«Ինձ «Քայլ դեպի տուն» բերեց Հայրենիքիս կարոտը». ծրագրի ջավախահայ մասնակից
Ելիզավետա Կոբելյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի ջավախահայ մասնակիցներից է: Վերջին անգամ տասմեկ տարի առաջ է Հայաստան եկել, այցելությունից հիշում է միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մոմ վառելն ու եկեղեցու բակում շրջելը: Նա համակարգչի մոտ նստելու փոխարեն մտահորիզոնը զարգացնելու համար նախընտրում է գիրք կարդալ և մաքուր օդում զբոսնել:
«Պետք է խոստովանեմ, որ շատ եմ ուզում Հայաստան վերադառնալ, կրթությունս այստեղ շարունակել՝ իմ գիտելիքներն օգտագործելով հայրենիքիս զարգացման համար: Հուսով եմ՝ ծնողներս կհամաձայնեն, և շուտով կբռնենք տունդարձի ճանապարհը»,-«Հայերն այսօր»-ին պատմեց Ելիզավետան՝ ընդգծելով, որ ամուր կապված է հայրենի հողին, այստեղ իրեն ամեն ինչ հարազատ են, հատկապես՝ բարեհամբույր մարդիկ:
Ելիզավետան հայերին բնութագրում է իբրև խիզախ, անկեղծ, տաղանդավոր ժողովորդի, ովքեր միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնելու դիմացինին:
Նա երազում է դերասանուհի դառնալ, մասնագիտական ընտրություն կատարել է՝ ոգեշնչվելով տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի ու մերօրյա դերասաններից Հայկ Պետրոսյանի խաղերով:
«Ինձ «Քայլ դեպի տուն» բերեց Հայրենիքիս կարոտը: Երբ գալիս էի ծրագրին մասնակցելու, շատ էի ուզում մեկ հարկի տակ միայն հայերեն խոսող երեխաներ տեսնել, քանի որ հայերենն ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ լեզուն է: Այդպես էլ եղավ, որի համար ուրախ եմ»,-զրույցն ամփոփեց Ելիզավետան:
Գևորգ Չիչյան