Սիրիահայ Սևան-Հանեշյան-Պետուրյանի հոգու թռիչքը բանաստեղծություն է դարձել

Սիրիահայ երիտասարդ բանաստեղծ Սևան Հանեշյան-Պետուրյանը ծնվել է Քեսաբում: Ավարտել է Լաթաքիայի համալսարանի տնտեսագիտության բաժինը: Երկամյա ծրագրով Հալեպում հայագիտություն է ուսումնասիրել:

Սևանի ամուսինը՝ Տեր Գարեգին քահանա Պետուրյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան թեմի Սուրբ Քառասնից Մանկաց եկեղեցու հոգևոր հովիվն է, և դա է պատճառը, որ նրանք այժմ ԱՄՆ-ում են ապրում: Սակայն Քեսաբի և Հայաստանի հետ կապը երբեք չեն խզել: Այս անգամ նույնպես նրանք Հայաստան էին եկել՝ շրջելու տեսարժան, պատմամշակութային վայրերով և նոր հրատարակած գիրքը ներկայացնելու Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին: Վերջինս, ջերմ ընդունելության արժանացնելով երիտասարդ գրողին և բարձր գնահատելով գրքի լույս ընծայումը, նրան առաջարկել է Հայաստանում գրքի շնորհանդես կազմակերպել:

Հունիսի 15-ին Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել Սևան Հանեշյան-Պետուրյանի «Արեգակնատենչ հորիզոններ» բանաստեղծությունների առաջին ժողովածուի շնորհանդեսը:

Գիրքը բաժանված է 10 մասի, որտեղ բանաստեղծն արտացոլել է իր հոգու թռիչքը, երազները, մտորումներն ու հույզերը, որոնք բացահայտում են գրողի ստեղծագործական ներաշխարհը: Նա բանաստեղծությունների միջոցով արտահայտում է նաև իր սերը ծննդավայր Քեսաբի հանդեպ, վերհուշի տեսքով ներկայացնում է դրվագներ մանկությունից և պատանեկությունից:

Հետևելով արմատների կանչին՝ Սևանն ամուսնու հետ ուխտագնացության է մեկնել Արևմտյան Հայաստան, եղել են Անիում, Վանում, տեսել են Սիսի Կաթողիկոսարանի, Մշո Սուրբ Առաքելոց և մյուս վանքերի ավերակները, որոնցից ստացված տպավորություների հիման վրա բանաստեղծություններ է գրել:

«Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, բայց շատ եմ սիրել հայոց լեզուն, հայագիտությունը, քանի որ գիտակցում եմ՝ Սփյուռքում լեզուն ազգային ինքնության պահպանման հիմքն է:Այդ միտքն ինձ առաջ մղեց՝ գիրքը հրատարակելուն»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Սևան Հանեշյան-Պետուրյանը՝ հավելելով, որ Կալիֆորնիայում՝ իր երեխաները հայկական դպրոց են հաճախում, իսկ տանը միայն հայերեն են խոսում: Գրքի շնորհանդեսը նախատեսվում է նաև Քեսապում և ԱՄՆ-ում:

Սևան Հանեշյան-Պետուրյանի բանաստեղծությունները լույս են տեսել Սիրիայում և Լիբանանում հրատարակվող բազմաթիվ թերթերում: Հայաստանում նրա բանաստեղծությունները տպագրվել են «Գարուն» և «Նարցիս» հանդեսներում:

Գևորգ Չիչյան

 

Scroll Up