Մայրենիի տոնին ընդառաջ.«Հայերենը մշակութային մեծ արժեք է, այն զարմանալի ճկուն և հզոր լեզու է». Հովհաննես Զաքարյան

Շատ է խոսվում հայոց լեզվին առնչվող խնդիրների մասին, լեզուն անաղարտ պահելու համար առաջարկվում են տարբեր միջոցներ, որոնցից առավել կարևորվում է այդ հարցն իրավական հարթակ տանելը, պետական մակարդակով լուծումներ տալը, սակայն շարունակաբար զարգացող ու շերտավորվող հայոց լեզուն հատկապես՝ խոսակցական ոճում, այնուամենայնիվ, շարունակում է աղավաղվել, հաճախ էլ՝ ոտնահարվել… Մայրենիի օրն այս առումով ինչ-որ տեղ զգոնության կոչ է, հոգատարության, սիրո, տոն, որը, ցավոք, ավարտվում է օրվա շրջանակներում…Մինչդեռ Մայրենին հա՛ցն է մեր հանապազօրյա, բանաստեղծի բառերով ասած՝ «սուրբ հացը մեր  սեղանի»: Մեր լեզուն պահպանողները մե՛նք պետք է լինենք, մեր հասարակությունը: Այս և նման այլ հարցերի շուրջ էլ ընթացավ իմ զրույցը բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Տաթև» գիտակրթական համալիրի լեզվաբանության բաժանմունքի ղեկավար Հովհաննես Զաքարյանի հետ:

 -Պարո՛ն Զաքարյան, Դուք երկար տարիներ լեզվաբանության բնագավառում եք, մշտապես առնչվում եք լեզվի խնդիրներին. ներկայացրե՛ք, խնդրեմ, հայոց լեզվի արդի վիճակին առնչվող Ձեր դիտարկումները:

Մեր նախնիներից մենք զարգացած, կատարյալ լեզու ենք ժառանգել: Սակայն եթե լեզուն կենդանի է, բնականաբար, անընդհատ փոխվում է, ըստ  ժամանակի պահանջի՝ ձգտում հարմարվելու հասարակության ու տեխնոլոգիաների արդի զարգացումներին: Հայախոս հանրության և հատկապես մասնագետների խնդիրն է՝ ընդունել նետված մարտահրավերները և առանց հապաղելու՝ հոգալ մեր լեզվի առջև ծառացող կարիքները: Այլապես լեզուների մրցավազքում հայերենը այնքան հետ կընկնի, որ դուրս կմնա պայքարից:

Մեզ հաջողվում է համեմատաբար մաքուր պահել մեր լեզուն, զարգացնել, կատարելագործել այնքան, որ նույնիսկ օտար հայագետները երբեմն զարմանում են, թե ինչպես է, որ հայերենն այդքան կատարյալ է: Սակայն դա խնդրի մի կողմն է: Լեզուն միայն կառուցվածքը չէ, այլև` գործառույթը, կիրառությունը: Եթե լեզուն չգործածվի, կմեռնի: Իսկ գործառության առումով մենք շատ խնդիրներ, բացեր, թերացումներ ունենք, որի համար պատասխանատու են թե՛ հանրությունը, թե՛ պետական համապատասխան մարմինները, հոգևոր իշխանությունները, մեր մտավորակությունը, որոնք մի տեսակ անտարբեր են:

Երբ հետ ենք նայում, տեսնում ենք, որ պետականություն չունեցած ժամանակներում մեր լեզվի համար երբեմն ավելի շատ բան է արվել, հնարավորությունների համեմատ ավելի շատ ջանքեր են գործադրվել, քան՝ այսօր… Թվում է, թե ներկայումս այդ առումով խնդիրներ չպետք է ունենայինք: Պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձվեր լեզվին, ավելի շատ միջոցներ տրամադրեին լեզվական խնդիրների լուծման համար: Սակայն այսօր ազգային լեզվին ու մշակույթին տրամադրվող պետական ու հանրային ուշադրությունը վիրավորվելու աստիճան փոքր է: Դրա հետևանքով մեր մշակույթն ու լեզուն բավարար չափով ասպարեզ ու հեղինակություն չունեն, հանրության աչքին կարևորված չեն: Դա հետևանք է նաև արտաքին ազդակների ու ճնշումների: Ի վերջո, մենք մշակութային մեծ պատերազմների մեջ ենք: Հզորներից ով կարողանում է, Հայաստան է բերում իր մշակույթը, տարբեր հնարքներով պարտադրում մեզ, գայթակղում, որ սովորենք իրենց լեզուները, նվիրվենք իրենց մշակույթին: Սա հոգեորսության մի տեսակ է, և մեր հայրենակիցներից շատերը, այսպես ասած, «դասալիք» են դառնում, ամբողջ հոգով ու մարմնով նվիրվում են օտարի մշակույթին, անցնում անգլախոսության, ռուսախոսության՝ հենց Հայաստանում ապրելով:

Մենք պայքարելու շատ առիթներ ունենք. լեզուն պետք է համակողմանի գործածես, պետք է հետևես նրա կիրառությանը, որ զարգանա: Այսօր համացանցում հայերենը պետք է լիարժեք ներդրվի ու կիրառվի, որպեսզի մարդիկ կարողանան հայերենով իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ, կրթվել, գործարարությամբ զբաղվել, զվարճանալ ու հաղորդակցվել և ստիպված չլինեն ռուսալեզու, անգլալեզու կայքեր այցելելու: Ցավոք, մենք այսօր դեռ բավականաչափ մոտ չենք այդպիսի հեռանկարին: Ճիշտ է, անհատների, հասարակական կազմակերպությունների ջանքերով զգալի գործ է արվում այդ ուղղությամբ, սակայն պետության աջակցության խիստ կարիքը կա: Մի օրինակ բերեմ. «Ռադիոյի և հեռուստատեսության մասին» օրենքի համաձայն՝ եթերում վաղուց պետք է օտարալեզու կինոնկարներ, մուլտիպլիկացիոն ֆիլմեր չցուցադրվեին, ժամկետներ էին սահմանված, որ դրանք աստիճանաբար նվազեին և, ի վերջո, վերանային: Սակայն ժամկետը դեռ չլրացած՝ իշխանություններ, չգիտես ինչու, այդ օրենքը փոխեցին և օտար լեզվի սահմանափակումը հանեցին: Այժմ միայն Հանրային հեռուստաընկերությունն է հետևում, որ իր հեռարձակած ֆիլմերը լինեն հայերեն թարգմանված: Մյուսները միայն հնդկական ու լատինաամերիկյան սերիալներն են թարգմանում: Բայց ֆիլմերի հայերեն կրկնօրինակումը խիստ կարևոր խնդիր է: Մեր աչքի առաջ մեծանում են, օրինակ, միայն ռուսերեն ֆիլմերով սնվող ու դրանցից ռուսերեն սովորող հայ երեխաներ, որոնք խորթանում են մեր մշակույթին ու լեզվին, արդեն վերևից են նայում հայերենին ու հայախոսներին, չեն ուզում հայերեն խոսել, պատրաստ են հրաժարվելու իրենց ազգությունից, հայրենիքից… Մեկ այլ օրինակ է այն, որ մեր իշխանությունները ժամանակին չմտածեցին ու օրենսդրորեն չպահանջեցին, որ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում (համացանցում, բջջային ցանցում) պարտադիր ապահովվի հայերենի կիրառության հնարավորությունը: Դրա պատճառով տարածվեց հայերենի լատինատառ ու սլավոնատառ գրությունը, որի դեմն առնելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ: Այժմ արտասահմանյան ընկերությունները մեր փոխարեն ու մեզ համար հայերենն իրենց հաշվին ներդնում են բջջային ցանցում, համակարգջային ծրագրերում, բայց մեր իշխանությունները չեն նպաստում, որ այդ հնարավորություններն օգտագործվեն, որ պետական հիմնարկներում, օրինակ, հայերեն «Ուինդոուզ» կիրառվի, շուկայում միայն հայերենացվող հեռախոսներ վաճառվեն…

-Չե՞ք կարծում, որ Մայրենիի օրը շատ ավելի մեծ՝ համահայկական տոնախմբության պետք է վերածել, առավել կարևորել ու նշանակալի դարձնել:

– Իհարկե, օրինակ՝ Սուրբ Սարգսի տոնի համար շարունակ գովազդ է արվում հեռուստատեսությամբ, քաղաքի տարբեր հատվածներում գովազդային պաստառներ են փակցվում, իսկ Մայրենիի տոնի առիթով նույնը չեք տեսնի: Մայրենիի համար այդքան ջանքեր չեն գործադրվում, գումարներ չեն ծախսվում: Մինչդեռ Մայրենիի տոնն առավել կարևոր է: Մայրենին ազգային արժեք է:

-Գաղտնիք չէ, որ հայոց լեզուն այսօր աղավաղվում է ամենուր՝ փողոցում, տանը, կենցաղում, հեռուստաեթերում… պայքարի ի՞նչ միջոցներ կառաջարկեք:

-Եկեք շատ ցավով չնայենք այդ աղավաղում ասածին. եթե լեզուն կենդանի է, գործածվում է բոլոր խավերի կողմից, բոլոր ոլորտներում ու ամեն մի հնարավոր իրավիճակում, ուրեմն, ոչ միայն անխաթար,այլև աղավաղված տեսք էլ պետք է ունենա՝ նայած որ ոլորտում ու իրավիճակում, ինչպես ու ինչ չափով…Ցանկացած երկրում, ցանկացած կենդանի լեզվի պարագայում կան լեզվական աղավաղումներ: Աղավաղված լեզու եթե չլինի, գրականն էլ չի լինի: Գրականը բարձրանում է ոչ  միայն գրականի հիմքի վրա: Վերցնենք Մեծ Բրիտանիան, որտեղ, թվում է, համատարած պետք է լիներ դասական, անխառն, մաքուր, ստանդարտ անգլերենը, բայց այդպես չէ: Ամենուր այս կամ այն չափով աղավաղված անգլերենն է, բարբառներ, ժարգոններ… Անխաթար անգլերեն միայն ուսումնական հաստատություններում կգտնես, մասամբ էլ՝ եթերում: Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ էլ չեմ ասում: Ժամանակին այնտեղ անգլերենի հատուկենտ ընտիր գիտակներից մեկը Լևոն-Զավեն Սյուրմելյանն էր, իսկ անգլոսաքսերի մեջ այդպիսի գիտակ գրեթե չկար:

Բնական է, որ հասարակ ժողովուրդը պետք է աղավաղի լեզուն: Մենք միշտ որպես համեմատության եզր նկատի ենք ունենում գրական լեզուն, նրա կատարյալ դրսևորումը, սակայն լեզվի կատարելատիպը կա միայն դասագրքերում, որոշ՝ առանձնապես կիրթ անհատների գլխում, մտքում, նույնիսկ՝ ոչ կենցաղում, որովհետև նույն այդ անհատները, որքան էլ լավ տիրապետեն լեզվին, կարող է տանը արտահայտվեն առօրյա-խոսակցական ոճով, իսկ փողոցում՝ հնարավոր է նաև ժարգոնով: Բնական է, այդպես էլ պետք է լինի: Լեզվի բոլոր տարբերակներն էլ գոյության իրավունք ունեն, ամեն մեկն՝ իր տեղում:

Մեզ համար կարևորն այն է, որ կատարելատիպի հասցված հայերեն ունենանք՝ որպես գրական լեզվի չափանիշ և իմանանք, թե խոսքային որ իրավիճակում ինչպիսի հայերենով խոսենք: Ինչ վերաբերում է եթերում փողոցային հայերենի գործածությանը, ես դա համարում եմ չտեսության ու գռեհկության հետևանք և կարծում եմ, որ ժամանակի հետ կնվազի, կանցնի: Ցավալին այն է, որ միայն հայկական արտադրության ֆիլմաշարերում է տեղ գտնում փողոցային հայերենը: Իսկ օտարալեզու սերիալները, բարեբախտաբար, թարգմանվում են մաքուր, գրական, գրեթե անխաթար հայերենով: Թվում է, թե այդ ֆիլմերի հերոսները՝ հասարակ խավի մարդիկ, գողեր ու խարդախներ, պետք է խոսեին ժարգոնով, սակայն այդպես չէ: Եվ ուրախալին ու հուսադրողն այն է, որ նրանց շուրթերից գրական հայերենը կեղծ չի հնչում: Մեր բեմագրիչներն ու բեմադրիչներն էլ պիտի վերջապես հասկանան, որ փողոցային լեզուն կինոնկարը դարձնում է ոչ թե բնական, այլ՝ գռեհիկ, ցածրաճաշակ ու տգեղ: Եթե նրանց նպատակը արվեստի գործ ստեղծելն է, ուրեմն կյանքի այլանդակությունները էկրան պետք է հանեն ոչ թե նույնությամբ, այլ գեղագիտական մշակման ենթարկելուց հետո: Գեղագիտական չափանիշերը տարածվում են նաև լեզվի, խոսքի վրա: Կինոն, թատրոնը՝ որպես արվեստ, ենթադրում են պայմանականություններ, որոնցից մեկն էլ այն է, որ բոլոր գործող անձինք խոսում են շատ ավելի գրական լեզվով, քան իրական կյանքում: Թույլատրելի են միայն որոշ ոճավորումներ բարբառից, ժարգոնից և այլն:

-Պարո՛ն Զաքարյան, վերջին տարիներին արևմտահայերենի հարցով մտահոգված մարդկանց թիվն ավելացել է. վախ կա այն կորցնելու, այդպե՞ս է…

– Այո՛, կա: Արևմտահայերենի կիրառության ասպարեզն է աստիճանաբար նվազում: Դա ունի երկու պատճառ: Նախ՝, Սփյուռքի մեր ավանդական գաղթօջախները թուլանում, փոքրաթիվ են դառնում: Հայերի ձուլման և լեզվական ուծացման հետևանքով արևմտահայերենի կրողների ու կիրառողների թիվը նվազում է՝ տարբեր գաղթավայրերում տարբեր արագությամբ: Մերձավոր Արևելքի որոշ հայահոծ գաղթավայրեր էլ քայքայվում կամ լքվում են պատերազմների, ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության ու անհանդուրժողականության հետևանքով: Երկրորդ պատճառը հայրենալքությունն է: Հայաստանից հայերը գնում են ու իրենց հետ արտահանում արևելահայերենը: Սփյուռքում տեղի է ունենում մեր լեզվի երկու ճյուղերի միախառնում ու մրցակցություն, որից ավելի շատ տուժում է արևմտահայերենը:

-Արևմտահայերենը չկորցնելու որոշակի ի՞նչ միջոցներ կառաջարկեք:

-Արևմտահայերենը Հայաստանում չէ, որ պետք է գոյատևի. դրա համար չկան անհրաժեշտ նախադրյալներ: Հիշենք, որ շատ տասնամյակներ առաջ, երբ Արևմտյան Հայաստանից եկան գաղթականները, ապա Սփյուռքից՝ հայրենադարձները, նրանք արևմտահայերենի կրողներ էին, սակայն նրանց երկրորդ, երրորդ սերունդները թեև գիտեին արևմտահայարեն, սակայն ընտանիքից դուրս գործածում էին արևելահայերենը: Այդ լեզվական ձուլումն անխուսափելի էր: Այսինքն՝ արևմտահայերենը հնարավոր է պահպանել ի՛ր միջավայրում, մեր այն գաղթավայրերում, որոնց բնակիչներն ավանդաբար արևմտահայերենի կրողներ են… Բայց տեսնում ենք, թե ինչ պատուհասներ են գալիս այդ գաղթօջախների գլխին: Իսկապես, արևմտահայերենի վրա սև ամպեր են կախված: Այնուամենայնիվ, պետք է ամեն գնով շարունակել հայապահպան գործունեությունը: Մեր երկիրը պետք է այնքան ուժեղ, ազդեցիկ դարձնենք, որ Սփյուռքի մեր հայրենակիցները ցանկանան հայ մնալ, ձգտեն պահպանելու իրենց լեզուն ու մշակույթը, հպարտանան իրենց ազգային ինքնությամբ ու արժեքներով, հայ ազգի բարգավաճման ու ազգային կորուստների վերականգնման հեռանկար տեսնեն:

-Պարո՛ն Զաքարյան, Հայաստանում արևմտահայերենը պահելու, սովորելու անհրաժեշտություն, այնուամենայնիվ, կա. դպրոցում աշակերտներն անցնում են արևմտահայ գրականություն, կարդում, անգիր են անում արևմտահայ գրողների գործերը և հաճախ՝ առանց կարգին հասկանալու. հետևություն, որ դպրոցական ծրագրերում պետք է անպայման ներառել նաև արևմտահայերենի ուսուցումը. համամի՞տ եք:

Անշուշտ, համամիտ եմ: Դպրոցական ծրագրերում ու դասագրքերում որոշ չափով կան արևմտահայերենի ուսուցման տարրեր, դրանց համար նախատեսված է մի քանի դաս: Սովորաբար, եթե ուսուցիչը տիրապետում է այդ գիտելիքներին, նախատեսված դասաժամերի ընթացքում մատուցում է աշակերտներին, եթե չի տիրապետում, շրջանցում է: Սակայն անգամ դպրոցում լիարժեք անցնելու դեպքում արևմտահայերենը Հայաստանում չի կենդանանա: Դա ընդամենը կօգնի արևմտահայ ու սփյուռքահայ գրողների գործերը կարդալուն ու հասկանալուն, սփյուռքահայերի հետ ավելի ազատ հաղորդակցվելուն:

Փորձենք հասնել այն բանին, որ վերջին տարիներին ներգաղթած սիրիահայերին ոչ մի պարագայում չնեղացնենք արևմտահայերեն խոսելու համար:

-Մեր պետական լեզուն հայերենն է. ուրեմն, ինչո՞ւ են պատկան մարմինները թույլ տալիս ամենուր՝ խանութների, գրասենյակների և այլ հաստատությունների համար տեղադրել միայն անգլերենով կամ նաև հայերենատառ անգլերենով ցուցանակներ. ովքե՞ր և ի՞նչ լիազորություններ ունեն այդ հարցում:

-Օրենքը պահանջում է, որ ցուցանակները, գովազդերը, ապրանքապիտակները և հրապարակային այլ գրություններ նախ և առաջ պետք հայերեն լինեն, ցանկության կամ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ լեզուներով, բայց ավելի փոքր ու պակաս աչքի ընկնող: Օրենքում, ցավոք, չկա հրապարակային գրությունների ձևավորման ու տեղադրման կարգը: Դա պարտավոր են մշակել, հաստատել ու կիրառել ՀՀ կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները: Տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանը լեզվի տեսչության մեծ ջանքերի գնով հատուկ կարգ սահմանեց, թե ինչպես պետք է ձևավորվեն ու տեղադրվեն ցուցանակները: Բայց ամեն մի նոր քաղաքապետ իր պաշտոնավարման ժամանակ չեղյալ է համարում մինչ այդ եղած որոշումների մեծ մասը, և լեզվի տեսչությունը հարկադրված պետք է ամեն անգամ կրկներ այդ ջանքերը, երբեմն էլ՝ ապարդյուն: Միայն օտարագիր ցուցանակների համար նախատեսված են նաև տուգանքներ դատական կարգով, որոնց իրականացումը ծանր գործընթաց է. պետք է ստուգայց կազմակերպել, դատական հայց ներկայացնել, դատական լսումների մասնակցել, հասնել արդար վճռի կայացմանը: Դրա լիազորություններն ունի Լեզվի պետական տեսչությունը՝ քանի դեռ կա…Բայց հայտնի է, թե վերջերս ինչ խառնաշփոթ էր տեսչության լինել-չլինելու հարցի շուրջ:

– Մեր հարցազրույցների ժամանակ սովորաբար մե՛նք ենք մաղթանքներ հղում մեր հյուրերին, սակայն այս դեպքում ցանկալի կլինի լսել հայոց լեզվին, մեր մայրենիին հղված Ձե՛ր մաղթանքը:

-Հայերենը ազգային ու մշակութային մեծ արժեք է, նա զարմանալի ճկուն ու հզոր է, ունի հետագա զարգացման մեծ ներուժ: Մենք՝ հայերս, պետք է հասու լինենք Աստվածային այդպիսի շնորհի տերը լինելու խորհրդին և կարողանանք մեր լեզվի արժանավայել կրողները լինել: Մաղթում եմ, որ հայ ժողովուրդն ի վիճակի լինի գնահատելու այդ մեծ հարստությունը և արժանի լինի դրան:

-Շնորհակալությու՛ն, պարո՛ն Զաքարյան, հավատանք, որ մեր Մայրենին, բանաստեղծի բառերով ասած՝ մեր մեծ երթի գավազանակիրը բոլոր ժամանակներում կլինի սերունդների, ժողովրդի, պետության ուշադրության ու հոգածության կենտրոնում:

Հարցազրույցը վարեց Կարինե Ավագյանը

Scroll Up