Հայուհու՝ հայկական փլավի բաղադրատոմսն ամենաճանաչված ապրանքանիշն է ԱՄՆ-ում

Փայլածո Կապտանյանի կյանքը ԱՄՆ-ում շատերին է հայտնի. 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհին, անցնելով աքսորի տանջալից ճանապարհով, հայտնվում է ԱՄՆ-ում, վերգտնում իր ընտանիքն ու դառնում Ամերիկայի ամենահայտնի՝«Բրինձ վերմիշելով» բաղադրատոմսի հեղինակը:

Փայլածո Կապտանյանի՝ մինչև 1915 թվականի կյանքի մասին քիչ բան է հայտնի: Ծնվել է 1882 թվականին, ստսցել է եվրոպական փայլուն կրթություն, Ցեղասպանության տարիներին ամուսնու մահից հետո իր երեք երեխաներին հանձնում է Օսմանյան կայսրությունից փախչող հույն ընտանիքին, իսկ ինքը հազարավոր հայերի հետ հայտնվում սիրական անապատում:

Փայլածոն դարձավ այն քչերից մեկը, որին հաջողվեց է անապատից հասնել Հալեպ, որտեղից և արտագաղթել Ամերիկա՝ իր զավակներին փնտրելու:

Ամբողջ պատմությունը, որը տեղի է ունեցել Փայլածոյի հետ հայ ժողովրդի համար ողբերգական ժամանակաշրջանում, նկարագրված է նրա ֆրանսերեն «Արտաքսվածի հուշեր» («Mémoires D’une Déportée», 1919 թվական) գրքում, որը հիմք է ծառայել հրեական ծագմամբ լեհ և ամերիկացի իրավաբան, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ և Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հեղինակ Ռաֆայել Լեմկինի հետազոտությունների համար:

Գտնելով  իր զավակներին՝ Փայլածոն 1920-ական թվականներին հաստատվում է Նյու Յորքում, որտեղ սկսում է դերձակ աշխատել ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի առանձնատանը:

Արդեն 1940-ական թվականներին Կապտանյան ընտանիքը տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո (Կալիֆորնիա): Այնտեղ Փայլածոն ծանոթանում է իտալա-ամերիկյան ծագմամբ, Դե Դոմենիկո ազգանվամբ ճանաչված ձեռնարկատիրոջ որդիների հետ, որը «Golden Grain» մակարոնեղենի ընկերության սեփանկանատերն էր:

Փայլածոն, որն այդ ժամանակ արդեն 70 տարեկան էր, իտալացի ընտանիքին սովորեցրեց ոչ միայն պատրաստել հայկական խոհանոցի տարբեր կերակրատեսակներ, այլև նրանց հետ կիսվեց իր՝ «Հայկական փլավ վերմիշելով» բաղադրատոմսով, որը «Rice-A-Roni» անունով դարձավ ԱՄՆ-ի ամենաճանաչված ապրանքանիշը կիսաֆաբրիկատների շուկայում:

Կապտանյանը մահացել է 1968 թվականին: Աքսորի ճանապարհի մասին նրա գրած օրագիրն այսօր թարգմանվել է աշխարհի մի շարք լեզուներով, իսկ հայկական փլավի բաղադրատոմսն արդեն 60 տարի համարվում է ամենանապահանջվածը ԱՄՆ-ում:

Scroll Up