«Տանս դռները միշտ բաց են սփյուռքահայ երիտասարդների առջև». հյուրընկալ ընտանիք

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակչուհի Լիլիթ Առաքելյանը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագրի շրջանակներում արդեն 10 տարի իր տանն է հյուրընկալում Սփյուռքից ժամանած պատանիներին ու աղջիկներին:

Վրաստանից, Փարիզից, Աբխազիայից, Մոսկվայից, Հոլանդիայից և այլ քաղաքներից ու երկրներից տիկին Լիլիթի տանն են ապրել 13 աղջիկ ու տղա՝ արժանանալով նրա գրկաբաց ընդունելությանն ու մայրական քնքշանքին: Այս տարի հյուրընկալել է Փարիզից ժամանած Իլոնային և Լորային, որոնց հետ արդեն մտերմացել է, իսկ Վարդավառի տոնը ջերմ մթնոլորտում նշել են Սևանում:

Լիլիթ Առաքելյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց, որ բոլորն էլ շատ խելացի, կայտառ, դաստիարակված ու հայրենասեր երեխաներ են եղել: Գրեթե բոլորի հետ բարեկամացել են, մինչև հիմա համացանցի կամ հեռախոսի միջոցով շփվում են՝ վերապրելով միասին անցկացրած օրերը: Հատկապես սերտ կապի մեջ են Հոլանդիայից Տաթևիկի և Աբխազիայից Սերգեյի հետ:

Սերգեյը՝ մասնակցելով «Արի տուն» ծրագրին, այնքան է ոգևորվել անցկացրած օրերից, որ որոշել է տեղափոխվել Հայաստան: Կրթություն է ստացել Երանի բժշկական համալսարանում և այժմ աշխատում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում:

«Իմ տանը հյուրընկալած երիտասարդներին այնպես եմ վերաբերվել, որ երբեք օտարություն չեն զգացել: Ծրագրով նախատեսված շրջագայություններից տուն վերադառնալով՝ հանգստանալուց հետո միասին հայկական ավանդական ուտեստներն էինք պատրաստում և զրուցում իրենց տպավորությունների մասին: Հանգստյան օրերն էլ հագեցած էին անցնում. երեկոները զբոսանքի էինք դուրս գալիս և լավ ժամանակ անցկացնում»,-ասաց Լենա Կարապետյանը՝ հավելելով, որ աղջիկներին քուֆթա պատրաստել է սովորեցրել:

Լիլիթ Առաքելյանը վստահեցրեց, որ հետագայում ևս շարունակելու է իր տան դռները սիրով բացել սփյուռքահայ երիտասարդների առջև, քանի որ այդ միջոցով նրանք ծանոթանում են հայկական ընտանիքների նիստուկացին, սովորույթներին, չեն մոռանում հայերենը և կապվում են իրենց Հայրենիքին:

Գևորգ Չիչյան

Scroll Up