Մաժակ Թոշիկյանի նոր ստեղծագործությունը՝ «Սասունցիների պարը»

Թուրքիայում ծնված ու մեծացած կանադաբնակ երաժշտական պրոդյուսեր, երգահան Մաժակ Թոշիկյանը (Թուրքիայում հայտնի՝ Չենք Թաչքան անունով) երեք տասնյակ հայկական երգերի հեղինակ է, որոնցից առաջինը  գրվել է Հովհաննես Շիրազի «Նամակ» բանաստեղծության հիման վրա, և այն հնչեցրել է ճանաչված երգչուհի Սիպիլը: Հայրենիքից հեռու բնակվող մեր տաղանդավոր հայրենակիցն իր իսկ խոստովանությամբ ՝ մինչև Հայրենիք այցելելն  իր կարոտը Հայաստանից  այդ երգերով է առել…

Մաժակ Թոշիկյանն այսօր էլ ապրում է  Հայրենիքից հեռու, սակայն  այն այլևս երազ չէ  տաղանդավոր երաժշտի համար, այլ՝ իրական  մի հեքիաթ, որի գույներից  ու արևի ջերմությունից, պատմության հերոսական  էջերից  ծնունդ են առնում նոր գործեր. դրանցից մեկն էլ վերջերս գրած  Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» ստեղծագործության համար գրված երաժշտությունն է:

«Այս ծրագիրը մի քանի տարի առաջ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն էր ինձ առաջարկել: Սկսեցի աշխատել, և գրեթե մեկ տարի անց ստեղծագործությունն արդեն պատրաստ էր:

Հիսնամյա իմ փորձառությամբ, մանրակրկիտ աշխատանքով՝ ձեռնարկեցի այս մեծ ծրագիրը: Այսքան տարի ոչ ոք փորձ չէր արել այս շատ տպավորիչ գործը երաժշտության վերածել, ուրախ եմ, որ այդ բախտն ինձ վիճակվեց: Այժմ իմ ամենակարևոր երազանքն է՝ «Սասունցիների պարը» արժանավայել ներկայացնել Հայաստանում և Սփյուռքում»,- «Հայերն այսօրի»-ի հետ զրույցում ասաց Մաժակ Թոշիկյանը:

Ստեղծագործությունը գրված է Epic-Cinematic Sound ժանրում, որն ինչպես նշեց Մաժակ Թոշիկյանը, ընդունելի է ո´չ միայն հայերի կողմից, այլև շատ գործածելի է աշխարհում:

«Նվագախմբի, երգչախմբի, ավանդական նվագարանների կատարողների և  մեներգիչների բաժինները՝ որպես playback, պետք է ներառվեն ստեղծագործության մեջ: Հասկանալի է, որ եթե քառասունից ավելի պարախումբ, ութսունից ավելի երգչախումբ-նվագախումբ մեկտեղվեն մեկ բեմում՝ խճողումն անխուսափելի կլինի, միաժամանակ այսպիսի բազմամարդ խմբից լավագույն ձայնային արդյունք ստանալը բավականին ծախսատար կլինի»,-նշեց Մաժակ Թոշիկյանը:

Երգահանը հավելեց, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, քաջատեղյակ լինելով ծրագրին, առաջարկել է 2018 թվականի սեպտեմբերին ստեղծագործությունը հնչեցնել Հայաստանում՝ նկատի առնելով, որ սեպտեմբերի 21-ին նշվում է Հայաստանի Անկախության տոնը: «Նկատի ունենալով այս հանգամանքը, այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստեղծագործության առաջնախաղը կկայանա սեպտեմբերին՝  Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում: Հուսով եմ, ներկայացումների շարքը կձգվի մինչև Պոլիս, Նյու Յորք, Բոստոն, Մոնրեալ, Տորոնտո, Լոս Անջելես, Փարիզ և այլ քաղաքներ: Այս առիթով ուզում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ով պատրաստակամություն հայտնեց աջակցել նախագծին»,-ասաց ստեղծագործության հեղինակը:

Զրույցի վերջում Մաժակ Թոշիկյանը հավելեց, որ «Սասունցիների պարը» ստեղծագործության խորեոգրաֆը և պարախմբի ղեկավարը Արման Ջուլհակյանն է (Երևան), նախագծին մասնակցելու են «Փարոս» կամերային երգչախումբը (Երևան, խմբավար Րաֆֆի Միքայելյան), ավանդական նվագարանների կատարողներ, իսկ որպես մեներգիչ՝ հանդես կգա Գոհար Հովհաննիսյանը (Երևան):

Scroll Up