Ժանսեմ. աշխարհին պարզած գունագեղ անձնագիր

«Այնպես է լինում, որ թախծում եմ, սակայն իմ բնույթով վատատես չեմ, այլ ընդհակառակը: Բայց եթե խորանանք, ապա իմ մեջ խոր վիշտ կտեսնենք- այդ վիշտը կա ողջ հայ ժողովրդի սրտում»։

Ժանսեմ

 Օգոստոսի  27-ը  Ժանսեմի մահվան  օրն էր: Նա հայ ժողովրդի մնայուն արժեքների մի մասն է, նա մեզ հետ է այսօր, վաղը և ընդմիշտ:

…Այսպես, գրիչը ձեռքիս՝ երկար մտորում եմ, փորձում եմ մտքերս շարադրել յուրովի, այնպես, ինչպես գեղանկարիչ Ժանսեմի՝ Հովհաննես Սեմերջյանի նկարներն են: Երբ համացանցով տեղեկացա նրա կյանքի, ստեղծագործական աշխարհի մանրամասներին, հիացմունքս ու հուզմունքս շաղախվեց իմ ներաշխարհում, ինչպես նրա «Եղեռն» շարքի գույները:

Եղեռն… Հայոց սպանդ, կտավ առ կտավ ցավ ու մորմոք արտահայտող մեղեդու ներքո՝ իրարահաջորդ այդ սահմռկեցուցիչ տեսարաններն աշխարհին ուղղված բողոքի ու ցասման բաց, ճշմարիտ վկաներ են…

Ժանսեմը ծնվել է 1920թ. մարտի 9-ին, Թուրքիայի  Բուրսա քաղաքում։ Մանկությունն անցել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: 1931թ. ծնողների հետ տեղափոխվում է Ֆրանսիա, ուր բնակվում է մինչև կյանքի ավարտը՝ 2013 թվականի օգոստոսի 27-ը:

…Փարիզի 8-րդ թաղամասում, 18-AVENUE Matignon հասցեում է գտնվում ԺԱՆՍԵՄԻ պատկերասրահը: Այնտեղ միշտ մարդաշատ է, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներ, ֆրանսիացիներ հետաքրքրվում են նկարչի զարմանահրաշ կտավներով, ուր գերիշխում է սպիտակ գույնը: Երկրագնդի որ պատկերասրահում էլ նրանք լինեն, անկասկած, կառանձնանան իրենց լուսավոր գույներով, Ժանսեմի յուրահատուկ վրձնով՝ վրձին, որը դարձավ նրա կյանքի անբաժան ընկերը, հոգու գույները, հույզերն ու ապրումներն արտացոլող խորհրդանիշը…

…Մտնելով համացանց՝ www.Jansem հասցեով, յուրաքանչյուր մարդու առջև բացվում է Ժանսեմի այցեքարտը, նկարների ալբոմներից բացի, կա տեսաերիզ (DVD): Ահա այստեղ է, որ կրկին հարստանում ենք մեր յուրահատուկ մարդ տեսակով, որը աշխարհին է տվել՝ Նարեկացի, Կոմիտաս, Թորոս Ռոսլին, որոնց ժառանգներն են մեր բոլոր մեծերը…

Ես բախտ եմ ունեցել մի քանի անգամ հանդիպելու Ժանսեմին, հյուրընկալվել նրա բնակարանում: Առաջին անգամ ես նրան տեսա 2002 թվականին, իր պատկերասրահում: Ցուցահանդես էր, միաժամանակ՝ բարձրակարգ պաշտոնյաների հանդիպում: Նկատել էր, որ տեսախցիկով նկարահանումներ եմ անում, վերջում ինքս մոտեցա, ներկայացա և, առիթը բաց չթողնելով, միաժամանակ մի շարք հարցեր ուղղեցի, չնայած հոգնած էր, բայց շատ սիրալիր խոսեց, անգամ անդրադարձավ Հայաստանի քաղաքական ու մշակութային անցուդարձին, անկեղծ զրույց էր. և՛ ցավ կար, և՛ ափսոսանք, և՛ լավատեսություն: Երբ ասացի, որ այս զրույցը պետք է հրատարակվի, պատասխանեց. «Դրա համար չէ, որ խոսեցի, շատ հաճելի էր հայերեն խոսել: Մեր մայրենի լեզվով ես և՛ զրուցում էի, և՛ միաժամանակ ինքս ինձ համար քննություն հանձնում»: «Գերազանց հանձնեցիք»,-կատակով պատասխանեցի ես: Շատ ջերմ, լիաթոք ծիծաղով ավարտվեց մեր զրույցը, խոստացա, որ, իրոք, չի հրատարակվի, չնայած՝ հետաքրքիր, անկեղծ զրույց էր: Փոխանակեցինք մեր հասցեները, և ես այդ օրը «հարստացած», անմոռաց տպավորություններով՝ տուն վերադարձա…

2004 թվականի նոյեմբերին քանդակագործ Լևոն Թոքմաջյանի որդիները՝ Վահեն և Հայկը, ովքեր իրենց հորից ժառանգել են նրա արվեստը, ժամանել էին Փարիզ: Ես նրանց գիտեի, բայց երբեք չէի տեսել: Քանի որ այստեղ՝ օտար երկրում, բոլորս մի ընտանիք ենք, մեկս մյուսին զանգահարում, հետաքրքրվում ենք, թե ինչով կարող ենք օգտակար լինել այն մարդկանց, ովքեր ժամանել են Փարիզ՝ մասնագիտական հետաքրքրությունների համար: Այսպես, ինձ զանգահարում է Փարիզի հայկական ռադիոյի (AYP FM) տնօրեն Վարդան Գաբրիելյանը, ներկայացնում տղաներին՝ Վահեին և Հայկին: Ի դեպ, Վարդանին էլ զանգահարել էր ՀՕՄ-ի Փարիզի մասնաճյուղի նախագահ Հելեն Մերջանյանը, իսկ Հելեն Մերջանյանի հեռախոսի համարը տվել էր գրող, հրապարակախոս, ՀՕՄ-ի վարչության անդամ Ալվարդ Պետրոսյանը: Ասեմ, որ հպարտությամբ գրեցի այս տողերը, ինչո՞ւ, որովհետև հենց սրանով ենք մենք առանձնանում ուրիշ ազգերից, այ հենց սա´ է մեր տեսակը, իրար հասկանալու, իրար սատար կանգնելու, մանավանդ` մեր նեղ օրերին…

Առաջ անցնելով՝ ասեմ, որ Թոքմաջյաններ Վահեն և Հայկը հետաքրքրված էին Փարիզի տեսարժան վայրերով, թանգարաններով, պատկերասրահներով, մեծ ցանկություն ունեին հանդիպելու Ժանսեմին, բայց ինչպե՞ս՝ չէին պատկերացնում: Հենց այս թեմայի շուրջ խոսելու պահին՝ զանգահարեցի Ժանսեմին (մեր հանդիպումից ի վեր ունեինք բարեկամական լավ կապ. ուրախությամբ ասեմ, որ եթե որևէ միջոցառում էր լինում, հանդիպում կամ ցուցահանդես, խնամքով ինձ հրավիրատոմս էր ուղարկում, և ես սիրով մասնակցում էի), հեռախոսն ինքը վերցրեց: Ներկայացրի Վահե և Հայկ Թոքմաջյաններին, ասացի, որ ուզում են հանդիպել, սիրով ընդունեց իմ առաջարկը, և մենք մեկ օր անց գնացինք հանդիպման:

Ժանսեմը՝ շատ սիրելի, 84-ամյա Հովհաննես Սեմերջյանը, անձամբ բացեց դուռը՝ բարեհամբույր ժպիտով, աչքերի փայլուն արտահայտությամբ: Վահեն և Հայկն իրենց հետ բերել էին մի քանի աշխատանքներ: Ճանաչված նկարիչը երբ տեսավ քանդակները, ասաց, որ շատ յուրահատուկ գործեր են: Նրանցից մեկը նվիրեցին Վարպետին: Ընդունելով այդ նվերը՝ ասաց, որ եթե չհավաներ, չէր վերցնի և դրեց իր երբևէ ստացած նվերների կողքին, որոնցից յուրաքանչյուրն արվեստի գլուխգործոց էր…Մեզ համար անսպասելին այն էր, որ Ժանսեմն ինքն առաջարկեց այդ քանդակները տեղադրել Մատինյոնի՝ իր պատկերասրահի մի տեսանելի անկյունում, որպեսզի վաճառվի, այսինքն՝ տեսնելով, գնահատելով Վահեի և Հայկի ձեռքի այդ հրաշալիքները, փորձեց օգտակար լինել Հայրենիքից եկած տաղանդավոր երիտասարդներին:

…Այնուհետև եկավ Ժանսեմի աղջիկը՝ Ֆլորան, շատ հետաքրքիր զրույց սկսվեց, նա էլ արվեստի աշխարհի մարդ էր: Լուսանկարվեցինք, մեր հայկական կոնյակը բացեցինք. ուրախ, զվարթ երեկո էր, երևի թե յուրաքանչյուրիս համար մեր կյանքի տպավորիչ օրերից մեկը: Երեկոն իր հետաքրքիր գագաթնակետին հասավ այն պահին, երբ Ժանսեմը վերցրեց ջութակը և անթերի կատարեց Կոմիտասի ստեղծագործություններից… Անակնկալ, ուղղակի հրաշք… Ահա այսպիսին են մեծերը…

Եվ նրանցով է, որ մենք, իրոք, հպարտանում ենք:

Շնորհակալ լինենք երկնային, հրաշալի արարմանը, որը մեր ժողովրդին պարգևել է այսպիսի մարդիկ, ովքեր, ապրելով օտար երկրում, ոչ միայն պահպանել են իրենց ինքնությունը, այլև համաշխարհային ճանաչման են արժանացրել իրենց մի բուռ հայրենիքը, որը կոչվում է Հայաստան…

ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Փարիզ

Scroll Up