանիքներին
Սեպտեմբերի 3-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին հյուրընկալած ընտանիքներին շնորհակալագրերի հանձման արարողությունը:
Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը շնորհակալագրեր հանձնեց Երևան քաղաքի շուրջ 90 հյուրընկալ ընտանիքների: Շնորհակալություն հայտնեց նրանց Սփյուռքից ժամանած երեխաներին ընդունելու, իրենց ընտանիքներում հյուրընկալելու, ջերմություն և սեր փոխանցելու համար:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև նախարարության գլխավոր քարտուղար Երեմ Սիմոնյանը, նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը և «Քայլ դեպի տուն» ծրագրի ղեկավար Հայկ Ենգիբարյանը:
Հյուրընկալ ընտանիքների շարքում էր նաև լեզվաբան Լավրենտի Միրզոյանը, ով իր տանը հյուրընկալել էր հինգ մասնակցի: Նա իր շնորհակալությունը հայտնեց Սփյուռքի նախարարությանը և հույս հայտնեց, որ այս ծրագիրը շարունակական բնույթ կկրի:
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը մեկնարկել էր օգոստոսի 10- ից 24-ը, որից տասն օրը երեխաները ապրեցին հյուրընկալ ընտանիքներում, իսկ մնացած երեք օրը անցկացրեցին ճամբարում: Ծրագրին մասնակցում էին Սփյուռքից ժամանած 13-21 տարեկան պատանիներ և աղջիկներ: