«Ծրագիրն ինձ տվեց հավատ առ այն, որ մենք՝ հայերս, մի միասնություն ենք». «Քայլ դեպի տուն» ծրագրի սիրիահայ մասնակից

ՀՀ սփյուռքի նախարարության «Քայլ դեպ տուն» ծրագրի ամենաակտիվ մասնակիցներից էր 18-ամյա սիրիահայ Հարություն Բոշկեզենյանը, որն աչքի էր ընկնում հետաքրքրասիրությամբ  ու հարցասիրությամբ: Հարությունի ընտանիքը Սիրիայի Դամասկոս քաղաքից Հայաստան է տեղափոխվել 2016 թ. դեկտեմբերին: «Մինչ այդ Հայաստանում երբեք չէի եղել, տեղափոխվելիս՝ մայրս առաջարկում էր այլ երկիր գնալ, ես պնդեցի, որ ուզում եմ այլևս հայրենիքում ապրել և կրթություն ստանալ»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Հարությունը՝ միաժամանակ պատմելով նաև  Դամասկոսի հայկական հզոր համայնքի, այնտեղ տիրող հայկական մթնոլորտի, եկեղեցիների, դպրոցի մասին: Հայրենիքից դուրս գտնվելով՝ երբեք հայկականությունից հեռու չի եղել, հաճախել է տեղի «Թարգմանչաց ճեմարան», իսկ տանը գործածվող միակ լեզուն հայերենն է եղել:

Հարությունն ընկերական շրջանում մեծ սեր ու հարգանք է վայելում, իսկ ծրագրին մասնակցում էր իր հինգ ընկերների հետ: «Այստեղ շատ նոր ընկերներ ձեռք բերեցի, որոնց կյանքում չեմ մոռանա, հույս ունեմ, որ իրենք էլ ինձ չեն մոռանա»,- հպարտորեն ասաց Հարությունը՝ ավելացնելով, որ հայերի հետ շփվելիս՝ իրեն լավ է զգում, անկախ նրանից, թե որտեղ է գտնվում:

Սիրիահայ երիտասարդը սիրում է զբաղվել սպորտով՝ վազում է, ֆուտբոլ խաղում, և երաժշտությամբ՝ շեփոր և թմբուկ է նվագում: Սիրած զբաղմունքներից է նաև խոհարարությունը: Նաև սովորել է բուժական մերսում, ասում է՝ բոլոր ճամբարականներն արդեն գիտեն իր մերսման հմտությունը:

Հարությունը հստակ է որոշել՝ այլևս չի ցանկանում Հայաստանից հեռանալ: Ուզում է ուսումը ստանալ հայրենիքում և նպաստել երկրի զարգացմանը: Արդեն համալսարանական Հարությունը նոր ուսումնական տարուց սովորելու է Եվրոպական համալսարանում, ուզում է դառնալ IT ծրագրավորող:

Իսկ այն հարցին, թե ի՞նչ տվեց իրեն ծրագիրը, Հարությունը հստակ պատասխանեց,- «Վստահություն ու հավատ առ այն, որ մենք՝ աշխարհի բոլոր հայերս, մի թիմ, մի միասնություն ենք, ունենք մի անուն և այդ անունն է ՀԱՅ»:

Ռուզաննա Ալեքսանյան

Scroll Up