Սփյուռքից ժամանած «Երազանք» և «Աստղիկներ» երգչախմբերը մասնակցեցին հոբելյանական համերգին

Հուլիսի 26-ին Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռքի հայ համայնքների մշակութային օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Էստոնիայի Տալլին քաղաքի «Երազանք» և Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքի «Աստղիկներ» երգչախմբերի համերգը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի 2800-ամյակին:

Համերգին ներկա էին ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը, «Արի տուն» ծրագրի անցումային փուլի մասնակիցներ, հյուրեր:

Համերգային ծրագիրը բացեց «Երազանք» երգչախումբը՝ Հռիփսիմե Խրիմյանի «Բարև» և «Ծիրանի երգ» կատարումներով:

Երգչախմբերը հանդես եկան նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Կոստանտին Օրբելյանի, Ստեփան Լուսիկյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների կատարումներով:

Համերգը եզրափակվեց «Էրեբունի–Երևան»  երգի միասնական կատարմամբ:

Scroll Up