Իրանահայ գործարարի՝ «FindMe.am»-ն առաջին հայկական բիզնես հարթակը

Հարմիկ Մանասերյանը ծագումով իրանահայ է: Նա ծնվել է Թավրիզում, իսկ այժմ ապրում է Հայաստանում: Նա 2012 թվականին Երևանում հիմնադրված «Հարմիկ Մոթորս» ընկերության սեփականատերն է: Ընկերությունը մասնագիտացել է շարժիչի դետալների ողորկման, ինչպես նաև հղկիչ մեքենաների արտադրության և վաճառքի մեջ:

Ըստ` Հարմիկ Մանասերյանի ընկերության առաքելությունն է գործընկերների և հաճախորդների հետ փոխշահավետ համագործակցության համար ամուր հենարան ստեղծել և տրամադրել որակյալ արտադրանքներ ու ծառայություններ:

Ընկերությանը հաջողվել է վերջերս ստեղծել «findme.am» կայքը, որի մանրամասնությունները պարզեցինք ընկերության սեփականատիրոջ հետ զրույցում:

 – Պարոն Մանասերյան, ի՞նչ է իրենից ներկայացնում «FindMe.amե կայքը:

– «FindMe.am»-ն նպատակաուղղված է միավորել հայ մասնագետներին և արվեստագետներին ողջ աշխարհի հայ գործարարների հետ, որտեղ կմիավորվեն և՛ Հայաստանում և՛ Հայաստանից դուրս բնակվող հայերը` ստեղծելով մեծ բիզնես ընտանիք, որոնք կհամագործակցեն, կամ պարզապես կօգտվեն միմյանց ծառայություններից: Այն հանդիսանում է տեղեկատվական-կոմունիկացիոն հարթակ, որը հնարավորություն է ընձեռում կայքից օգտվողներին աշխարհի յուրաքանչյուր կետում և ցանկացած ժամանակ ստեղծել բիզնես կապեր:

Ինչպե՞ս է աշխատում կայքը:

– «Findme»-ում հնարավոր է որոնումներ իրականացնել երեք ձևով, որոնք են բանալի բառերը, աշխարհագրական դիրքը և ընդհանուր շահերի որոնման մեթոդը: Առաջինի դեպքում պետք է մուտքագրել բանալի բառերը, օրինակ մուտքագրեք «կոշիկ» բառը և կստանաք հայ կոշկակարների ցանկը ողջ աշխարհում: Աշխարհագրական դիրքով որոնում իրականացնելու համար հարկավոր է ընտրել պահանջված վայրը և տրամադրել համապատասխան բանալի բառերը: Օրինակ` «Ավստրիա-Վիեննա-բժիշկ» և կստանաք բոլոր հայ բժիշկների ցանկը Վիեննայում: Ընդհանուր շահերի միջոցով որոնելու համար էլ հնարավոր է մուտքագրել բանալի բառեր: Եթե փնտրում էք հայ բիզնես գործընկերներ, ապա կարող էք ներկայացնել ձեր բիզնեսը այն օգտատերերին, որոնց շահերը համապատասխանում են ձեզ:

Ովքե՞ր են կարող դառնալ կայքի օգտատերերը, արդյո՞ք կան սահմանափակումներ:

– Այո, սահմանափակումներ կան. կայքի օգտատեր կարող են դառնալ միայն ազգությամբ և ծագումով հայ անձինք, ինչը հավաստելու համար, կայքի ադմինիստրացիան կարող է պահանջել համապատասխան փաստաթղթեր: Կայքում գործում է նաև գնային քաղաքականություն` մեկ հայտարարությունն երեք տարով տեղադրելու համար օգտատերը վճարում է 60 դոլար:

 – Պարոն Մանասերյան, հայկական Սփյուռքն էական ներուժ պարունակող ռեսուրս է, որի կարևորությունը հատկապես ընդգծվում ե գլոբալիզացիայի, ինչպես նաև սոցիալական ու տեխնոլոգիական աննախադեպ վերափոխումների ներկայիս համատեքստում, իսկ ո՞րն է «FindMe»-ի դերը հենց այս գործընթացում:

– Բանն այն է, որ կայքը համարվում է առաջին համահայկական բիզնես հարթակն, որը հնարավորություն է ընձեռում գտնել աշխարհում սփռված մեր հայրենակիցներին և ստանալ տեղեկություններ նրանց գործունեության մասին, այն, մեծ ներուժ ունի դառնալու հենց այս համատեքստի լրացուցիչ մասնիկներից մեկը, ինչը կարող է համահայկական շուկայական հարաբերությունների խորացման ու արմատավորման գործընթացում խթանող օղակ հանդիսանալ:

Դե ինչ, սիրելի գործարարներ արդեն կարող էք դառնալ իրանահա գործարարի հիմնադրած համահայկական բիզնես ընտանիքի անդամ, տեղեկացնել մյուսներին ձեր աշխատանքի մասին համագործակցելով ստեղծարար և հետաքրքիր հայերի հետ ողջ աշխարհում:

 Զրույցը` ՍՅՈՒՆԵ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ

Scroll Up